Ադրբեջանցի դատախազը խնդրել է Լապշինին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ուրբաթ շարունակվել է Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը, գրում է «Թրենդ» գործակալությունը:

Դատավոր Ալովսաթ Աբասովի նախագահությամբ դատական նիստին դատախազը խնդրել է Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով: Դատարանի հերթական նիստը կայանալու է հուլիսի 19-ին:

Ավելի վաղ՝ հուլիսի 12-ին, հաղորդվել էր, որ ավարտվել է բլոգերի գործով դատաքննությունը: Դատախազը խնդրել էր դատարանին իրեն ժամանակ տրամադրել մեղադրական ճառի պատրաստման համար:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:

Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադրբեջանցի դատախազը խնդրել է Լապշինին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման"

Leave a comment

Your email address will not be published.


*