ԴԱՀԿ աշխատակիցները մեղադրվել են իրենց լիազորությունները չարաշահելու համար. բնակարան վաճառելու գործ

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ եւ բազմակողմանի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակիցներ Ֆելիքս Պողոսյանն ու Էդվարդ Իսկանդարյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից:

ՀՔԾ-ից հայտնում են, որ քննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան եւ Նոր-Նորքի բաժնի հարկադիր կատարող Ֆելիքս Պողոսյանի վարույթում գտնվող արգելադրված բնակարանի` 2013թ.-ի փետրվարի 19-ին կայացած հարկադիր աճուրդում հաղթող է ճանաչվել Կորյուն Բունիաթյանը, ով նույն օրն ամբողջությամբ վճարել է լոտի գնման արժեքը` 412.000 ՀՀ դրամ: Ֆ. Պողոսյանը պարտավոր է եղել աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, վերջինիս հետ կնքել առուվաճառքի պայմանագիր: Սակայն Ֆ.Պողոսյանն անտեսել է այդ կապակցությամբ Կ. Բունիաթյանի ներկայացրած օրինական պահանջը եւ, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, տարբեր անհիմն պատճառաբանություններով ձգձգել եւ վերջինիս հետ չի ստորագրել կայացած աճուրդի արձանագրությունն ու բնակարանի առուվաճառքի մասին պայմանագիրը: Այնուհետեւ` երեք օրն անցնելուց հետո, առանց օրենքով սահմանված հիմքի, ապօրինի որոշում է կայացրել կրկնակի հարկադիր աճուրդ նշանակելու մասին, որին մասնակցել եւ հաղթել է մեկ այլ անձ:

Նախաքնության ժամանակ պարզվել է նաեւ, որ Կ.Բունիաթյանը աճուրդի արձանագրությունն ու առուվաճառքի պայմանագիրը ստորագրելու համար միաժամանակ դիմել է  Էդվարդ Իսկանդարյանին, ով այդ ժամանակ զբաղեցրել է ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան եւ Նոր-Նորքի բաժնի պետի պաշտոնը: Վերջինս, սակայն, անտեսել է քաղաքացու դիմումը: Ավելին` իր եւ Ֆ. Պողոսյանի աշխատանքում առկա թերություններն ու բացթողումները թաքցնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բաժնի պետ Է. Իսկանդարյանը չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ միջոցներ չի ձեռնարկել հարկադիր կատարողի կայացրած ապօրինի որոշումը վերացնելու ուղղությամբ:

Քննությամբ հիմնավորվել է, որ ԴԱՀԿ աշխատակիցներն իրենց գործողություններով էական վնաս են պատճառել ինչպես Կորյուն Բունիաթյանի իրավունքներին ու օրինական շահերին, այնպես էլ պետության օրինական շահերին: Մասնավորապես, այս ամենի հետեւանքով հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը, խաթարվել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման եւ կատարման օրինական գործընթացը, Կ.Բունիաթյանն էլ զրկվել է աճուրդով ձեռք բերված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու իրական հնարավորությունից: Բացի այդ, պետությանը պատճառվել է գույքային վնաս, այն է՝ դատարանի վճռի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ստիպված է եղել Կորյուն Բունիաթյանին վերադարձնել աճուրդին մասնակցելու համար նրա մուծած կանխավճարի կրկնապատիկը:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար Էդվարդ Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ  Ֆելիքս Պողոսյանին` 309 հոդվածի 1-ին մասով, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԴԱՀԿ աշխատակիցները մեղադրվել են իրենց լիազորությունները չարաշահելու համար. բնակարան վաճառելու գործ"

Leave a comment

Your email address will not be published.


*