Առաջարկվում է դատապարտյալների համար կրթական դասընթացներ անցկացնել՝ ազատ արձակվելուց 6 ամիս առաջ. Սուրեն Քրմոյան

Կառավարությունն առաջարկում է դատապարտյալների համար կրթական դասընթացներ անցկացնել՝ ազատ արձակվելուց դեռևս 6 ամիս առաջ: Այս մասին ԱԺ ամբիոնից Զբաղվածության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նա նշեց, որ օրենքի փոփոխությամբ առաջարկվում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց մասնագիտական ուսուցման իրավունքի ու դրա իրացման համար նոր մեխանիզմներ ամրագրել:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ նման իրավունք դատապարտյալները գործող օրենքով էլ ունեն, բայց իրենք ուսումնասիրելով միջազգային փորձը՝ կարևոր լուծում են առաջարկում։

«Ազատվելուց 6 ամիս առաջ օրենքի ուժով մենք առաջարկում ենք, որ դատապարտյալը դառնա զբաղվածության կենտրոնի շահառու: Անձը իրավունք ունի վեց ամիս առաջ տեղեկանալ ծրագրերի մասին, որպեսզի քրեակատարողական հիմնարկի ներսում որոշակի արհեստ սովորի, գիտելիքներ ձեռք բերի՝ համակարգչային, լեզվական: Իսկ անձինք, ովքեր դատապարտվել են տուգանքի, հանրային աշխատանքի, նրանք գործազուրկ չեն համարվում: Բայց մենք վերացնում ենք նաև այս բացը, ու նրանց էլ տալիս ենք հնարավորություն օգտվել աշխատանքի տեղավորման արտոնություններից»,-ասաց նա։

Արդարադատության փոխնախարարն ասաց, որ փոփոխության նպատակը մեկն է՝ ստեղծել հավելյալ երաշխիքներ, որ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո դատապարտյալը աշխատանք կունենա, կինտեգրվի հանրությանը, կնվազի երկրորդ անգամ հանցագործությունը կատարելու ռիսկը:

Այս առնչությամբ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախ հարցրեց՝ ի՞նչ գումարներ են ծախսվելու ծրագրի իրականացման համար, ովքե՞ր են ուսուցանելու դատապարտյալներին քրհիմնարկներում և արդյո՞ք սա մեր իրականության մեջ կիրառելի է:

«Դուք հավատո՞ւմ եք ձեր ասածներին…»,- հարցրեց Մելքումյանը՝ հորդորելով ներկայացնել նաև վիճակագրությունը, թե արդյոք ազատության մեջ հայտնված դատապարտյալների քանի՞ տոկոսն է հետագայում աշխատանքի անցնում:

Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է բյուջեով հատկացված գումարներով, որը նախկինում տրամադրվում էր միայն ազատության մեջ գտնվելուց հետո: Իսկ թե ո՞վ է կատարում այդ ուսուցումը, փոխնախարարն ասաց, որ կազմակերպվում է մրցույթ, ըստ որի ընտրվում է վերականգնողական կազմակերպություն:

Իսկ թե քանի՞ դատապարտյալ է գտնում աշխատանքը, Քրմոյանը պատասխանեց. «Շատ քիչ մարդ: Նրանք համարվում են շուկայում անմրցունակ… Իսկ թե մենք հավատում ենք, թե ոչ, ասեմ, որ Արմավիրում փորձնական կարգով կրթական ծրագիր ենք անցկացնում՝ համակարգչային ուսուցում, լեզվի ուսուցում, և բավական հաջող է: Տոկոսային առումով անհամեմատ ավելի շատ կլինեն աշխատանքի անցած դատապարտյալները, եթե անցնեն նման ծրագրեր»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առաջարկվում է դատապարտյալների համար կրթական դասընթացներ անցկացնել՝ ազատ արձակվելուց 6 ամիս առաջ. Սուրեն Քրմոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*