Լոգոպեդիան որպես մանկավարժական գիտություն

Լոգոպեդիան գիտություն է խոսքային խանգարումների ախտորոշման, ուսումնասիրման, շտկման և կանխարգելման մասին: Լոգոպեդիան հատուկ մանկավարժության մի բնագավառ է: Լոգոպեդիան որպես մանկավարժական գիտություն սերտորեն կապված է մի շարք այլ գիտությունների հետ` սուրդոմանկավարժություն, տիֆլոմանկավարժություն, օլիգոֆրենոմանկավարժություն և այլն:

Լոգոպեդիայի առարկան խոսքային խանգարումներն են և դրանց շտկման գործընթացը: Հետազոտման օբյեկտը` մարդն է, որն ունի այս կամ այն խոսքային խանգարումը: Լոգոպեդիայի նպատակն է խոսքային խանգարումների կանխարգելումը և խոսքային խանգարումներով անձանց համար կրթության և դաստիարակության տեսական հիմնավորված համակարգի մշակումը:

Լոգոպեդիայում հիմնականում կիրառվում են հետևյալ լեզվական տերմինները և հասկացությունները`

1. Հնչյունային արտաբերության թերություններ (բացակայություն, շփոթում, աղավաղություն):

2. Բառաքերականական թերություններ (աղքատ բառապաշար, բառերի աղավաղում, բառում վանկային փոփոխություններ, ագրամատիզմներ):

3. Խոսքի մեղեդային, շեշտադրական խանգարումներ, որոնք բնութագրվում են ձայնառաջացման շեղումներով, ձայնի բարձրության ուժգնության և տեմբրի փոփոխություններով: Ձայնը խռպոտ է, ցածր, խուլ, մարող:

4. Խոսքի տեմպոռիթմիկ խանգարումներ (խոսքի արագացված տեմպ, խոսքի դանդաղեցված տեմպ, խոսքի չպատճառաբանված ընդհատումներ):

5. Գրավոր խոսքային խանգարումներ (ոչ ճիշտ տառային ընկալում, որն արտահայտվում է ընթերցանության ժամանակ տառերի շփոթում, բաց թողումներ, ագրամատիզմներ):

Լոգոպեդիան իր առջև, որպես գիտություն լուծում է հետևյալ խնդիրները`

1. Խոսքի գործունեության օնտոգենեզի ուսումնասիրություն` խոսքի խանգարումների տարբեր ձևերի ժամանակ,

2. Խոսքի խանգարման էթիոլոգիայի (առաջացման պատճառներ), ախտահարման մեխանիզմի և ախտանիշների ճշտում,

3. Խոսքի խանգարման շտկման մեթոդների և սկզբունքների մշակում,

4. Խոսքի խանգարման կանխարգելում և այլն:

Խոսքային խանգարումների առաջացման պատճառները

Խոսքային խանգարումների առաջացման պատճառներն (էթիոլոգիան) են օրգանիզմի վրա բացասաբար ներազդող արտաքին (էկզոգեն) և ներքին (էնդոգեն) գործոնները: Էթիոլոգիա հունական ծագման բառ է: Այն ուսմունք է հիվանդության առաջացման պատճառների մասին:

Մ.Ե. Խվատցևը խոսքային խանգարումների առաջացման պատճառները դասակարգեց և առանձնացրեց արտաքին և ներքին պատճառներ, ինչպես նաև առանձնացրեց օրգանական և ֆունկցիոնալ, սոցիալ—հոգեբանական և հոգենյարդաբանական պատճառներ:

Խոսքային խանգարման էթիոլոգիայում հարկ է նշել ժառանգական գործոնի դերը: Անհաջող ժառանգականությունը և ծնողների ոչ ճիշտ ապրելակերպը անմիջականորեն կարող են ներազդել ապագա երեխայի խոսքային գործունեության վրա: Մասնավորապես`

· թմրամոլությունը

· ալկոհոլիզմը և ծխախոտը

· մասնագիտական միջավայրը (աշխատանք քիմիական ակտիվ տարրերի հետ):

Պրենատալ (ներարգանդային) , նատալ (ծննդաբերական) և պոստնատալ (հետծննդյան) շրջաններում առաջացած խնդիրները նույնպես կարող են առաջացնել խոսքային խանգարումներ:

Պրենատալ (ներարգանդային) շրջանում պտղի վրա անբարենպաստ ազդեցություն կարող են ունենալ հետևյալ գործոնները`

· տոքսիկ հղիությունը, մոր խրոնիկ և սուր ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, կարմրուկ, ցիտոմեգալո վիրուս, տոքսոպլազմոս, երիկամային և սրտային աբավարարություն և այլն)

· ռեզուս-գործոն

· սթրեսային վիճակները:

Նատալ (ծննդաբերական) շրջանում տրավմաները (թթվածնային քաղց, ոչ ճիշտ աքցանադրում և այլն):

Պոստնատալ (հետծննդյան) շրջանում երեխայի վաղ զարգացման փուլում խոսքի ձևավորման վրա կարող են ներազդել հետևյալ պատճառները գլխի տրավմաները, գլխուղեղի ցնցումները: Մենինգիտները և մենինգո-էնցեֆալիտները: Միջին և ներքին ականջի երկարատև բորբոքային հիվանդությունները, որի արդյունքում կա՛մ նվազում է երեխայի լսողությունը, կա՛մ էլ իսպառ կորում: Որոշ դեղորայքի կիրառումը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ լսողական նյարդի վրա, իսկ արդյունքում նաև խոսքի վրա և այլն:

gmpress.am-ի փոստից

Թագուհի Մելքոնյան ,
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, մագիստրատուրա, հոգեբանություն 1-ին կուրս

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Լոգոպեդիան որպես մանկավարժական գիտություն"

Leave a comment

Your email address will not be published.


*