Կարեն Կարապետյանը՝ ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի

Ռեյտինգային ընտրակարգը, որի իսկական էության մասին անգամ առաջադրված թեկնածուների մեծ մասը պատկերացում չունի, ական է, որը դրված է մեր երկրի տակ: Այս ընտրակարգն այնքան խայտառակ է, որ դրա դեմ է արտահայտվել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

Նա ասել է, թե երբեք կողմ չի եղել ռեյտինգային ընտրակարգին: «Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, ով դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք»,- ցավով ասել է նա: Ափսոս, որ նման գիտակցում ՀՀԿ-ում շատ քչերն են ունեցել եւ երկիրը բերել հասցրել են այս վտանգավոր ջրբաժանին:

Պատգամավորը կարծում է, որ այս համակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում։ Ընդ որում, նա շատ մեղմ է արտահայտվում, քանի որ ընտրարշավը դեռ չսկսածարդեն իսկ ՀՀԿ-ական որոշ ռեյտինգային թեկնածուներ իրենց պահում են բանդիտական հրոսակախմբի ներկայացուցիչների նման: Կարեն Կարապետյանը եւս արդեն հասցրել է բախվել նման իրավիճակի:

«Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Իսկ հակասություններ, իհարկե, լինելու են։ Մենք թողնելու ենք, գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու»,- անկեղծացել է Կարապետյանը:

Իրականում, այն ինչ իր հետ բերել է ռեյտինգային ընտրակարգը, իսկական աղետ է մեր ժողովրդի համար: Մարդիկ չհասկանալով, թե ինչ է ռեյտինգային ընտրակարգը, կատաղի պայքարի մեջ են մտել, անգամ չկարդալով ընտրական օրենսգիրքը, անգամ չպատկերացնելով, թե ինչ է իրենից ներկայացնում այս համակարգը:

Ի վերջո ունենալու ենք գյուղեր, որտեղ միմյանց դեմ գերդաստաններ են դուրս եկել, միմյանց հետ թշնամացել: Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ առողջ քաղաքական ուժերը պետք է փորձեն կանխել արյունալի բախումները, կատաղի մրցապայքարը:

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության անդամը շեշտել է, որ աղքատ բնակչությունը չի կարող սիրել իշխանություններին: Նա նաեւ ասել է. «Դուք շատ լավ գիտեք, երբ հանրության մեջ մեկ միլիոն և ավել, դա պաշտոնական թվերն են, որն ասում եմ, ընչազուրկ խավ կա, չկա այդպիսի մի երկիր, որ իր իշխանությանը սիրի, չկա»:

«Օբյեկտիվը՝ դա թալանն է, տարիներ շարունակ դա շարունակվել է և շարունակվում է: Առաջին անգամ չէ, որ խոսում եմ, և բոլոր ակդպիսի մարդկանց ձեռքերը պետք է բռնենք: Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենա: Ուզում են լավ ապրեն, իբրև խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղը, ձեր պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե պետական ռեսուրսները օգտագործեք ձեր անձնական շահերը սպասարկելու համար: Այդպիսի մարդիկ պետք է ընդհանրապես քաղաքական դաշտից դուրս գան», — պարզաբանեց պատգամավորը:

Ափսոս միայն, որ նա այս հայտարարությունները չի արել ավելի վաղ:Հնարավոր է, որ եթե նա այսպես արտահայտվեր ամիսներ առաջ, ապա երկրում պատկերը բոլորովին այլ կլիներ: Բայց, ինչպես ասում են,լավ է ուշ, քան երբեք: Հայաստանը սթափ խոսքի խիստ կարիք ունի:

Հակոբ Ասատրյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կարեն Կարապետյանը՝ ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի"

Leave a comment

Your email address will not be published.


*