Զորացրված զինծառայողների զինգրքույկներում անվավեր ճանաչված գրառումները զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքն են. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել զորացրված զինծառայողների զինգրքույկներում անվավեր ճանաչված գրառումների վերաբերյալ։
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում:

Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով. ասված է ԼՂՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի խմբագրություն էր դիմել հունվարի 17-ին զորացրված Հայկ Գինովյանը՝ բողոքելով, որ զորացրվելու ժամանակ իր զինգրքույկում սպիտակ ներկով ջնջվել է հատվածն այն մասին, որ ինքը ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին:

Հայկը Tert.am-ի խմբագրություն է ներկայացրել իր ու նույն զորամասում ծառայած ընկերոջ զինգրքույկների լուսանկարները: Իր զինգրքույկում սպիտակ ներկով ջնջված է ապրիլյան պատերազմին մասնակցելու հատվածը, իսկ ընկերոջ զինգրքույկում պարզ երևում է, որ նախ գրվել է, որ զինվորը մասնակցել է ապրիլյան պատերազմին, հետո վրան կարմիր գրիչով գրվել է՝ անվավեր:

Ընդ որում՝ Մարտունիում նույն մարտկոցից ամռանը 7-8 զորացրվածների գրքույկներում հաստատել են, որ նրանք մասնակցել են մարտական գործողություններին, իսկ իրենց զորացրելու ժամանակ պահանջել են գրքույկները ու ներկով ջնջել այն հատվածը, որ իրենք նույնպես մասնակցել են մարտական գործողություններին:

ԼՂՀ ՊԲ-ն ավելի վաղ դարձյալ անդրադարձել էր հրապարակմանն ու նշել էր, որ Հայկ Գինովյանն իր ծառայությունն անցկացրել է այն հատվածում, որտեղ ապրիլին բացահայտ պաշտպանողական և հակահարձակողական ռազմական գործողություններ չեն ընթացել։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Զորացրված զինծառայողների զինգրքույկներում անվավեր ճանաչված գրառումները զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքն են. ԼՂՀ ՊՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*