Մեծ շուքով նշվեց Երևանի թիվ 131 հիմնական դպրոցի անվանակոչության 50-ամյա հոբելյանը

Մայիսի 24-ին Երևանի  Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցը մեծ շուքով և հանդիսավորությամբ նշեց  անվանակոչության 50-ամյա հոբելյանը:   Նշենք, որ դպրոցն իր կրթական հյուրընկալ դռները բացել է 1963թ.-ից, իսկ 1966-ից կրում  է բուլղար մեծ բանաստեղծ, դրամատուրգ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Պեյո Յավորովի անունը:

Օրը նշանավորվեց խորհրդանշական արարողությամբ՝ դպրոցի բակում խաչքար-հուշարձանի տեղադրմամբ, որի բացման պատիվը վերապահված էր Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին և Երևանի ավագանու անդամ, մեկենաս, դպրոցի նախկին շրջանավարտ Գրիգորի Գրիգորյանին:

Միջոցառմանը ներկա են գտնվել  Բուլղարիայի դեսպանը, Բուլղարիայի խորհրդարանական պատվիրակությունը, ՀՀ-ում Բուլղարիայի և սլավոնական մի շարք երկրների դեսպանություններից հյուրեր, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը և այլոք:

Մինչ տոնական միջոցառման շարունակությանը՝ մշակութային ծրագրին անցնելը` նախ հյուրերին դպրոցի կոմիտասյան սրահում հայկական ու բուլղարական երգերով ողջունեցին դպրոցում գործող միակ՝ ուսուցչական, Կամերային և փոքրիկների երգչախմբերը, որից անմիջապես հետո  տնօրեն  Գրիգոր Սաֆարյանի հրավերով և ուղեկցությամբ հյուրերն այցելեցին դպրոցի ‹‹Պեյո-Յավորով›› հայ-բուլղարական բարեկամության թանգարան, որին էլ հաջորդեց դպրոցի սաների մասնակցությամբ ծրագիրը՝ հայ-բուլղարական երգ ու պարով, Յավորովի կյանքի մասին պատմող , դպրոցի անցած ուղու, պատմության և այլ դրվագներով:

Մշակութային մասի ավարտը նշանավորվեց հյուրերի կողմից շնորհավորական և գովեստի խոսքերով, իսկ տնօրենի կողմից պարգևատրմամբ՝ հուշամեդալներով ու փոքրիկ հուշանվերներով (իր ձայնասկավառակը և կրթօջախի 50-ամյա պատմությանը նվիրված  ‹‹Խորան լուսո›› գիրքը),  մասնավորապես՝ ‹‹Պեյո Յավորով›› հուշամեդալը պարոն Սաֆարյանը մեծ սիրով փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, իսկ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն էլ իր հերթին  ընդգծելով դպրոցի դերը՝ հայ-բուլղարական բարեկամության կամրջի ամրացման և երկկողմ կապերի ամրապնդման գործում՝ հրապարակեց Տարոն Մարգարյանի որոշումը՝ կրթության բնագավառում ունեցած ձեռքբերումների և հոբելյանի կապակցությամբ Երևանի Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցին «Երեւանի զինանշան» մեդալով պարգևատրելու մասին։

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը դպրոցին ցուցաբերած անձնական նվիրումի համար արժանացավ ‹‹Կրթօջախի պատվավոր անդամ››-ի կոչմանը.  ‹‹Հարգելի ներկաներ , ես նույնպես բոլորիս շնորհավորում եմ նման հիշարժան օրվա կապակցությամբ: Շնորհակալությունս եմ հայտնում  ուսուցչական ողջ անձնակազմին՝ պարոն Սաֆարյանի գլխավորությամբ, որ այսօր պարզապես որպես աջափնյակցի ներկա գտնվելով այս միջոցառմանը՝ շատ հպարտ եմ, որ նմանօրինակ բարձրաստիճան հյուրեր, պատվարժան մարդիկ են այստեղ և այս ամենը կատարվում է հենց Աջափնյակ վարչական շրջանում: Շնորհակալ եմ պարոն Սաֆարյան՝ նման պատվի և հպարտության արժանացնելու համար››,-իր խոսքում նշեց վարչական շրջանի ղեկավարը:

Խաչքար-հուշարձանի մեկենաս Գրիգորի Գրիգորյանին և Բուլղարիայի դեսպանատան պատասխանատու աշխատող Վասիլ Վասիլևին ևս հուշամեդալներ տրվեցին՝ դպրոցի նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար:

Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական, գեղեցիկ մի ավանդույթով՝ թոշակի անցնող, վաստակաշատ, ինչպես տնօրենը նշեց՝ ‹‹վետերան-ուսուցիչներին›› իրենց մեծ վաստակի, ներդրումների, տասնյակ տարիների կատարած մեծ, դժվարին, պատվաբեր ու բարեխիղճ աշխատանքի համար ‹‹Կրթօջախի պատվավոր անդամ›› հուշամեդալով պարգևատրելու գեղեցիկ արարողությամբ:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներն ամբողջությամբ:

Նյութի և լուսանկարների հեղինակ՝ Գաբրիել Եգանյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մեծ շուքով նշվեց Երևանի թիվ 131 հիմնական դպրոցի անվանակոչության 50-ամյա հոբելյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*