Գիտահետազոտական ինստիտուտի առաքելությունը ոչ թե տնտեսության, այլ գիտական խնդիրներ լուծելն է. Տ.Դովլաթյան

 

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը հիմնադրվել է 1980թ.-ին Երևանում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի ջանքերով: Այն ՀՀ ԳԱԱ-ի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ինստիտուտներից է, որը երկար տարիներ բազմաթիվ աշխատանքներ է կատարել հիմնարար հետազոտությունների այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են՝

· կոնդենսացված միջավայրերի ֆիզիկան,

· ակուստիկան,

· ակուստաֆիզիկան,

· պլազմայի ֆիզիկան,

· նյութագիտությունը և գիտական սարքաշինությունը:

Ինստիտուտի կազմու գործում են Մեղրիում, Կապանում, Ստեփանակերտում և Տոմսկում տեղակայված լաբորատորիաները: Ինստիտուտում իրենց գործունեությունն են ծավալում ավելի քան 150 գիտաշխատողներ, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ-ի մեկ ակադեմիկոս, մեկ թղթակից անդամ, 16 գիտության դոկտորներ և 42 գիտության թեկնածուներ:

Ինստիտուտում հիմնարար հետազոտությունների արդյունքների հիման վրա ձևավորվել է նոր գիտական ուղղություն՝ ակուստաֆիզիկան: Ֆիզիկայի այս բոլորովին նոր ուղղությունն ուսումնասիրում է ակուստիկ դաշտերի առկայության պայմաններում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները:

Ինստիտուտում կատարված հիմնարար հետազոտությունների արդյունքում մշակվել և ստեղծվել են գիտատար սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են կոնդենսացված վիճակի ֆիզիկայում, միջուկային ֆիզիկայում, ակուստիկայում, սեյսմալոգիայում, ջերմաֆիզիկայում և այլ բնագավառներում:

1980-ական թվականներից ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են պարբերական “Մոդուլյացիոն մյոսբաուէրյան սպեկտրասկոպիա” և “Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ” միջազգային գիտաժողովները, որոնք տեղի են ունեցել Երևանում, Սևանում և Մեղրիում: Այսօր էլ, շարունակելով ավանդույթը, ինստիտուտի ներկայիս տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ,պրոֆեսոր Արտակ Մկրտչյանի նախաձեռնությամբ վերսկսվելով 2009թ.-ից դրանք տեղի են ունենում երկու տարի պարբերականությամբ:

Իսկ թե ինչով է այսօր զբաղվում ինստիտուտը, ինչ խնդիրներ և առաջընթաց ունի և ինչ դերակատարում է դրանում ունեցել Կառավարության փոփոխությունը՝ այս մասին զրուցում ենք ՖԿՊԻ-ի Ընդհանուր հարցերով փոխտնօրեն Տիգրան Դովլաթյանի հետ. «Փոփոխությունները զգալու համար դեռևս շուտ է, դրանք նոր են եղել, իսկ մինչ այդ կանոնադրությամբ թույլատրված չէր, որ ՊՈԱԿ-ները զբաղվեն արտադրական գործունեությամբ: Ունենք նախկինում կատարած աշխատանքներ, որոնց արդյունքներն այսօր հնարավոր է կիրառել կենցաղում և տեխնիկայում, արտադրության մեջ, բայց դրա համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ, որի աղբյուրներն առայժմ պարզ չեն: Այդ առիթով ինստիտուտում ստեղծվել է մասնագիտական խումբ, որը զբաղվում է ստացված արդյունքների առևտրայնացման գործով՝  փորձելով տնտեսագիտական տեսանկյունից գրագետ ձևով ներկայացնել թիրախավորված ներդրողներին: Կառավարությունն ասում է՝ «արեք», բայց ինչո՞վ «անենք»: Գիտության ֆինանսավորման մոտ 80 տոկոսից ավելին գնում է աշխատավարձերին, որն իրենից շատ չնչին գումար է ներկայացնում, իսկ մնացածը բավարարում է կոմունալ և այլ մանր ծախսերի համար: Անգամ սարքավորումներ գնելու համար գումարներ չեն մնում: Այդ հարցերը հիմնականում կարգավորում ենք մեր միջազգային համատեղ լաբորատորիաների միջոցով: Ունենք հայ-ռուսական, հայ-իտալական, հայ-բելոռուսական լաբորատորիաներ: Համատեղ աշխատում ենք, Տոմսկի պոլիտեխնիկական, Կուրչատովի և այլ ինստիտուտների հետ: Մի խոսքով համագործակցում ենք արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ և այն խնդիրները, որոնք հնարավոր չեն լուծել տեղում՝ զուտ տեխնիկական պատճառներով, աշխատում ենք կարգավորել համատեղ ուժերով: Բացի այդ, ունենք մասնագիտական լավ խմբեր, որոնց հետ ինստիտուտին անհրաժեշտ որոշակի սարքերի և սարքավորումների նախագծման ու ստեղծման աշխատանքներ ենք կատարում, որն ավելի մատչելի է: Ինստիտուտում կատարված հիմնարար հետազոտությունների արդյունքում մշակվել և ստեղծվել են գիտական սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են պինդ մարմնի ֆիզիկայում, միջուկային ֆիզիկայում, ակուստիկայում, սեյսմոլոգիայում, ջերմաֆիզիկայում և այլ բնագավառներում: Դրանցից նշենք` գամմա-ակուստիկ սպեկտրոմետրը (ԳԱՍ-1), ժամանակային գամմա-ակուստիկ սպեկտրոմետրը (ԳԱՍ-2), ակուստառենտգենյան մոդուլյատորը, նոր տիպի ռեզիստիվ կոմպոզիցիոն նյութերի հիման վրա ստեղծված տարբեր տիպի տաքացուցիչներ, ջերմային ճառագայթման ընդունիչներ (մմ, սմ և դմ երկարությամբ ալիքների տիրույթներում), ռենտգենյան տիրույթի ճառագայթման համար ‹‹օպտիկական›› էլեմենտներ (ոսպնյակներ, հայելիներ, մոդուլյատորներ և այլն), իոնիզացնող ճառագայթման գերզգայուն արագագործ գրանցիչներ, ակուստապլազմային լամպեր, հեղուկ բյուրեղների բազայի վրա խոնավաչափեր և այլն»:

Հայաստանյան գիտության բնագավառում երիտասարդ գիտաշխատողների բացակայությունը համարվում է գերխնդիրներից մեկը, որի պատճառները գլխավորապես ցածր աշխատավարձերն ու արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմանների բացակայությունն են: Այս առումով ինստիտուտում ևս խնդիրներ կան, սակայն, ինչպես փաստում է Տ. Դովլաթյանը, մշտապես քայլեր են ձեռնարկվում դրանք հնարավորինս շտկելու ուղղությամբ. ‹‹Ցածր աշխատավարձի խնդիրը, բնական է, միշտ կա: Իհարկե, կան երիտասարդներ, որ ինչ-որ չափով ապահովված են, հնարավորություն ունեն գիտությամբ զբաղվելու առանց աշխատավարձի մասին մտածելու և մեծ սիրով են աշխատում, բայց միևնույնն է, ամեն դեպքում, մարդն աշխատում է, ուզում է գնահատված լինել և գիտական արդյունքը ստանալուց զատ դա պետք է արտահայտվի ֆինանսապես: Կան նաև երիտասարդներ, ովքեր կարողանում են գիտությունը համատեղել այլ աշխատանքի հետ: Նշեմ նաև, որ ֆիզիկայի ֆակուլտետի երրորդ կուրսից սկսած արդեն ուսանողներ ենք ընդգրկում գիտական աշխատանքերին, որպեսզի նրանց մեջ դեռևս ուսանողական տարիներից սկսած հետաքրքրություն առաջանա դեպի գիտությունը, բացի այդ՝ կես դրույքով աշխատանքի ենք ընդունում, որն իրենց օգնում է ինքնուրույն վճարել ուսման վարձը կամ լուծել այլ խնդիր, ծանոթանում են ինստիտուտի աշխատանքներին, աշխատակիցներին, մտնում են կոլեկտիվ, հետո էլ շարունակում աշխատել այստեղ: Դրսից էլ ենք երիտասարդներ հրավիրում մեզ մոտ, որը նաև փորձի փոխանակման հնարավորություն է տալիս, մերոնց ենք գործուղում որոշ ինստիտուտներ, մի խոսքով՝ նմանատիպ միջոցառումներ ենք իրականացնում՝ գիտությունը «երիտասարդացնելու» համար, չնայած որ, համեմատած այլ ինստիտուտների հետ, մեզ մոտ երիտասարդ գիտաշխատողներն ավելի շատ են:

Խոսելով ֆինանսական խնդիրների մասին՝ «Գնումների մասին» օրենքի մասով կուզեի ավելացնել, որ իմ կարծիքով, գնումների համար նախատեսված փոքր ֆինանսավորում ունեցող հիմնարկի համար դա ավելի մեծ ֆինանսական և ժամանակի ծախս է, քան պարզ գնումներ կատարելը, քանի որ նոր մասնագետներ պետք է ընդունել աշխատանքի, որոնք այդ ամենը կկատարեն:

Անդրադառնալով մեր գիտական գործունեությանը նշեմ, որ ավանդական գիտաժողովներ ենք ունեցել դեռևս Խորհրդային միության տարիներին՝ մեր հարավային դարպասը համարվող Մեղրիում: Չնաշխարհիկ բնություն ունեցող այս օրրանը կարծես կտրված լինի աշխարհից, Երևանից բավականին հեռու է, մեղրեցիներն էլ շատ լավ մարդիկ են՝ հյուրասեր, բարի, անկեղծ, մեծ ոգևորությամբ են ընդունում հյուրերին: Այն հիմնականում կազմակերպվում է աշնանը՝ մրգի եռուն սեզոնին: Հյուրերը համտեսում են մեր երկրի բարիքները և շատ լավ տպավորություններով հեռանում այստեղից, որը ոչ պակաս կարևոր է: Ֆինասնական խնդիրների պատճառով չենք կարողանում ամեն տարի կազմակերպել, բայց երկու տարին մեկ անգամ պարտադիր իրականացնում ենք: Այս տարի հոկտեմբերի երկրորդ կեսին է նախատեսված անցկացնել մեր ավանդական գիտաժողովը, որտեղ մեծ թվով գիտնականներ են մասնակցելու տարբեր երկրներից: Ամեն անգամ անց ենք կացնում նաև «Երիտասարդ գիտնականների դպրոց», որը թույլ է տալիս երիտասարդ գիտնականներին և ուսանողներին ծանոթանալ և շփվել անվանի գիտնականների հետ, իսկ հետագայում ավելի արդյունավետ մասնակցել այլ գիտաժողովներին»,-նշեց ինստիտուտի փոխտնօրենը:

«Հիմա մի քիչ շատ են խոսում կիրառական գիտության մասին: Մեր ինստիտուտի անվանումը՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ՝ կիրառական խնդիրներ լուծելու ինստիտուտ չէ, մենք հիմնականում, ավելի շատ զբաղվում ենք հիմնարար, քան կիրառական գիտությամբ, որը, գիտության տեսանկյունից, մի քիչ անընդունելի է, որովհետև գիտնականն, ըստ իս, հայտնագործություն է անում իր գաղափարով, ոչ թե թելադրանքով: Ամենապարզ օրինակներից մեկը բերեմ՝ երբ Գալվանին հայտնաբերել է էլեկտրական հոսանքի աղբյուրը իր մտքով չի էլ անցել, որ դրանով հնարավոր է լինելու լուսավորություն ստեղծել: Այսինքն՝ գիտնականներին պետք է մի քիչ հնարավորություն տրվի, որ լավ արդյունքներ ստանան, իսկ ստացված արդյունքներն էլ հետագայում աշխատենք կիրառել տնտեսության կամ այլ բնագավառներում, ոչ թե հակառակը: Ճիշտ է մեր ինստիտուտը ունի բավական մեծ պոտենցիալ և կարող է զբաղվել պետության կողմից առաջադրվող ռազմավարական որոշ խնդիրներ լուծելով, սակայն գիտահետազոտական ինստիտուտի առաքելությունը ոչ թե տնտեսության, այլ գիտական խնդիրներ լուծելն է»,-այս կերպ ավարտեց մեզ հետ իր բովանդակալից զրույցը Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Տիգրան Դովլաթյանը:

Հավելենք նաև, որ այս տարի նշվեց Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի 80 ամյակը, որին ներկա էին հայտնի գիտնականներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ, ՌԴ- ի տարբեր քաղաքների քաղաքապետեր, որտեղ Ա.Մկրտչյանն աշխատել է և որպես պատվավոր քաղաքացի վայելել բոլորի սերն ու հարգանքը: Այս կապակցությամբ նաև Ալպիկ Մկրտչյանին նվիրված ֆիլմ է նկարահանվել և ցուցադրվել Հ3 հեռուստաալիքի «Հաջողության գրավականը» հաղորդաշարում: Ֆիլմը բաղկացած է երկու մասից. մեկը՝ ակադեմիկոսի կյանքի, անձի մասին, իսկ մյուսը՝ «Ալպիկ Մկրտչյանը և ինստիտուտը»: Բավականին հետաքրքիր ֆիլմ էր, որը բուռն արձագանքներ ստացավ դիտողների կողմից:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գիտահետազոտական ինստիտուտի առաքելությունը ոչ թե տնտեսության, այլ գիտական խնդիրներ լուծելն է. Տ.Դովլաթյան"

Leave a comment

Your email address will not be published.


*