«Մեր սերնդի ճակատագիրը». գրքի խիտ տպավորություններով

Կարդացի հաճույքով, նաև դառնությամբ, նաև հուզմունքով.  իմ սերնդի խեղված ճակատագրի մասին վեպ-ժամանակագրություն էի ընթերցում,  և վերհուշն ու վերապրումը  «անփույթ» կորցրած տարիների ծանր զգացողություններ էին արթնացնում…

Եղավ այդպիսի մի սերունդ։ Եղավ այդպիսի իրական, կատարված եղելություն, երբ հերոսացումն ու անփառունակ գործերը ապրում էին կողք-կողքի. երբ մի  ժողովուրդ պատերազմ էր գնացել՝ մեծով ու փոքրով։ Եղավ այդ եղելությունը, երբ անլույս, անվերելակ, ‹‹աննորշոր››, ‹‹աննորկոշիկ››, առանց կշտանալու ապրող  մի սերունդ չընկրկեց, դիմակայեց, թիկունք  թիկունքի եղավ։ Առասպելական սերունդ եղավ։  Ու եղավ այդ հերոսացումի կողքին նաև այլ տարեգրություն՝ ստորության, թալանի, ամենաթողության, ոգեզրկության, անհայրենիքության, կեղծ բարեպաշտության…Աչք թարթելու չափ մոտիկ անցյալ ժամանակ, և …ջարդուխուրդ եղած ճակատագրեր, մի երկու կիսատ բուռ ստահակների  «բաշարելը»…

 Երևի բոլորս էլ չիրականացած երազանքներ ենք ունենում. մեր սերնդինը ցավալիորեն  հանիրավի կորսված մանկություն, պատանեկություն, հետո հասուն ու խոհուն տարիներ և միշտ թերի մնացածի, կիսատ-պռատի զգացողություն եղավ .«և եղև խավար». շատ էր խավարը…

Կարդացի սրտի ցավով, կսկծացնող շփոթմունքով…

Դու էլ կարդա, կարդա  ու կտեսնես, կգտնես քո բակը, փողոցը, քո հարևանի տունը, նրա վիշտը, իմ, քո, նրա, նրանց  ծանր հերոսական ժամանակների պատումը, երբ մի տեղ անձնուրացությունն էր  հաղթանակ կերտում, մի այլ տեղ ‹‹շանտղությունն›› էր բոլոր բարքերն ապականում…

Եվ այնքան ճշմարտություն կա այս գրքում, քո սրտի միջով անցնող այնքան դառն իրականություն կա… և քո լացը հորդել է ուզում…դու անցել ես էդ բոլորի միջով, դու էլ ես գրքի էջերում, ռազմաճակատի ռազմիկ չլինելով ես կռվել  ու …պարտվել… այլ էջերում…

Այդ սերնդի ապրած ու չապրած օրերի  տարեգրությունն է…

Հմայիչ ու պայծառ են գրքի էջերը՝ լի դառնությամբ ու սիրով, վարակիչ պարզությամբ, պատումի գրավչությամբ, աշխարհաշեն խոսք ու զրույցով։ Կերպարներն առանձնանում են արտահայտիչ, հատու, սուր խոսքով, երկխոսելու անձանձիր հեղեղով… Կցկտուր ասվածի տակ սրաթռիչ սեղմության  մի գոհար ես գտնում, բնապատկերն ու որևէ նկարագրություն էլ այնպես չտրոհվող, նրբորեն ու վարպետորն միահյուսված  են ամենին…

 Եվ գրքի բոլոր էջերից, երևի բոլոր-բոլոր էջերից հոսում է, ծավալվում  ու լայնածավալվում …ԾԻԾԱՂԸ… այո՛ , ինքը ՝ծիծաղը, ինքը՝ մեր ժողովրդին  հավերժորեն սնող այդ ավիշը։ Մեծ է երգիծանքի չափաբաժինը և՛ վեպում, և՛ վիպակում ու պատմվածքներում. հեղինակը գրիչն ասես շարունակ թաթախում է մի ծիծաղաշաղախի մեջ  և թեթևորեն, թեթևորեն սփռում էջերով. և ստացվում է այնպես, որ դառնանալով հանդերձ՝ ընթերցում ես ու ժպտում, ընթերցում ես ու ծիծաղում, ընթերցում ես ու  քահ-քահ հռհռում։ Ե՛վ հումոր, և՛ զավեշտ, և  Ծիծաղն իր հաստատուն ներկայությամբ լաց լինելու բոլոր առիթները վերացնում է. պատումն այնպես թեթև է առաջ գնում, ծավալվում, հոսում, ասես  մի հմուտ (արհեստավարժ՝ կասեին Վանոյենք ) ասացող՝  ակոս առ ակոս, դեպք առ դեպք քո տեսածն ու նաև չնկատածը  փռում է քո առջև։

Հայոց բառ ու բանի հմայիչ  շտեմարան է գիրքը՝ բանահյուսական կենդանի, իրական լեզվամտածողությամբ։ Ասես հայ խոսքի  վարար մի աղբյուր է  գլգլալեն  հոսում, ու դու նրա ունկնդիրն ես, հա՛յ խոսքի մեղեդու ունկնդիրն ես։

ԵՐԲ Է ԳԻՐՔ ԳՐՎՈՒՄ…երբ գրողն իր զգացողություններն ուրիշին հաղորդելու պահանջ է ունենում, երբ նորից ու նորից հոգևոր արթնացման ու վերածնության կարիք է առաջանում…Վաղարշակ Մադոյանի «Մեր սերնդի ճակատագիրը» գիրքը ոչ վաղ անցյաի մասին լինելով հանդերձ արդիական է խիստ՝ ուժերը լարելու, պրկելու, չթերանալու հրաշալի պահանջով…

ԸՆԹԵՐՑԵՔ…

Կարինե Ասատրյան  24/07/2019թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Մեր սերնդի ճակատագիրը». գրքի խիտ տպավորություններով"

Leave a comment

Your email address will not be published.


*