«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց». Երևանում միջազգային կոնֆերանս է մեկնարկել

Երևանում մեկնարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են 1991-92թթ Արցախում աշխատած հայ և օտարերկրյա ռազմական լրագրողներ, քաղաքագետներ, դիվանագետեր և միջազգային իրավունքի մասնագետներ:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանն ասաց, որ Ստեփանակերտի շրջափակման ճեղքման 25-ամյակին նվիրված փորձագիտական աշխատաժողովն անցկացվում է ճեղքման փաստից 10 օր շուտ, քանի որ, կարծում է, որ այդ 10 օրվա ընթացքում պետք է ձեռնարկել բոլոր միջոցները միջազգային հանրությանը հասցնելու ճշմարտությունը, իրականությունն այն մասին, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում 1987-88 թվականից սկսած:

«Պետք է ցույց տանք իրական պատկերը, ապացուցենք, որ այլընտրանք գոյություն չէր կարող ունենալ և չուներ, քան Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիան էր»,- հավելեց նա:

Սաղաթելյանի խոսքով, նման միջոցառման անհրաժեշտության մասին խոսում էին առանձին զրույցների, շփումների ժամանակ, և այսօր հավաքվել են այստեղ այն փորձագետները, ովքեր հիմնավոր ուսումնասիրում են հիշատակված թեման:

Նա հիշեցրեց, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից առաջին հանրային ֆիլմը եղել է Աղդամի օպերացիայի մասին 2012 թ-ին, որտեղ ֆիլմի մի մասը նվիրված է հենց Ստեփանակերտում տիրող իրավիճակին: Նա նշեց, որ իրենք կցուցադրեն ևս մեկ նոր ֆիլմ, ոն ավելի մատչելի կերպով միջազգային հանրությանը կներկայացնի այն հումանիտար աղետը, որը տեղի էր ունենում Ղարաբաղում, Ստեփանակերտում:

«Կարծում եմ, երբ մեր հարևաններն ապագայում փորձեն շահարկել որոշակի պատմական իրողություններ, մի շարք մարդկանց մոտ, որոնց տարբեր լեզուներով հասու կդարձնենք մեր նյութերը, պատկերացում կլինի առնվազն այն մասին, որ այլընտրանք գոյություն չուներ, քան Աղդամի ուղղությամբ, այսպես կոչված Խոջալուի, ռազմական օպերացիան էր»,- ասաց Արա Սաղաթելյանը:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջափակումն սկսվել էր դեռ 1989թ աշնան ամիսներին, երբ փակվել էր երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Հայաստանից հիմնականում ադրբեջանական բնակավայրների մերձակայքով անցնող ավտոճանապարհները դարձել էին խիստ վտանգավոր: Ի պատասխան արցախահայության՝ Հայաստանի հետ վերամիավորվելու կոչերին՝ քաղաքի շուրջ ադրբեջանական օղակը սեղմվում էր նաև ռազմական պաշարման արդյունքում: 1991թ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր անվտանգ չէր նաև Ստեփանակերտի մերձակայքում՝ ադրբեջանական Խոջալու գյուղաքաղաքի մոտ գտնվող օդանավակայանը. այստեղ հայերի նկատմամբ բռնությունները սովորական էին դարձել: Ադրբեջանական զինված ուժերի կողմից ծանր հրետանուց արձակվող կրակոցները լռեցնելը և ռազմական շրջափակման ճեղքումը դարձել էր Արցախի բնակչությանը ոչնչացումից փրկելու միակ ճանապարհը: Հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992թ փետրվարի վերջին ադրբեջանցի գրոհայիններից ազատագրեցին Խոջալու (այժմ՝ Իվանյան) բնակավայրը, իսկ մայիսի 18-ին վերջնականապես բացվեց Լաչինի (Բերձոր) միջանցքը: Այս իրադարձությունների օբյեկտիվ պատկերը ներկայացնող երկու ադրբեջանցի լրագրողների՝ Չինգիզ Մուսթաֆայևի և Էյնուլլա Ֆաթուլաևի ճակատագրերը դասավորվեցին տարբեր կերպով: Մուսթաֆայևին սպանեցին այս դեպքերից ամիսներ անց, իսկ Ֆաթուլայևը բանտում չորս տարի անցկացնելուց հետո 2011-ից ի վեր հիմնադրեց Իլհամ Ալիևին գովերգող նոր առցանց պարբերական:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց». Երևանում միջազգային կոնֆերանս է մեկնարկել"

Leave a comment

Your email address will not be published.


*