Կրթության այս չափորոշիչները տանում են փակուղի, ազգային նկարագիր ձևավորելու առումով այս դասագրքերը առ ոչինչ են. ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Մի քանի օր է՝ ԿԳՄՍ նախարարության կայքում դրվել և բուռն քննարկումների առիթ է դարձել կրթության հայեցակարգի և չափորոշիչների վերաբերյալ փաստաթուղթը: Պետք է նշեմ, որ մխիթարական չէ վիճակը «Հայոց պատմության» պարագայում: Մենք երկու օր առաջ 22 անդամներով  ամբիոնի նիստ հրավիրեցինք և հարյուր տոկոս դժգոհությամբ նույն կարծիքն էինք արտահայտում և որոշեցինք փաստաթուղթ կազմել , որտեղ նշվել են հիմնական 5 խնդիրները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ -ում «Հայոց պատմության» ամբիոն վարիչ Արտակ Մովսիսյանը:

Նրա հավաստմամբ՝ նոր դասագրքերի համար վերցվել է սինգապուրյան և ամերիկյան դպրոցի մոդելը, ինչը հումանիտար գիտությունների, ազգային առանձնահատկություն ունեցող առարկաների դեպքում անթույլատրելի է:

«Կրթությունը այն ոլորտը չէ, որ իշխանությունը գա վերցնի իր նախասիրություններով փոփոխություն անի, պատկերացրեք մի քանի տարի հետո նոր իշխանություն գա և  վերցնի կիրառի ֆրանսիական մոդելը: Կրթությունը որբի գլուխ չէ, որ եկող — գնացողը վարսավիրություն սովորի:

Այսօրվա ծրագրով «Հայոց պատմություն» առարկան հանվում է 6-րդ  դասարանից և 7-րդ դասարանից են սկսվում: Դասագիրքը սկսում է ներածությունից, միանգամից 9-րդ դարից՝ Քրիստոսից առաջ Ուրարտու, Արարատյան Վանի թագավորություն: Բաց է թողնվում, վաղ պետական կազմավորումները՝ նախնադար, վաղնջական Հայաստան, իսկ մեր քաղաքակրթության ակունքները այնտեղից են գալիս: Այսպիսի հսկայական դարաշրջանների բացթողումը ոչ մի ձևով արդարացված չէ: Մենք ունենք 5000 տարվա պատմություն և վերցնել 2000 տարին մի կողմ դնել, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»:

Արտակ Մովսիսյանը նշում է, որ դասագրքերում խախտված են նաև պատմական իրադարձությունների ժամանակագրությոնը.

«Ավագ դպրոցում 10- րդ դասարանի առաջին թեման  սկսվում է Վանի Արարատյան թագավորությունից և հասնում է մինչև 14-րդ դար և դասագիրքը  ավարտվում է: Տրամաբանորեն պետք է 11-րդ դասարանը սկսվի 15-րդ դարից, բայց սկսում է 5-6-րդ դարի պայքարի ինքնության համար՝ Վարդանանց պատերազմից և ավարտվում  20-րդ դարավերջի նոր Հանրապետության ստեղծումով, իսկ 12-րդ դասագիրքը սկսվում է Խորհրդահայ հասարակությունից:

Պետք է նշեմ նաև, որ նախարարարության այն պնդումը, որ «Հայոց եկեղեցու պատմություն»-ը միացվում է «Հայոց պատմությանը»՝ ճիշտ չէ: Այսօր  հիմնական դպրոցում «Հայոց պատմության» առարկան 204 ժամ է, միավորման  դեպքում պետք է ստացվեր 336 ժամ, բայց առաջարկվող ծրագրում 255 ժամ է, իսկ ավագ դպրոցում ընդհանրապես անհետանում է «Հայոց եկեղեցու պատմության» ժամերը: Մեզ համար կարևոր է հայոց պատմության առարկայի նպատակադրումը, եթե հայոց պատմությունը առաջինը հայ երեխայի մեջ հայրենասիրություն չի զարգացնելու, ի՞նչ է զարգացնելու»:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն  ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ծրագրերի այսպիսի մոդել գործում է նաև Վրաստանի դպրոցների դասագրքերում, այն  արևմուտքի մոդելն է, որը այժմ տեղադրվել  է «Հայոց պատմության» դասագրքում, ինչը «Հայոց պատմության» առարկայի դեպքում ճիշտ չէ:

«Շատ դեպքերում խոսվում է այն մասին, որ երեխայի մոտ պետք է ձևավորվի պատմական մտածողություն, որը պետք է կառուցվի ժամանակագրության հիման վրա, որը Խորենացու խոսքերն է, սակայն այս ծրագրով ժամանակագրություն գոյություն չունի, միայն տարբեր տեղերից թռիչքներ են: ԵՎ երբ ժամանակգրությունը խախտվում է, երեխայի մոտ տրամաբանական կապը չի ձևավորվում, պետք է երեխան մի դարաշրջանը պատկերացնի, նոր անցում կատարի մեկ այլ դարաշրջան»:

Աշոտ Մելքոնյանը նշում է,որ իրեն  զարմացնում է այն հանգամանքը, որ ծրագրերը կազմելիս խորհրդակցութուն չի արվում մասնագետների հետ.

«Ինչի՞ նախապես չեն քննարկվում, չեն ուղարկվում Գիտությունների ակադեմիա, մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետներ և երբ իմ գործընկերները զանգում են համալսարանից և մանկավարաժականից և ասում են՝ ծանոթացե՞լ ես, հասկանում եմ, որ հաջորդ ծրագիրն է շրջանառվել, որի մասին մենք տեղյակ չենք և պետք է  մեզ կանգնեցնեն փաստի առաջ: Մենք հո մեր երկրի թշնամին չենք: Մենք բացարձակապես չենք հավակնում նոր դասագրքերի ստեղծման,  ով ուզում է թող գրի, բայց այս չափորոշիչները տանում են փակուղի, ազգային նկարագիր ձևավորելու առումով այս դասագրքերը առ ոչինչ են»,-նշեց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կրթության այս չափորոշիչները տանում են փակուղի, ազգային նկարագիր ձևավորելու առումով այս դասագրքերը առ ոչինչ են. ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն"

Leave a comment

Your email address will not be published.


*