ՌԴ ՆԳՆ-ն մեկնաբանել է Ջիգարխանյանի թատրոնում իրականացված խուզարկությունը

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնի շենքում իրականացված խուզարկությունը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, համապատասխան հայտարարությունում նշվում է, որ խուզարկությունն անցկացվել է դերասանի անձնագրի գողության փաստի առնչությամբ: Հայտնի է, որ Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել մասնավորապես թատրոնի հաշվապահությունում՝ վերցնելով բաժնի փաստաթղթերը:

Հայտնի է, որ նախօրեին 82-ամյա դերասանը հայտնել էր անձնագրի գողության մասին: Ջիգարխանյանն անձնագրի գողության փաստով դիմել էր իրավապահներին: Արտիստի խոսքով՝ անձնագիրը կարող են գողացած լինել իր իսկ հիմնած թատրոնում՝ հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:

Մինչդեռ թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալյա Կորնեևան «Զվեզդա» հեռուստաալիքի կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ դերասանի վաղեմի ծանոթները, որոնց Ջիգարխանյանը ճանաչում է 1990-ական թվականներից, առնչություն ունեն դերասանի ու նրա թատրոնի շուրջ ստեղծված խառնաշփոթին:

«Նա նրանց ձեռքերում «խամաճիկ» է, նա խոր սկլերոզով, անառողջ ծեր մարդ է: Երկու շաբաթ առաջ նրանք նրան դուրս են բերել բնակարանից: Դրանից հետո ուռճացվել է պատմությունն այն մասին, թե իբր նա փախել է տնից, կնոջից, բայց իրականում նման բան չի եղել: Հավանաբար, նրանք երկար էին նախապատրաստում այս օպերացիան: Նրանց մոտ նույնիսկ բժիշկ կա, որը, հնարավոր է, հիպնոսացնում է Արմեն Բորիսովիչին: Նա ամեն ինչ անում է նրանց կարգադրությամբ: Ըստ էության՝ նա նրանց մոտ պատանդ է: Նա իրեն աննորմալ է պահում. երեկ ամբողջ գիշեր ընկերների հետ վիսկի է խմել, աղմկել: Չգիտեմ՝ ինչ է լինելու հետո»,-հայտարարել է Կորնեևան:

Նա մանրամասնել է, որ պատրաստվում է վկայություն տալ Քննչական կոմիտեում:

Հայտնի է, որ հոկտեմբերի 24-ին դերասանը դուրս է գրվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկից, ուր հոկտեմբերի 10-ին տեղափոխվել էր կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ընտանեկան վեճի հետևանքով ինքնազգացողության վատացման պատճառով:

Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո նա գնացել է դատարան ու ամուսնալուծվելու հայց ներկայացրել: Ջիգարխանյանի խոսքով՝ իրենից 44 տարով փոքր կինն իրեն ոչ միայն թալանել է, այլև փորձել սպանել:

Հետաքրքրական է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ անհետացել է Ջիգարխանյանի կտակը: Նրա մտերիմների խոսքով՝ Վիտալինան յուրացրել է դերասանի ամբողջ կարողությունը:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՌԴ ՆԳՆ-ն մեկնաբանել է Ջիգարխանյանի թատրոնում իրականացված խուզարկությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*