Կյանքը de factoՀասարակություն

Կոռուպցիա՝ Նոյ նահապետից մինչև Քաջ Նազարը

975views
Կոռուպցիան, ասում են, ի հայտ է եկել մարդկության ծննդայն օրվանից, ինչպես պոռնկությունը, և համարվում է աշխարհի հասարակական հարաբերություններում տեղ գտած իրողություններից մեկը։ Սակայն եթե պոռնկությունը ազատ և արդար Արևմուտքում ճանաչվեց արհեստ և համապատասխան արհեստավորուհիներին (իսկ հոմոսեքսուալիզմի ճանաչումից հետո՝ նաև արհեստավորներին) աշխատանքի լիցենզիա տրամադրեց, կոռուպցիան այդպես էլ մնաց գաղտնի, ինչպես ընտրությունների ժամանակ քվեարկությունը․․․ Գուցե այն պատճառով, որ կոռուպցիան ավելի անբարոյական երևույթ է, քան պոռնկությունը։ Եթե Արևմուտքում այն ստորին խավերի մակարդակով ինչ-որ չափով դուրս մղվեց, Արևելքում ստացավ բնական կանոնի կարգավիճակ։ Օրինակ՝ ոչ մի օրենքում չի գրված, որ շուկայում առևտուր անելիս պետք է վճարել, բայց մենք վճարում ենք։ Սա իրավաբանության մեջ կոչվում է բնական իրավունք։ Նույն իրավունքը գործում է, օրինակ, քաղաքապետարանում․ ոչ մի տեղ չի նշված, որ գործն արագացնելու համար պետք է կաշառել, բայց մենք կաշառում ենք։ Կարելի է եզրակացնել, որ աշխարհի առաջընթացի անիվը կաշառքն է։ Սա՝ միամիտների համար։ Ի՞նչ իմանան, որ այդ անիվը երկկողմանի է պտտվում։
Իրականում կոռուպցիան արգելակում է հասարակության և մարդու զարգացումն առհասարակ և շատ տրամաբանական երևույթներ դարձնում անտրամաբանական։ Վերցնենք մրցակցությունը։ Առանց առողջ մրցակցության երկրի զարգացումն անհնար է։ Սոցիալիզմը պարտվեց կապիտալիզմին, քանի որ մրցակցությունը «մոռացել» էր կապիտալիզմում։ Կոռուպցիայի դեպքում մրցակցության մեջ հաղթում է այն, ով կաշառել է։ Եթե լիներ հակառակը, պարտվողը կձգտեր բարձրացնել իր մակարդակը, որ հաջորդ անգամ հասնի նպատակին։ Հիմա նա կաշառելու միջնորդ է փնտրում՝ հաջորդ անգամ հաղթող ճանաչվելու համար, և հասարակության մտավոր զարգացումը դադարում է։ Այս էր պատճառը, որ անցած դարի վերջում ԽՍՀՄ-ը արտասահմանում կոչվում էր հրթիռներով խցկված Վերին Վոլտա։
Աշխատողների ատեստավորումը նախատեսված է՝ նրանց անհրաժեշտ մակարդակի վրա պահելու և միշտ լավագույնին ընտրելու համար։ Տրամաբանորեն բնական քայլ է, կոռուպցիոն իրականությունում այն հնարավորություն է տալիս պետին կատարել աշխատակազմի ընտրություն իր հայեցողությամբ, իմանալ բոլորի «տերերին», «անտերներից» «ազատվել» ցանկացած պահին, աշխատանքից չազատելու համար վերցնել իր «մեծահոգության» խարջը։
Կոռուպցիան կանգնեցնում է գիտության, արվեստի, գրականության, արտադրության առաջընթացն անմիջապես, մանավանդ՝ օլիգարխիկ կառավարման երկրում։ Բոլոր գիտական ծրագրերը բաժանվում են նրանց մեջ, ովքեր բաժանողների հետ ունեն հանցավոր համաձայնություն․ որևէ հարաբերությամբ կիսել նախատեսված գումարը։ Ֆինանսավորվում են ոչ արդիական թեմաները, իսկ արդիականները՝ մեռնում։ Գնահատվում և գովազդվում են «տերերին» ձեռնտու արվեստի և գրականության գործերը՝ անկախ որակից։ Բեմ է տրամադրվում այն դերասաններին, որոնք ծանոթություն ունեն։ Իսկ ինչպե՞ս կարող է իրեն դրսևորել թեկուզ հանճարեղ մի դերասան, եթե ոչ մի անգամ մեծ բեմում ելույթ չի ունեցել։ Կարո՞ղ էր լեգենդար «Արարատի» ֆուտբոլիստներից որևէ մեկը դառնալ ճանաչված, եթե խաղար միայն Ղափանի( Կապան) «Լեռնագործում»։ Նույնը արտադրության ոլորտում։ Ոչ-ոք չի կարող զարգացնել երկրում արտադրություն, եթե նույն արտադրանքը ներկրվում է կոռուպցիոների կողմից։ Ստեղծվում են քաշքշուկներ լիցենզավորման, ստուգումների ժամանակ։ Նման արտադրությունը դառնում է անշահութաբեր և անկանխատեսելի ապագայով։
Կոռուպցիան բերում է լճացման, քանի որ կառավարող զանգվածը հետաքրքրված է պահպանելու իր դիրքերը և հասկանում է, որ ցանկացած փոփոխություն ներքևի օղակներում ուշ թե շուտ տանելու է փոփոխության նաև վերին օղակներում, ուրեմն՝ ձեռնտու է ամեն ինչ պահել անշարժ վիճակում։ Եվ նույն մարդը հիսուն տարի աշխատում է նույն պաշտոնում, հետո նրան փոխարինում է տղան, տղային՝ թոռը։
Կոռուպցիոն երկրում շատ հեշտ է լրտես հավաքագրելը, որոնք աշխատում են պետության դեմ պետական օրգաններում և քարոզչության մեջ։ Որևէ գործ իրականացնելու համար տրվում է կաշառք, որը գաղտնի նկարահանվում է և հետո ցուցադրվում կաշառակերին։ Առաջարկն է․ կա՛մ կատարել համապատասխան ծառայության հանձնարարականները, կա՛մ հայտնվել բանտում։ Կաշառակերի ընտրությունը միշտ նույնն է լինում, քանի որ ոչ-ոք բանտում «հուշեր գրել» չի երազում։ Արդյունքում ձևավորվում է «լրտես» կառավարություն, որը տանում է համապատասխան երկրի հետ պատերազմի և պարտվելով բոլորին մեղադրում դավաճանության մեջ։
Կոռուպցիան բերում է պետական աշխատողների կողմից կատարվող թալանի՝ հաջորդ անգամ վերընտրվելու համար, հուսահատեցնում է ժողովրդին, որը բռնում է գաղթի ճանապարհը։ Կոռուպցիան քայքայում է հոգևոր կյանքը՝ մարդկանց դարձնելով աղանդավոր․ պետական կրոնը չի պայքարում բնակչության իրավունքների համար, նշանակում է՝ այն անիմաստ է, մանավանդ որ ոչ մի տերտեր հոգ չի տանում իր թեմի հավատացյալների համար։ Հափշտակվում են ոչ միայն ասֆալտին կամ ջրահեռացմանը հատկացված գումարները, այլև՝ զենք ու զինամթերքի համար նախատեսվածը։ Արդյունքում ստացվում է այն, ինչ ունենք վերջին պատերազմի հետևանքով։ Եվ այստեղ «մեղավոր» են միայն հները՝ Նոյ նահապետից սկսած, որոնք կոռուպցիան աճեցրին Հայաստանում և տարածեցին ողջ աշխարհով մեկ։ Մի՞թե այդ հները չէին կարող այնքան կաշառք վերցնել, որ այսօրվա իշխանություններին էլ բավարարեր, թեկուզ՝ պարգևավճարների քողի տակ։ Գուցե այդ դեպքում ա՞յլ իրավիճակ կունենայինք։
Հետաքրքիր է, իսկ այսօրվա համընդհանուր հարկերի բարձրացումը կոռուպցիայի տեսակ չէ՞։
Վաղարշակ Մադոյան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանության և տնտեսագիտության պատվավոր դոկտոր, իրավաբանության դոցենտ

Leave a Response