Կայացավ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ›› V Միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 25-29-ը տեղի ունեցավ ‹‹Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ›› խորագրով հինգերորդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի հիմնադրման 60- ամյակին:
Գիտաժղովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը, ՌԴ ԳԱ Ն.Ս. Կուռնակովի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը, ՌԴ ԳԱ ‹‹Քիմիական տեխնոլոգիաներ›› գիտական խորհուրդը, Երևանում Ռուսատանի Դաշնության գիտության և մշակույթի կենտրոնը: Գիտաժողովն անցկացվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի և Ռուսատանի Դաշնության գիտության և մշակույթի ֆինանսական աջակցությամբ :
Գիտաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց սեպտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՝ ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ տնօրեն Ն.Կնյազյանի ողջույնի խոսքով. ‹‹Միջազգային կոնֆերանսի հարգելի մասնակիցներ, հարգելի կոլեգաներ, հյուրեր, շնորհավորում եմ բոլորիս ‹‹Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ›› V միջազգային գիտաժողովի բացման կապակցությամբ: Հաճելի է տեսնել ծանոթ և արդեն հարազատ դարձած մեր մշտական մասնակիցներին: Առաջին անգամ իրենց մասնակցությունն են ցուցաբերում նաև անձինք արտադրական այնպիսի հիմնարկություններից, ինչպիսիք են՝ Կրասնոյարսկի «Կրասնոցվետ»-ը, Դերժինսկու «Սոյուզ» խոշոր հետազոտական և արտադրական կենտրոնը, Սարատովի «Օպտիկական ապակիների ինստիտուտ»-ը և հայաստանյան «AlapMet»ընկերությունն ու «Թեղուտ — Վալլեքս»» ՓԲԸ-ն : Ես շնորհակալ եմ բոլոր այն կազմակերպությունների ղեկավարներին, որ հնարավորություն տվեցին նշել մեզ հետ միասին մեր հոբելյանը՝ ցույց տալով հասարակությանը քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը: Շնորհակալ եմ ՌԴ գիտության պետական կոմիտեին, Երևանում Ռուսատանի գիտության և մշակույթի կենտրոնին և, իհարկե, ՀՀ ԳԱԱ պրեզիդենտին, Քիմիայի և երկրի մասին գիտությունների բաժանմունքին՝ օգնության, աջակցության և համագործակցության համար: Հաճելի է տեսնել երիտասարդ մասնակիցների, որոնց բոլորին կհանձնվեն հավաստագրեր գիտաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: 10 տարի առաջ ավանդաբար այս սրահում մենք անցկացրեցինք առաջին միջազգային գիտաժողովը, նշեցինք ինստիտուտի 50-ամյակը, հիմա արդեն ավելի լայնամասշտաբ՝ 60-ամյակը: Այստեղ ներկայացված են բազմաթիվ հետաքրքիր և հեռանկարային աշխատանքներ, հուսով եմ՝ ամեն ինչ կանցնի եռուն աշխատանքային մթնոլորտում, գիտական մտքերի և մոտեցումների ակտիվ քննարկմամբ››:
Երևանում Ռուսատանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովն էլ իր հերթին նկատեց, որ հույս ունի՝ այս գիտաժողովը նշանակալի ավանդ կներդնի քիմիայի բնագավառում տարբեր երկրների գիտնականների համագործակցության ամրապնդմանը, իսկ ներկայացվող առաջարկներն արդյունավետորեն կկիրառվեն արտադրությունում, գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում:
Իր ողջույնի խոսքը ներկաներին հղեց նաև ՀՀ ԳԱԱ Քիմիայի և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների տեղն ու դերը ժողովրդական տնտեսությունում:


Գիտաժողովի մասնակիցներն էլ մինչ բուն գիտական աշխատանքներին և զեկույցներին անցնելն առաջնահերթ հանդես եկան շնորհավորանքներով և շնորհակալական խոսքերով. Վլադիվոստոկից ժամանած մեծ պատվիրակության ներկայացուցիչ Ս.Բ. Յարուսովան հայտնելով իր խորին շնորհակալությունը, որ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու նման կարևորագույն միջոցառման՝ շնորհակալական նամակներ հանձնեց հանձնաժողովի անդամներին,՝ ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ տնօրեն Ն. Կնյազյանին, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանին, Երևանում Ռուսատանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովին և ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ գիտական քարտուղար Գոհար Մանուկյանին:

Ելույթներ ունեցան նաև գիտնականներ ՌԴ ԳԱ Կոլայի թերակղզու գիտական կենտրոնից, Մոսկվայից, ինչպես նաև՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Ա.Ե. Կոստանյանը, Ռ.Գ. Մելքոնյանը և այլոք:
Նշենք, որ գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին անվանի քիմիկոսներ,, տեխնոլոգ-ճարտարագետներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելոռուսից, Ուզբեկստանից՝ ներկայացնելով ավելի քան 215 գիտական զեկուցումներ: Գիտաժողովի ընթացքում քննարկվեց, վերլուծվեց քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների գիտատեխնիկական տեղեկատվության արդի վիճակը և առաջընթացը: Նշվեց, որ մասնակիցների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի գիտական ամուր հիմքերի հաստատմանը, համատեղ գիտական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև կանխատեսել ինտենսիվ քիմիական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:


Մեզ հետ զրույցում Քիմիայի և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լևոն Թավադյանն էլ իր հերթին նկատեց, որ արդեն ավանդական դարձած կոնֆերանսը հնարավորություն է տալիս հրավիրյալ մասնակիցներին ոչ միայն զբաղվել ակտուալ թեմաներով՝ ներկայացնելով իրենց աշխատանքները անօրգանական քիմիայի, նյութաբանության, նանոտեխնոլոգիաների, զանազան այլ հիմնարար ու կիրառական խնդիրների վերաբերյալ, այլ նաև, որը ոչ պակաս կարևոր է՝ զմայլվել Հայաստանի չնաշխարհիկ գեղեցկությամբ՝ այս անգամ էլ հյուրընկալվելով Գորիսում: Նշենք, որ նախորդ՝ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ›› IV միջազգային գիտաժողովի շրջանակներում հրավիրյալ մասնակիցներն այցելել էին Արցախ:


Քիմիային և քիմիական տեխնոլոգիաներին նվիրված գիտաժողովը շարունակվեց Գորիսում, որտեղ կազմակերպիչներն ու մասնակիցները հանդիպեցին տեղի համալսարանի գիտա-դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Լսվեցին զեկուցումներ, քննարկվեց համալսարանում քիմիական գիտության զարգացման հնարավորությունները:
ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Ն.Կնյազյանը համալսարանի ամբիոնից ելույթ ունենալով առաջնահերթ շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին, Գորիսի Պետական համալսարանի ռեկտոր Ա.Ա.Ղուկասյանին և համալսարանի պրոֆեսոր Ռ.Լ. Վարդանյանին՝ աջակցության, համագործակցության և գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցության համար. «Մենք հպարտ ենք և երախտապարտ Ձեզ, որ այս սահմանամերձ՝ 20 հազար բնակչություն ունեցող քաղաքն ունի իր համալսարանը, որը, լինելով մայրաքաղաքից բավականին հեռու, իր հյուրընկալ հարկի ներքո պահում և բարձրագույն կրթություն է տալիս երիտասարդ սերնդին: Ուզում եմ հիշեցնել, որ այս գիտաժողովը նվիրված է մեր ինստիտուտի հիմնադրման 60- ամյակին և շատ հաճելի է նշել այն հանգամանքը, որ շուտով նաև այս ինստիտուտի 50-ամյակն եք նշելու: Ցանկանում եմ, որ ուսանողների թիվն էլ ավելի շատանա այստեղ, դառնաք առավել հաստատուն և ծաղկուն: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում այդ ամենը կիրականանա»:
Առավել հուզիչ էր Տաթևի միջնակարգ դպրոցի երեխաների հետ հանդիպումը: Պետք է նշել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղի Ս.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցն իր 150 ամյա պատմության ընթացքում բազմաթիվ նշանավոր ու երևելի շրջանավարտներ է տվել՝ հայտնի գիտնականներ նաև քիմիայի բնագավառում:
Երեխաները մեծ ոգևորությամբ՝ երգով ու պարով, արտասանությամբ դիմավորեցին գիտության ներկայացուցիչներին, գիտնականներն էլ իրենց նվերներով և մաղթանքներով ողջունեցին վերջիններիս: ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ տնօրեն Նիկոլայ Կնյազյանը խրախուսեց նրանց՝ հորդորելով լավ սովորել և, ամենակարևորը, լավ մասնագետ դառնալ, իսկ պրոֆեսոր Պավել Գորդիենկոն հիացած երեխաների ելույթից՝ նկատեց, որ այդքան հեռվից գալով այստեղ՝ ուրախ է, որ այս փոքրիկ դպրոցում հանդիպեց նման տաղանդավոր երեխաների: Նույն հպարտությամբ և բարի մաղթանքներով հանդես եկան նաև պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և նույն դպրոցի շրջանավարտ պրոֆեսոր Ռոմիկ Հարությունյանը:
Վերջում հրավիրյալները այցելեցին նաև Նորավանք ու Տաթև:
Գիտաժողվի պաշտոնական փակումն ազդարարվեց սեպտեմբերի 29-ին՝ գիտնականների այցով ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ, որտեղ նրանք այցելեցին լաբորատորիաներ, ծանոթացան ինստիտուտի գործունեությանը, քննարկվեցին համագործակցության հնարավորությունները և հեռանկարները: Մեկնելուց առաջ արտասահմանյան գիտնականները կարևորեցին Հայաստանում քիմիայի բնագավառում կատարվող լուրջ հետազոտությունները, արտահայտեցին իրենց ջերմ զգացմունքներն ու անմոռանալի տպավորությունները` հայկական չքնաղ բնաշխարհի և հյուրընկալ հայերի բարեկամական վերաբերմունքի մասին:

 

Նյութի հեղինակ՝ Գաբրիել Եգանյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կայացավ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ›› V Միջազգային գիտաժողովը"

Leave a comment

Your email address will not be published.


*