Երեխաներին ծեծել եւ ստիպել էր փող մուրալ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ երեք երեխայի շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչը՝ ծնված 2000թ., համագյուղացի երեք անչափահաս երեխաներին՝ ծնված 2003, 2007 եւ 2008 թ.թ., շահագործելու նպատակով, խաբեությամբ՝ ճոճոնակ նստելու եւ զվարճանալու պատրվակով, 2016թ. ամռանը Մուսալեռ գյուղից տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածք եւ պահանջել օդանավակայանի ավտոկայանատեղիում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ գումար հավաքել ու տալ իրեն: Երեխաները մերժել են, որից հետո 17-ամյա տղան նրանց նկատմամբ բռնություն է գործադրել՝ ծեծել, ու ստիպել զբաղվել մուրացկանությամբ, իսկ ինքը որոշակի տարածությունից հսկել է նրանց: Ընդ որում՝ երեխաներից մեկը տառապել է «Իզոլացված էպիլեպսիա» հիվանդությամբ։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ այդ ընթացքում անչափահաս երեխաները օդանավակայանի տարածքում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ ստացել են թղթադրամներ ու մետաղադրամներ, որոնք, 17-ամյա տղայի ցուցումով, կուտակել են նրանցից մեկի մոտ: Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո երեխաները մոտեցել են 17-ամյա տղային, հանձնել նրան մուրացկանությամբ հավաքված ողջ գումարը: Հավաստիանալու համար, որ նրանց մոտ այլ գումար չի մնացել վերջինս ստուգել է երեխաների գրպանները, որից հետո հավաքված գումարից չնչին մաս տվել է երեխաներին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով երկու կամ ավելի երեխաների շահագործումը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երեխաներին ծեծել եւ ստիպել էր փող մուրալ"

Leave a comment

Your email address will not be published.


*