Ադանայում դպրոցականների հանրակացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ ձերբակալվել է հանրակացարանի տնօրենը

Ներկայիս Թուրքիայի Ադանա քաղաքում տեղի ունեցած և 11 երեխայի կյանք խլած հրդեհն ու դեպքի հետ կապված լուրերը շարունակում են ցնցել երկիրը:

Հիշեցնենք, որ գիշերն Ադանայում դպրոցականների հանրակացարանում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 11 աշակերտուհի և հանրակացարանի 1 աշխատակից, ևս 22 երեխա վիրավոր է:

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում է նաև հանրակացարանի տնօրենը: Ի դեպ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տնօրենի 4-ամյա դուստրը նույնպես այրվել է հրդեհի ընթացքում: Այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Պարբերականը նաև փոխանցում է, որ ըստ նախնական վարկածի` հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել ընդամենը մեկ օր առաջ փոխված էլեկտրական հաշվիչի խափանումը:

Նշենք, որ Ադանայի Ալադաղ շրջանում հրդեհի հետևանքով մահացած 11 երեխաներից 8-ի մարմինները հայտնաբերվել են արտաքին հրշեջ սանդուղքի մոտ, ևս 3 դպրոցական այրվել է հանրակացարանի երկրորդ հարկում:

Մահացած աղջիկները, որոնք հիմնականում եղել են 12-13 տարեկան, չեն կարողացել փրկվել, քանի որ հրդեհի բռնկման պահին շտապել են դեպի սանդուղքը, սակայն վթարային ելքի համար նախատեսված դուռը ներսից փակ է եղել, ինչի հետևանքով երեխաներն այրվել են:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադանայում դպրոցականների հանրակացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ ձերբակալվել է հանրակացարանի տնօրենը"

Leave a comment

Your email address will not be published.


*