Տեղի ունեցավ ԿԳՄՍ-ի որոշման դեմ դատական գործով նիստը


Այսօր ՝ դեկտեմբերի 6-ին Երևանի վարչական դատարանում տեղի ունեցավ Երևանի «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի՝ «Ատամնաբուժություն և Բուժական գործ» մասնագիտությամբ լիցենզիա ստանալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մերժման դեմ գործով դատական նիստը: Պարտավորեցման հայցով հայցվորը՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԳՄՍ նախարարի 2019թ.-ի սեպտեմբերի 30-ի որոշումը և պարատվորեցնել տվյալ նախարարությանը ընդունելու բարենպաստ վարչական ակտը:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Մադոյանը «Ատամնաբուժություն և Բուժական գործ» մասնագիտություններն ուսուցանելու համար գնել է նոր կահավորանք, ժամանակակից սարքավորումներ և գործիքներ՝ ծախսելով մոտ 50 000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի համաձայնագրով նախապատրաստվել են համատեղ աշխատելուն, սակայն ստացել են ԿԳՄՍ-ի մերժումը՝ «մանկավարժական կազմի, ուսումնական պլանի, զբաղեցրած տարածքների և հայտի սահմանված կարգի պահանջներին չհամապատասխանելու հիմքերով», որը հայցվոր կողմը համարում է վերացական:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիազորված անձինք նիստի սկզբում նշեցին, որ հայցադիմումի օրինակը չեն ստացել և ժամանակ խնդրեցին, ինչին ի պատասխան ասվեց, որ այն փոփոխության չի ենթարկվել և մի քանի րոպե ընդմիջում հայտարարվեց, որպեսզի նրանք հասցնեին ուսումնասիրել թղթերը, որից հետո նիստը վերսկսվեց և պատասխանող կողմը հայտարարեց, որ չեն ընդունում և ամբողջությամբ առարկում են հայցը:
gmpress.am-ի հետ զրույցում հայցվոր Վաղարշակ Մադոյանի փաստաբան Ա.Պողոսյանը նշեց, որ իր պաշտպանյալը դիմել է նախարարությանը՝ «Ատամնաբուժություն և Բուժական գործ» մասնագիտությամբ լիցենզիա ստանալու համար, վերջինիս դիմումը անհիմն մերժվել է. «Մերժման որոշման մեջ ընդհանուր բլանկետային ձևակերպումներով ինչ-որ նախադասություններ են և հստակ որևէ նշում, թե կոնկրետ պարտադիր պայմաններից որոնք չեն համապատասխանում՝ չկա, որի հիման վրա էլ տրված մերծումն այս պահին դատական կարգով վիճարկում ենք»,-հավելեց փաստաբանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները մեզ հետ զրուցել չցանկացան՝ խոստանալով դա անել դատական գործի ավարտից հետո:

Նշենք նաև, որ վերոնշյալի վերաբերյալ Վ.Մադոյանը բաց նամակ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից մի փոքր հատված մեջբերենք միայն. «Կրթության և մանավանդ բարձրագույն կրթության ոլորտում գլխավոր նպատակը պետք է լինի առաջադիմության բարձրացումը (իրականորեն)։ Ամեն ինչ պետք է ուղղված լինի դրան։ Մասնավոր կրթությունը ստեղծում է պետական բուհերի համար անհարմար մթնոլորտ՝ մրցակցություն, ընդ որում՝ առանց պետությունից ջանք պահանջելու, իսկ կրթությունը (ինչպես ամբողջ երկիրը) զարգանում է մրցակցության առկայության պայմաններում …. Մի՞թե մեր երկրում երբեք չպիտի գնահատվեն ո՜չ գիտական վաստակը, ո՜չ ազնվությունը (բա կարծես պայքարում ենք կոռուպցիայի դե՞մ)։ Շատ դժվար է ամբողջությամբ նվիրվել հայրենիքիդ և իշխանության կողմից մշտապես ընդունվել որպես երկրորդ կարգի անձնավորություն։ Իհարկե, այս նամակը ես գրում եմ՝ Ձեր օգնություն արդարությունը ակնկալելով։ Հավաստիացնում եմ, որ այսօր մեր հանրապետությունում նման իրավիճակում եմ ոչ միայն ես։ »,նշել է ռեկտորը ՀՀ վարչապետին ուղղված իր բաց նամակում։
Դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով սույն թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 16 անց 15-ին:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տեղի ունեցավ ԿԳՄՍ-ի որոշման դեմ դատական գործով նիստը"

Leave a comment

Your email address will not be published.


*