Իրավիճակը չենք կարող փրկել միայն դիմակ, ձեռնոց կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու հորդորներով. Լ.Մանուկյան

Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում տարվող հակահամաճարակային քաղաքականությանը, մասնավորապես դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշել է, որ եթե ևս մեկ ամիս ավելի խիստ ռեժիմով պահվեին սահմանափակումները, արդեն հաղթահարած կլինեինք համաճարակը, ինչպես նաև հանդես է եկել առաջարկներով։

Լ. Մանուկյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի պարոն Փաշինյան, ուզում եմ հայտնել իմ երախտագիտությունը այս ճգնաժամային պահերին ժողովրդի հանդեպ մեծ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելու համար, որ անգամ ինքներդ վարակակիր լինելով փորձում եք ժողովրդի հետ լինել, սատարել և ամեն ինչ անում եք այս ծանր իրավիճակից դուրս գալու համար։ Ցանկանում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն, անսպառ ուժ ու եռանդ։
Ես, որպես 28 տարվա բժիշկ թերապևտ, ցանկանում եմ կիսել Ձեզ հետ իմ տեսակետը՝ կորոնավիրուսի հակահամաճարակային մի շարք հարցերի հետ կապված։ Խնդիրները շատ են՝ և՛ հին չլուծված և՛ նոր առաջացած։ Քանի որ երեք ամսվա ընթացքում բաց մասնագիտական բժշկական քննարկումներ չեն եղել տարբեր հարթակներում (նույն ֆբ), որը ես բազմիցս առաջարկել եմ, որպեսզի և՛ բժիշկները և՛ ժողովուրդը լսեն գրագետ ու հիմնավորված կարծիքներ համաճարակի կանխարգելման, բուժման, բարդությունների և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման մասին՝ ոլորտի առաջատար մասնագետների և փորձագետների կողմից, ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների, այլ ոչ թե տեսնելով ամենօրյա ավելացող թվերը, մահճակալային ֆոնդի սպառումն ու հիվանդանոցային գերծանրաբեռնվածությունը (ժողովուրդը այս մասին ընդհանրապես չպետք է իմանա), ընկնեն անորոշության, սթրեսի, տագնապի մեջ և վերջապես թերահավատորեն վերաբերվեն իրավիճակին՝ չենթարկվելով արտակարգ դրության կանոններին։

Հարգելի՛ պարոն վարչապետ, մեկամսյա արտակարգ դրության ժամանակ մեր ժողովուրդը հազիվ թե 50% պահպանեց հակահամաճարակային կանոնները, ի դեպ, ազգային ժողովում դիմակ և ձեռնոց կրեցին 25.05 — ից, անգամ կարգը պահպանող ոստիկանն  ու պաշտոնյան այդ օրերին չէին կատարում պարետի կողմից սահմանված կանոնները. մթերային խանութներում 50-70 մարդ, ոչ դիմակ, ոչ ձեռնոց, ոչ սոցիալական հեռավորություն։ Սահմանափակումները թուլացրեցինք շատ շուտ, այնինչ հակառակը, եթե ևս մեկ ամիս ավելի խիստ ռեժիմով, ինչպես հիմա ենք սկսել, պահեինք, կարծում եմ, արդեն հաղթահարած կլինեինք համաճարակը (գոնե վարակվածների և բուժվածների թիվը կհավասարվեր, այլ ոչ 10 անգամ ավելին կլիներ )։
Այս օրերին վարակակիրների սրընթաց ավելացումը 18-25.05 անորոշ իրավիճակն էր, երբ դիմակը, կարծես թե, պարտադիր չէր, անախտանիշ և թեթև դեպքերը սկսեցին բուժվել ու հսկվել տանը։ Ի դեպ, կորոնավիրուսով հաստատված հիվանդի ընտանիքի անդամներին չեն թեստավորում՝ մինչև ջերմությունը չբարձրանա 38°(միայն 60-ից բարձր) ։ Դուք բազմիցս նշել եք, որ վարակի անխնա տարածման վտանգը հենց անախտանիշ վարակակիրներն են ներկայացնում, որոնք ունեն լավ ինքնազգացողություն, ազատ տեղաշարժվում են և տեղյակ չեն, որ վիրուսակիր են։ Ինչպես կարելի է հաստատված թեթև և անգանգատ ընթացք ունեցողների հարազատներին և ընտանիքի անդամներին չթեստավորել, և նրանք հանգիստ դրսում ման գան, անգամ եթե դիմակով են.  չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ տանը մեկուսանալու հնարավորություն շատ քչերը ունեն, և դիմակներն էլ հաճախակի չեն փոխվում՝ կրոելով դրանք 2-3 օր։ Հետևաբար, հաստատված վարակակրի ընտանիքի բոլոր անդամներն էլ կարող են անախտանիշ վարակակիր լինել և տարածել վիրուսը իրենց ազատ տեղաշարժով։ Դիմակների, ձեռնոցների կրումը և սոցիալական հեռավորությունը պահպանելը անշուշտ պարտադիր է, դա միակ համաշխարհային հակահամաճարակային միջոցառումն է։ Բայց իմ կարծիքով, դիմակ կրելը անհրաժեշտ է միայն փակ տարածքներում։ Մենք պետք է հասկանանք, որ՝

1) դիմակը ոչ թե 100% կանխարգելում է վարակի տարածումը, այլ նվազեցնում վարակվելու հավանականությունը,

 2) բաց տարածքներում անիմաստ է դիմակ կրելը, առավել ևս, երբ օդի ջերմաստիճանը շուտով կբարձրանա 30-35 աստիճան և ավելի դժվար կլինի դիմակով քայլել փողոցում։

Բաց տարածքում բավական է սոցիալական հեռավորությունը պահպանելը։
Այնպես որ՝ միայն հորդորել դիմակ և ձեռնոց կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը՝ իրավիճակը չենք կարող փրկել։
Ես առաջարկում եմ արտակարգ դրության զանգվածային հակահամաճարակային բժշկական կանխարգելման միջոցառումներ իրականացնել՝
1) անցնել զանգվածային թեստավորումների՝ կատարել ԻՖԱ հետազոտություն, որի միջոցով հայտնաբերվում են ոչ միայն ներկայիս վարակակիրները, այլ նաև արդեն վարակը հաղթահարած անախտանիշները, որպեսզի ասիմպտոմ վարակակիրները հայտնաբերվեն և մեկուսացնել, թեկուզ նույն հյուրանոցներում, որտեղ և իրենց հետագա բուժման ու վարման հարցերով կզբաղվեն տեղամասային թերապևտները։
2)Թեսթավորման հետ մեկտեղ բոլորին թթվածնի հագեցվածության (սատուրացիայի) ստուգում կատարել (< 93 դեպքում թոքերի ռենտգեն հետազոտություն/ համակարգչային շերտագրում), իհարկե, սկզբում խոցելի խմբերում՝ տարեցներին և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, հետո նոր՝ մյուսներին։
2) Առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊՕ) բժիշկների համար մշակել և հատկացնել ուղեցույցներ ու չափորոշիչներ՝ թեթև և միջին ծանրության թոքաբորբով հիվանդների վարման համար տնային պայմաններում կամ պոլիկլինիկայում՝ մեկուս գոտում ցերեկային ստացիոնար կազմակերպել՝ հաշվի առնելով հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը և հիվանդների հոսպիտալիզացիայի հետ կապված ներկայիս դժվարությունները։ Ապահովվել պատշաճ անհատական պաշտպանիչ միջոցներով պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում բուժանձնակազմին և այցելուներին ։ ԱԱՊՕ աշխատանքները կանոնակարգելու և վերահկելու համար պետք է ստեղծվի համակարգող հանձնաժողով։
3) Վերապրոֆիլավորված ինֆեկցիոն հիվանդանոցներ հոսպիտալիզացնել միայն ծանր դեպքերը։
4) Հասկանալ և գտնել պատճառահետևանքային կապը բուժման ցածր արդյունավետության պարագայում, թե ինչու է բուժվածների թիվը 5 -7 անգամ պակաս վարակվածներից, այսինքն՝ ինչու է վարակվում 697, իսկ բուժվում 10 մարդ։ Վերանայել հիվանդանոցներում ծանր և միջին ծանրության վարակակիրների բուժման և վարման մոտեցումները՝ համադրելով միջազգային անընդատ փոփոխվող փորձը։

Շնորհակալություն….  Ներողություն եմ հայտնում, եթե խոսքս երկար էր։ Հուսով եմ, օգտակար կլինեմ իմ ժողովրդին և  բազմաչարչար գորընկերներիս։ Մաղթում եմ բոլորիս առողջություն, համբերություն՝ ևս մեկ անգամ կոչ անելով պահպանել զգոնությունն ու կարգապահությունը, որպեսզի կարճ ժամկետներում հաղթահարենք այս ճգնաժամը»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իրավիճակը չենք կարող փրկել միայն դիմակ, ձեռնոց կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու հորդորներով. Լ.Մանուկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*