Սա է դեպի մարդը տանող գրականության ճանապարհը. կարծիք՝ «Մեր սերնդի ճակատագիրը» ժողովածուի վերաբերյալ

Հայ ընթերցողի սեղանին է Վաղարշակ Մադոյանի «Մեր սերնդի ճակատագիրը» ժողովածուն, որն ընդգրկում է հեղինակի այն ստեղծագործությունները, որոնք կարելի է համարել մադոյանական արձակի անկյունաքարերը։

Այս գիրքը ժամանակակից գրականության մեջ անհայտ թեմա չէ, ոչ էլ                հայտնություն։ 1980-ականների վերջ, 90-ականների սկիզբ, Արցախյան պատերազմ, նորանկախ երկիր, խեղված ճակատագրեր, արտագաղթ… Բացահայտումները մեզ ծանոթ հարաբերություններն են՝ հերոս-ընտանիք, հերոս-աշխատավայր, հերոս-շենք ու բակի մարդիկ, հերոս-ծննդավայր և այլ ուղղություններով։

Ամենահրատապ ու հիմնական խնդիրները, որ արցախյան գոյամարտի ու անկախացման տարիներին տեղ էին գտել հայության կյանքում, բազմաբնույթ ու ստվարաթիվ էին։ Ուստի առաջադրված հարցերի ծավալով «Մեր սերնդի ճակատագիրը» ժողովածուն հավակնում է լինելու հայ կյանքի համայնապատկերը։ Իրականության բազմածալ նկարագրությունը սեփական ժողովրդի արատների, սխալների վերհանումը՝ շատ հաճախ առողջ երգիծանքով շաղախված, նպաստում են հայ ժողովրդի ահագնացող բաց վերքերը բուժելուն, ինչը շատ կարևոր է ինչպես ներկա, այնպես էլ գալիք սերունդների համար։

Հեղինակի խոհերը հնչում են թարմությամբ։ Նա տուրք չի տալիս մերկապարանոց դատողությունների ու հավաստիացումների։ Հերոսները ճիշտ են գտնված ժամանակի ու տարածության սահմաններում և նրանց չի պարտադրվում բոլոր անհայտությունները լուծելու ունակություն։

Մադոյանի հերոսը սովորական մարդն է, որը գտնվում է յուրաքանչյուրիս ներսում։

Հեղինակը, ասացինք, գրում է իր ժամանակի մասին, իսկ ժամանակը բարդ է, խառը, հին բարոյական նորմերը խարխլվում են շատ արագ։ Մարդիկ հաճախ դիմակափոխվում են՝ հարմարվելով նոր ժամանակների թելադրանքին։ Հայրենանվեր, կարող ու գիտակ ուժերի մի հատվածն էլ դուրս է մղվում կյանքը կառավարելու ընթացքից և փորձում է գոյատևել՝ կյանքի ապտակներից պաշտպանվելով։

Բայց մինչև վերջ մի կողմ քաշված ապրելը թերևս նրանցից բոլորի համար չէ։ Այդ դեպքում, ինչպես հերոսներից մեկն է նշում, « … եթե ինքն ինստիտուտ ավարտած չլիներ, կենսագրությունից երեք տող էլ կպակասեր։ Ծնվեց, աշխատեց, մեռավ… Առվի ջուր էր, եկավ, գնաց, ցամաքեց։ Գոնե մի ջրաղացի ուս տված լիներ» (էջ 214)։

Մադոյանը զարգացնում է հայրենիքին «ուս տալու», «իսկական կենսագրություն» (էջ 247) ունենալու, ասել է թե, որպես ճշմարիտ քաղաքացի ապրելու գաղափարը, որպեսզի «յոթանասուն տարի թեյի գդալով հավաքածը հիմա խոշոր շերեփով դուրս չտանք» (էջ 246)։

Կասկած չկա, որ ստեղածագործելու համար անհրաժեշտ են խորքային հոգեբանական ցնցումներ։ Գրքի յուրաքանչյուր էջում այդ ցնցումների արձագանքներն են, ցավի՝ լույսով շաղախված բեկբեկումները, որ վկայում են ասելիքի խորությունն ու հասունացած լինելը։

Բնաբուխ շնորհով կերտված պատկերազարդ էջերը, որ հաճախ աչքի են ընկնում հրապարակախոսության համադրմամբ, իրապատում երանգ են տալիս հերոսների բնավորությանն ու գործերին։ Մադոյանական անմիջական, շատ հաճախ հումորային պատումի կերպը իրագործվում է գունեղ հայերենով, առողջ ու բնական խոսքով։ Բաց, անկեղծ զրույցի ձևով շարադրանքը թույլ է տալիս օգտագործել լեզվական տարբեր շերտեր՝ բարբառ ու ժարգոն, գռեհկաբանություն ու օտարաբանություն։

Իսկ այդ ամենին զուգահեռ՝ որպես հեղինակի մշտական ուղեկից ու ընկեր է մնում կյանքը՝ իր ապրեցնող թրթիռներով։ Հերոսներից յուրաքանչյուրի մեջ էլ ընթերցողը շարունակում է տեսնել իրեն ու իրեններին։ Սա է դեպի մարդը տանող գրականության ճանապարհը։ Վաղարշակ Մադոյանը այդ ճանապարհը կառուցող շինարարներից է։ Ճիշտ է ասված՝ աշխատանքն ու որոնումը չեն ավարտվում, վաղվա օրն էլ միշտ կա, ուստի ընթերցողը վստահաբար սպասելու է նոր ու հետաքրքիր ստեղծագործական հայտնությունների։

Ազնիվ Չիլինգարյան

բանասիրական գիտությունների

թեկնածու, դոցենտ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սա է դեպի մարդը տանող գրականության ճանապարհը. կարծիք՝ «Մեր սերնդի ճակատագիրը» ժողովածուի վերաբերյալ"

Leave a comment

Your email address will not be published.


*