ԿԳՆ-ն մշակում է անցում ազգային կրթակարգի, ունենք լուրջ խումբ. ԿԳ նախարար

2016թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց, թե կրթության ոլորտում առարկայական չափորոշիչների փոփոխմանն ուղղված ինչ է արվել:

Նա կրթության նախարարից հարցրեց, թե ազգային կրթակարգի անհրաժեշտությունը տեսնո՞ւմ է, որը նախկինում եղել է։

Մուրադյանը նաև նկատեց, թե մանկավարժները ուսուցչի թափուր տեղի ատեստավորման հարցեր են բարձրացնում և հետաքրքրվեց, թե անհրաժեշտություն չկա՞ կարգը փոխելու և համապատասխանեցնելու արդի չափանիշներին: Պատգամավորը հարցրեց 2,8 մլրդ արտադպրոցական ծախսերից, նկատեց, թե նշված է, որ դրանք 1 ,9%-ով աճել են, և հարցրեց՝ ինչի հիման վրա:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, թե չափորոշիչների փոփոխությունը նախատեսվել էր անել Համաշխարհային բանկի միջոցով. ավագ դպրոցի կրթակարգի անցումին զուգահեռ պետք է անցնեին նաև առարկայական չափորոշիչների փոփոխմանը:

«Բայց տեսանք, որ հնարավոր չէ առանձին սեգմենտ անել և հետո անցնել մեխանիկականի։  Այսինքն՝ չհասկանալով կրթական համակարգի ուղղությունները՝ դժվար է առարկայական չափորոշիչներ մուտք անել»,-ասաց նախարարը և նշեց, թե հենց դրա համար էլ դադարեցրել են, որ անցնեն ազգային կրթակարգին:

Ըստ նրա, դպրոցներում այսօր որ առարկան որ ուժեղ է, ուժեղ լոբբինգ են անում, և դա էլ մասնագիտացման ընտրության համար իր տեղը գրավում է՝ հաշվի չառնելով առկա պահանջները:

«Դրա համար մենք պետք է ՀՀ կրթական համակարգը բերենք ընդհանուր տեսքի, ունենք լուրջ խումբ դրսից և ներսից: Հասկանալի է, որ ցանկացած երկրի կրթական համակարգը հիմնական զենքն է»,-ասաց նախարարը և նշեց, որ օրինակ՝ ատոմակայանի աշխատանքը, բնական գիտությունները, երկիր պաշտպանությունը պետք է դրվեն կրթության հիմքում։ Արդեն հստակեցվել է, որ վերջին երկու դասարանում երեխաները ոչ թե նույն կրթական կուրսը կանցնեն, այլ այն հիմքը կդրվի, որը կուղեկցի կյանքում:

Ուսուցիչների թափուր տեղի համար ատեստավորումն ըստ նախարարի՝ հիմնավորված է և դպրոցների մեխանիզմների հետ էլ համապատասխանեցվել է: Իսկ 2,8 մլրդ.-ի հավելյալ գումարն ուղղվել է պատանի երկրապահին, սկաուտական շարժմանը, սպորտային շարժումներին:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԿԳՆ-ն մշակում է անցում ազգային կրթակարգի, ունենք լուրջ խումբ. ԿԳ նախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*