
«Վաղարշապատն ընտրում է» շարքի շրջանակներում շարունակում ենք ներկայացնել Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝ ծանոթացնելով նրանց ծրագրերին և առաջնահերթություններին:
Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Ժառանգություն» կուսակցությունը: Կուսակցության ընտրացուցակը գլխավորում է նախկին բարձրաստիճան զինվորական, փոխգնդապետ Արկադի Փայտյանը, իսկ երկրորդ համարում է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը:
Ցուցակը գլխավորող Արկադի Փայտյանը մեր զրուցակիցն էր, ում հետ զրույցը ներկայացնում ենք ստորև։
Պարոն Փայտյան, քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։ Կպատմե՞ք, թե ինչ ձևաչափով եք իրականացնում քարոզարշավը, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները՝ մարդկանց ակտիվության, հետաքրքրվածության առումով։ Եվ, համեմատելով մյուս քաղաքական ուժերի գործունեության հետ, ինչպե՞ս կգնահատեք Ձեր թիմի շանսերն այս փուլում։
Քարոզարշավի մեկնարկից ի վեր մենք ակտիվ մասնակցություն ենք ապահովում տարբեր ձևաչափով՝ սոցիալական կայքերով, քայլերթերով, տուն առ տուն հանդիպումներով և այլն։ Ժողովուրդն առայժմ դրական արձագանք է ցուցաբերում, բայց վերջնական արդյունքները կտեսնենք ընտրություններից հետո: Կան նաև բողոքներ, առաջարկներ. Վաղարշապատ խոշորացված համայնքը՝ իր 18 գյուղերով և Էջմիածին քաղաքով, ունի տարբեր խնդիրներ, և յուրաքանչյուրի հարցն առանձնահատուկ է։ Մենք ամեն ինչ լսում ենք և փորձում մեր ծրագրերով, համապարփակ քայլերով ներկայացնել ժողովրդին, որ եկել ենք գործելու՝ ոչ միայն խոսելու համար։ Նախկին 7 տարիների ընթացքում, չնայած որոշ աշխատանքներ կատարվել են, բայց դրանք շատ քիչ են, և հնարավորությունները լիովին չեն օգտագործվել, իսկ մենք եկել ենք ասելու, որ ամենն անելու ենք՝ ժողովրդին ծառայելով թափանցիկ ձևով։
Շանսեր ունենք, բայց սա այնպիսի մրցավազք է, որը կարող է տարբեր «նյուանսներ» ունենալ, և դրանցից մի մասը չենք կարող կանխատեսել:
Ինչպե՞ս կգնահատեք մրցակցիների միջև պայքարը, հատկապես, երբ մամուլում և սոցիալական տարբեր հարթակներում որոշ ուժեր փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, մեղմ ասած, «ցեխ շպրտում» միմյանց վրա:
Մենք ցեխ շպրտելով չենք զբաղվում և որևէ անձնական մեղադրանք չենք հնչեցնում, քանի որ դա անընդունելի է։ Մենք մտել ենք արդար պայքարի մեջ, բայց պայմանները նկատելիորեն անարդար են։ Ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն, սակայն քարոզարշավային տեխնիկական գործընթացների ամենակարևոր բաղադրիչներից մեկի՝ պաստառների փակցման, տեղադրման տարածքների հավասարաչափ բաշխման հնարավորություն, փաստացի, տրված չէ։ Գործող իշխանությունը, ըստ մեր դիտարկումների, Էջմիածնի քաղաքապետարանի համապատասխան ռեսուրսներն օգտագործում է միայն մեկ թեկնածուի աջակցության ուղղությամբ։ Մինչդեռ Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի հավասար հիմունքներով։
Եթե նկատել եք, Զվարթնոցից մինչև Էջմիածին հատվածում փակցված է միայն գործող ՔՊ թեկնածուի՝ Արգիշտի Մեխակյանի 54 պաստառ՝ ընդամենը 1 կիլոմետր 200 մետրի վրա։ Էլ չենք խոսում գյուղերի մասին, որտեղ դրանք տեղադրված են գրեթե բոլոր հատվածներում՝ օրենքի խախտումներով։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կուսակցություններն ու թեկնածուներն իրավունք ունեն հավասար պայմաններով և անարգել տարածել պաստառներ, թերթիկներ ու քարոզչական այլ տպագիր նյութեր։ Հիմա եթե պարզապես դուրս գանք շտաբից, անմիջապես կտեսնենք՝ ամբողջ տարածքում միայն 7 համարի պաստառներ են փակցված։ Կամ՝ այն տարածքներում, որտեղ մեկ քառակուսի մետրի վրա կարող են տեղադրվել մինչև չորս կուսակցության պաստառներ, տեղադրված են բացառապես Արգիշտի Մեխակյանինը։ Դա կոպիտ խախտում է և մեծ անարդարություն։ Մենք չենք ասում՝ չփակցնեն, բայց եթե հնարավորություն է տրվում, ապա այն պետք է տրվի բոլորին՝ հավասար հիմունքներով։
Պարոն Փայտյան, Դուք անկուսակցական եք, սակայն գլխավորում եք ցուցակի առաջին համարը։ Ինչո՞վ է պայմանավորված հենց ձեր թեկնածության ընտրությունը։
Թեկնածությանս առաջադրումը պայմանավորված է, կարծում եմ, նախևառաջ իմ մասնագիտական ու կառավարչական փորձով։ Ես 20 տարվա զինվորական ստաժ ունեմ և 5 տարի աշխատել եմ «Ամերիա» բանկի ներքին վերահսկողության դեպարտամենտում։ Զինվորական ծառայության ընթացքում ստացել եմ փոխգնդապետի կոչում և ղեկավարել մեծ ստորաբաժանում։ Մինչև զորացրվելս երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել։ «Ժառանգություն» կուսակցության վարչական խորհուրդն է ընդունել որոշումը․ պարոն Հովհաննիսյանն առաջարկել է իմ թեկնածությունը, և ես համաձայնել եմ։ Կուսակցությունը վստահել է ինձ՝ որպես անկուսակցական, բայց պատասխանատու և թիմային աշխատանքի փորձ ունեցող անձի։
Ինքս մասնակցել եմ 44-օրյա պատերազմին՝ որպես պահեստազորի գումարտակի հրամանատար՝ ինձ հետ ունենալով 186 հոգի անձնակազմ։ Տեսնելով, թե ինչ է կատարվում երկրում՝ այս մաս-մաս, կտոր-կտոր հայրենիք տալը, չկարողացա անտարբեր մնալ և որպես հայրենասեր զինվորական որոշեցի այս անգամ էլ այստեղ, այս կերպ ծառայությունս մատուցել ժողովրդին։ 20 տարի ես եմ զինվորական եղել, 40 տարի՝ հայրս, ու չեմ կարող անտարբեր մնալ, հատկապես երբ տեսնում եմ ոտնձգություններ եկեղեցու դեմ կամ գործող ընդդիմադիր քաղաքապետերի կալանավորումը, ինչը ինձ շատ հիասթափեցրեց։ Այդ պատճառով որոշեցի, որ պետք է մասնակցեմ այս ընտրություններին՝ հայրենիքի պաշտպանությունն այս անգամ սկսելով այստեղից:
Ի՞նչ սկզբունքով է ձևավորվել «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը, և ո՞րն է Ձեր կարգախոսը։
Մեր թիմը բաղկացած է երեք թևից։ Համամասնական ցուցակի երկրորդ համարը Արցախյան հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դուստերն է։ Ընտրությունը իրենն է եղել, և նա զինվորական ընտանիքում մեծացած է, կարելի է ասել՝ ինքն էլ զինվորական է։ Այս քայլն անելու նրա որոշումը հիմնված է հայրենասիրության վրա. որպես արժանի հոր արժանի դուստրը, տեսնելով երկրի վիճակը, որոշել է իր մասնակցությունն ունենալ դրա փրկության գործընթացին։ Մեր նախընտրական շտաբը ղեկավարում է փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, ով մեզ համար առանձին ուժ է։
Զինվորականների, իրավաբանների և կուսակցության մի շարք անդամների հետ մենք ձևավորել ենք մի ամբողջական թիմ, որը ձգտում է պարտադիր հաղթանակի։ Թիմի ներուժը կծառայի համայնքը ղեկավարելուն, կառուցելուն և զարգացնելուն։Մեր կարգախոսն է՝ «Ուժ և հավատք»։ Ուժը խորհրդանշում է մեր հայրենիքի և ժողովրդի ուժը, իսկ հավատքը՝ եկեղեցին ու մարդկանց հավատքը։ Միասնականությամբ մենք նպատակ ունենք փոխել իրավիճակը և առաջ գնալ դեպի լավ ապագա։
Խոսելով եկեղեցու դեմ ուղղված վերջին գործողությունների մասին՝ պետք է նշել, որ Էջմիածնի Մայր տաճարը՝ Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսության գլխավոր կրոնական կենտրոնը, գտնվում է իշխանություն–հոգևոր հարաբերությունների կիզակետում։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ քաղաքական գործիչներն էլ անմասն չեն այդ գործընթացներից։ Եթե նման իրավիճակում Ձեզ ևս հորդորվի կամ պարտադրվի քայլ կատարել եկեղեցու դեմ, ինչպիսին կլինի Ձեր արձագանքն ու դիրքորոշումը։
Այս առիթով բազմիցս հայտնել ենք, որ մեր նպատակն է լինել եկեղեցու կողքին, ոչ թե նրան դեմ ։ Մենք դատապարտում ենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ ցանկացած ոտնձգություն, քանի որ Էջմիածինը և եկեղեցին այսօր հանդիսանում են համայն հայության հոգևոր կենտրոնը։ Նման քայլերը միանշանակ դատապարտելի են։ Մենք մինչև վերջ կանգնած ենք եկեղեցու կողքին՝ անկախ նրանից, թե ով է հրաման տալիս։ Հրաման տալով չեն կարող փոխել մեր մտածելակերպն ու արժանապատվությունը։
Ձեր նախորդ խոսքում նշեցիք, որ շրջում եք գյուղեգյուղ և տեսնում, որ չի կատարվել այնքան, ինչքան որ պետք էր և հնարավոր էր։ Այդ ընթացքում ի՞նչ եք արձանագրել, հատկապես ի՞նչ խնդիրներ եք նկատել համայնքում, և ի՞նչ լուծումներ եք տեսնում դրանց համար։
Տարբեր համայնքների համար տարբեր խնդիրներն են առաջնային։ Կան գյուղատնտեսական հարցեր, որոնք մշտապես բարձրաձայնվել են, և մեր ծրագիրը լիովին հագեցած է՝ դրանց լուծման համար։ Մեզ համար նպատակը պարզ է՝ անել այնպես, որ թե՛ գյուղացին, և թե՛ քաղաքի բնակիչը լավ ապրեն։ Խնդիրը հիմնականում կապված է թանկացումների և տեղական տուրքերի աճի հետ: Մենք նպատակ ունենք հասցնել դրանք հնարավորինս նվազագույնի, որպեսզի զարգացնենք գյուղատնտեսությունը, անասնապահությունն ու զբոսաշրջությունը, և, այդպիսով, մարդը կարողանա արժանավայել ապրել իր համայնքում։
Վերջին 7 տարիների ընթացքում գործող իշխանությունը բարձրաձայնում է դրական փոփոխությունների մասին, սակայն տեսնում ենք, որ, օրինակ, Վաղարշապատ համայնքի աշխատողի աշխատավարձը մնացել է նույնը։ Եթե տեղի են ունեցել աշխատավարձային որևէ բարձրացումներ, դրանք, ամենայն հավանականությամբ, սահմանափակվել են գործող իշխանության որոշ ներկայացուցիչների մակարդակով՝ համայնքապետարաններում։ Ընդհանրապես՝ գործող իշխանությունը թանկացումների, հարկային և տարբեր վճարների միջոցով աստիճանաբար մտել է ժողովրդի գրպանը։ Մեր նպատակն է՝ հեռացնել նրանց ձեռքը ժողովրդի գրպանից և վերականգնել մեր քաղաքացիների տնտեսական ազատ, բնականոն շնչառությունը:
Ըստ մեր կողմից իրականացված հարցումների, բնակչության մի ստվար զանգված չի պատրաստվում գնալ ընտրությունների՝ համարելով ամենը ֆարս։ Ինչպիսի՞ն է Ձեր նախընտրական խոսքը, կոչը, գուցե հորդորը՝ նրանց, ովքեր պատրաստվում են մասնակցել ընտրություններին, նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, ինչպես նաև՝ Ձեր ընտրողներին։
Վաղարշապատի բնակիչների, մեծ մասն, այո՛, հոգնել է թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների խոստումներից։ Մեր այցերի ընթացքում հաճախ ենք լսել, որ մարդիկ ասում են՝ միայն խոստումներ են տալիս, բայց ոչինչ դեռ չի փոխվել։ Միաժամանակ, նրանք ընդգծում են համայնքի զարգացման համար իրական բարեփոխումների անհրաժեշտությունը։
Հորդորում եմ մեր սիրելի վաղարշապատցիներին՝ ձայն չտալ այն ուժերին, որոնք կապված են գործող իշխանության հետ, այլ ընտրել իսկապես ընդդիմադիր, նպատակներին հավատացող ուժին։ «Ժառանգություն» կուսակցությունը մոտ 25 տարվա պատմություն ունի, երբևէ որևէ կապ չի ունեցել որևէ իշխանության հետ, և իր գործունեությամբ նպատակահարմար ընդդիմադիր ուժ է։
Կոչս Վաղարշապատի մեր սիրելի բնակիչներին այն է, որ բոլորը մեկ մարդու պես մասնակցեն ընտրություններին, հորդորեն հարևաններին ու բարեկամներին նույնպես գալ ու քվեարկել՝ միասնական ուժով և հավատքով իրական փոփոխություններ իրականացնելու համար։
Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը




