Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը եւ էլի շատերը կժամանեն Հայաստան՝ որպես դիտորդ Խորհրդարանական ընտրություններին

Այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը ներկայացրել է «Արդարություն Հայաստանին» արշավի իրենց նոր նախաձեռնությունների մասին:

Դերասանուհին նախ հիշեցրել է, որ «Արդարություն Հայաստանին» արշավը սկսվել է սեպտեմբերի 21-ից, որի միջոցով սփյուռքահայ հայտնի մակույթի գործիչները պահանջներ են ներկայացրել Հայաստանի իշխանություններին:

««Արդարություն Հայաստանին» նախաձեռնության առաջին քայլը ստորագրահավաքն էր, որն ուղեկցվում էր Հայաստանում անհապաղ փոփոխություններ իրականացնելու պահանջով:

Մեր սեպտեմբեր 21-ի ստորագրահավաքին միացել են հազարավոր հայեր եւ զորակցություն են հայտնել մեր նախաձեռնությանը:

Մեզ համար Սփյուռքում Հայաստանի անկախությունը եղել է կարեւորագույն հաղթանակ, նվեր, երազանքի իրականացում, որի համար մենք միգուցե որպես անհատներ չենք կարողացել ներդրում ունենալ, սակայն միշտ ապրել ենք այս նորածին երկրին սատար լինելու գիտակցությամբ, օգնելու, որ ոտքի կանգնի որպես անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն: Ցավոք, պատկերը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում: Հայաստանի գրանցած տնտեսական ցուցանիշները, այստեղ քաղաքական մթնոլորտը, մարդու իրավունքների ոտնահարումները, արդարադատության բացակայությունը, ի վերջո արտագաղթը մեծ մտահոգություն է առաջացրել Սփյուռքում: Մենք թե այնտեղից, թե Հայաստան այցելելիս տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանի քաղաքացիների պահանջը խեղդվում, լռեցվում, ինչպիսի ուժ է կիրառվում քաղաքացու դեմ, ինչպես են մոնոպոլիաները խեղդում ազատ տնտեսությանը: Այս տարին ծանր ու մտահոգիչ էր: Ապրիլյան պատերազմը եւ մեր տղաների անմնացորդ սերն ու նվիրումը Հայաստանին մեզ ստիպեցին վերագնահատել մեր քայլերն ու հայացքները, այլեւս Հայաստանի ներկան ու ապագան գնահատվում է նրանց կյանքի գնով, նրանց պաշտպանած պետությունը պետք է արժանի լինի այդ անմնացորդ սիրուն»:

Արսինե Խանջյանն անդրադարձավ նաեւ ամռանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ հայտարարելով, որ իշխանությունները հանգեցրին Հայաստանում նրան, որ քաղաքացիներն անցնեն զինված ապստամբության: Ասաց նաեւ, որ ոստիկանների ապօրինություններն իր նկատմամբ թույլ տվեցին հասկանալ, որ ժամանակն է անցնել գործնական քայլերի, օգտագործելով Սփյուռքում ունեցած ռեսուրսը, կապերը եւ փորձը՝ սատարելով Հայաստանի ժողովրդի պահանջներին:

Ապա ասաց, որ ձեւավորել են դիտորդական առաքելություն, որը նպատակ ունի հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստան բերել Սփյուռքի հայրենակիցներին եւ թույլ տալ նրանց մասնակից լինել ընտրական գործընթացներին, սեփական երկրում ունենալու ավելի ժողովրդավար օրենքի երկիր:

«Մի քանի խումբ աշխատում են այս ուղղությամբ: Մենք ստանում ենք բազմաթիվ հայտեր աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Մենք որոշեցինք համատեղ ասուլիսով հանդես գալ ներկայացնելու մեր առաջիկա անելիքները, որոնցով մենք պատրաստակամ ենք կանգնելու Հայաստանի քաղաքացու կողքին»:

Ասուլիսին տեսազանգի միջոցով մասնակցում էին նաեւ ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան «Սիստեմ ոֆ դե դաուն» խմբի մենակատար Սերժ Թանգյանը, ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը եւ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը եւ էլի շատերը կժամանեն Հայաստան՝ որպես դիտորդ Խորհրդարանական ընտրություններին"

Leave a comment

Your email address will not be published.


*