Կերած-խմածնե՞րի ողբը. Վ․Մադոյանի «Մեր սերնդի ճակատագիրը» ժողովածուի մասին

Զարմանալի չէ, որ մեր ճակատագրի մասին տարբեր տեսակետներ կան։ Ալեքսանդր Կարապետյանի տեսակետը (գուցե նաև անուն-ազգանունը շինծու է) արտահայտում է այդ տարիների կառավարիչներինը, Մադոյանինը՝ մեր ժողովրդի կարծիքն է, որին մեծ թալանից բան չհասավ։ Եթե վեպի հերոսը պնդում է, որ հանրային հարստությունը հասնելու էր բոլորին հավասար, որ պետք է համախմբեր ազգի լավագույն ուժերը, լուծեր պետական խնդիրները, որի հետ կլուծվեին նաև անհատականները, Կարապետյանը համարում է տեղի ունեցած տարբերակը լավագույնը․ ով հասավ իշխանության՝ ձեռքն ընկածը պետք է կրի տուն։ Այսպես պետություն չեն կառուցում։ Նման պետությունը պետք է մնա ձեռքը ողորմության մեկնած. այն, ինչ ունենք հիմա։ Գրքում զետեղված «Երկրի ապագան» պատմվածքը մի քանի էջում բացահայտում է ԽՍՀՄ փլուզման կարևոր պատճառներից մեկը․ եթե քարտուղարները մի քիչ զսպեին ախորժակները, քիչ կաշառք վերցնեին, մեր ապագան հիմա այլ կլիներ։ Մեր ղեկավարությունն էլ պետք է դա հասկանար։ Կարապետյանը գրում է, որ կոմունիստներից հետո Հայաստանում կաշառք չի եղել․ բամբասանքներ էին։ Հետաքրքիր է, մի քայլ անել առանց կաշառքի հնարավո՞ր էր։ Վեպում լրջորեն դրվում է պետական կառավարության համար պատասխանատվության հարցը։ Կարծես թե ժողովուրդն է ընտրում ղեկավարություն, իսկ «ժողովուրդը երբեք չի սխալվում». պնդում է Կարապետյանը։ Ինչպես ցույց տվեցին վերջին ընտրությունները, մի քանի ամիս առաջ 70% հավաքած իշխող կուսակցությունը, արդար ընտրություններում չստացավ նույնիսկ 5 տոկոս։ Դժվար չէ եզրակացնել, որ իշխանությունը ձևավորում էր ոչ թե ժողովուրդը, այլ իշխանավորները, քանի որ «ազնիվ ճանապարհով» միլիոնատեր էին դարձել։ Մարդիկ, ովքեր տեսել են խորհրդային կարգեր, իհարկե համարում են Հայաստանը ոչնչացված, քանի որ գիտեն՝ երկրի հզորությունը նրա գիտության և արտադրության մեջ է։ Հիմա մենք բացի հացի ու կերակրի արտադրությունից բան չունենք։ Կերակուրն էլ ստանում ենք երկրի ընդերքի պաշարների հաշվին։ Բա չէ՞ որ դրանք շատ սակավ են, իսկ Հայաստանում պետք է հերթական սերունդներ ծնվեն։ Մենք հասկանում ենք, որ երկիրը ազատություն ձեռք բերեց ԽՍՀՄ փլուզման արդյունքում, բայց դրանից պետք էր օգտվել ու երկիր կառուցել։ Մեզ չի հետաքրքրում, որ Գերմանիայում կամ Չեխիայում պատերազմի ժամանակ գուցե թալանում են․ մենք պետք է այդ բանին չգնայինք։ «Մարդը պետք է կյանքը վայելի»։ Ճիշտ եք, Կարապետյան։ Մադոյանը նույն կարծիքին է, բայց դա հասկանում է այլ կերպ, ինչպես հասկանում են բոլորը, ովքեր Արցախում հայրենիքի համար արյուն թափեցին․ կյանքը վայելում ես, երբ հոգեպես հպարտ ես, իսկ մարդու առաջին հպարտությունը հայրենիքն է։ Եվ ամբողջ վեպը հայրենիքի գովք է, սկսած գլխավոր հերոսների և վերջացրած տիկին Արմինի կերպարով։ Ես արտահայտում եմ անշուշտ իմ կարծիքը, բայց այդպես մտածում են իմ բարեկամները, հարևանները, ծանոթները։ Մադոյանն ասում է այն, ինչ մենք բոլորս սպասում էինք։ Ու գրքի նպատակը միայն անցած տարիները չեն․ այն ահազանգ է նաև մեր այսօրվա ղեկավարներին։

Սաթենիկ Կիրակոսյան, Լոռի

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կերած-խմածնե՞րի ողբը. Վ․Մադոյանի «Մեր սերնդի ճակատագիրը» ժողովածուի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*