Երեխան միակ էակն է, ով չունի անցյալ, ունի ներկա ու ապագա. Պետրոս Հոկտանյան

 

Մի′ տխրիր, ես քո կողքին եմ, քո բախտակիցը, ժպտա ինձ նման, որ հաղթող լինես, հաղթողներին են միշտ ծափահարում… երիտասարդ գրող Պետրոս Հոկտանյանի հայտնի բանաստեղծության այս տողերը բովանդակում են իրենց մեջ այն առաքելությունն ու խորհուրդը, որ գրողը հանձն է առել սրբորեն կատարելու: ‹‹Մեզանից  հետո››-ն հեղինակի թվով երկրորդ տպագիր գիրքն է,  որից ստացված ողջ հասույթը, սեփական միջոցների, հնարավորությունների  հետ մեկտեղ ուղղվելու է, ծառայելու միայն մեկ նպատակի՝ օգնել մանկատան երեխաներին, ուժերի ներածին չափով լուծել նրանց խնդիրները, ուրախություն, ժպիտ պարգևել ինչ-ինչ պատճառներով ծնողական ջերմությունից զրկված փոքրիկ էակներին:

Իսկ թե ինչու հենց ‹‹Մեզանից  հետո››, ինչու որոշեց ծառայեցնել այն հենց այդ նպատակին՝ gmpress.am—ի հետ զրույցում հեղինակն անկեղծացավ, որ այդ մտադրությունը վաղուց է ունեցել, դեռ մանկուց, երբ նույնիսկ չէր էլ գրում. ‹‹Երեխա ժամանակ միշտ, չգիտեմ ինչու, ձգտել եմ մանկատան երեխաների հետ շփում ունենալ: Ինչու հենց ‹‹Մեզանից  հետո››…վերնագիրն ինքնին իրենն ասում է, մեզանից հետո ինչ-որ մի բան պետք է թողնենք, այս դեպքում կուզենամ ցանկացած երեխայի կյանքում մի լուսավոր կետ, ժպիտ թողնենք, որ իրեն երջանիկ զգա, աշխարհին ուրիշ աչքերով նայի, իրեն մենակ չզգա: Վերնագիրն ինքն արդեն շարունակություն է ենթադրում, այն այնքան բազմիմաստ է, որ ընթերցողի երևակայությունն էլ այստեղ սեփական բացատրությունը կարող է գտնել: Պետք է նշեմ, որ գրքի թեմատիկան երեխաներին չի վերաբերվում, հիմնականում սիրային գործեր են, կյանքից վերցված պատառիկներ, բայց  քանի որ հասույթը նվիրվելու է երեխաներին, դրա համար զուտ ընտրեցինք ‹‹Մեզանից  հետո››վերնագիրը:

Բացի վերոնշյալից, մեր բարի ցանկությունն է, որ մանկատների քանակը նվազի: Ես կուզենայի, որ ցանկացած երեխա մեծանար իր ընտանիքում, քանզի ինչքան էլ երեխային լավ ես վերաբերվում, ընդունում, միևնույնն է, նա անընդհատ սպասում է, որ իր ծնողը կգա: Գուցե այս հարցում ես մի քիչ խիստ եմ դատում, բայց  ծնողը պետք է հասկանա, որ երեխան իր հետ պետք է մնա ու ես չեմ ընդունում այն արդարացումը, որ ասում են՝ ‹‹կարևորը կուշտ կլինի››, ո′չ՝ թո′ղ լինի սոված, բայց ծնողի կողքին: Այս առումով չի բացառվում նաև ընտանիքներին սոցիալական աջակցություն ցույց տալը, բայց մեր հնարավորություններն այդքան չեն ներում, դրա համար կուզենայինք, որ այլ մարդիկ էլ ներգրավվեին մեր գործին: Իսկ եթե, այնուամենայնիվ, երեխան իր ծնողի կողքին չի կարող լինել, ապա ավելի լավ է որդեգրվի, քան հայտնվի մանկատանը, թեպետ գենետիկան էլ իրենն անում է: Լինում են նաև դեպքեր, որ երեխա են որդեգրում և տարիների ընթացում երեխան իմանալով դա հոգեկան տրավմա է ապրում ու անգամ չի ներում իրեն որդեգրող ծնողներին: Դրա համար շատ նուրբ մոտեցում պետք է ցուցաբերվի, մինչև երեխային տալն այդ ծնողի հետ էլ պետք է հոգեբանական, նախապատրաստական աշխատանքներ տարվեն: Մեկ օրը կամ մի վայրկյանն անգամ կարող է մարդու կյանքը փոխել և շատ հնարավոր է, որ հենց շնորհանդեսի ժամանակ այնտեղ ներկա լինի այն ծնողը, որ այդ քայլին գնացել է կամ պատրաստվում է գնալ և նրանցից ինչ որ մեկի կյանքը լրիվ կարող է փոխվել: Նշեմ, որ hիմա այցելում ենք ՀՕՖ աջակցության կենտրոն, որտեղ գտնվում են բարդ իրավիճակում հայտնված  երեխաները տարբեր մանկատներից, և որտեղ նրանց ապահովում են անհրաժեշտ ամեն ինչով՝ սնունդ, դաստիարակություն և այլն: Ես իմ սեփական աչքերով եմ տեսել վերաբերմունքը և ողջունում եմ այդ կազմակերպությանը: Գրքից ստացված ողջ հասույթը փոխանցելու ենք ՀՀ տարբեր մանկատներում գտնվող համապաստասխան աջակցություն ունեցող երեխաներին, ոչ թե մանկատանը, այլ կոնկրետ ուղղված է լինելու երեխաներին: Ասեմ նաև, որ այս ամենը շարունակական է լինելու, երեխաներից հետո անցում ենք կատարելու ծերանոցներ և այսպես շարունակ››:

Այն հարցին, թե այս չափազանց կարևոր և բարդ գործում  աջակից մարդիկ կամ կազմակերպություններ կան, Պետրոսը չցանկացավ անուններ նշել՝ ասելով, որ բազմիցս դիմել է բարեգործությամբ զբաղվող մարդկանց՝ առաջարկել միացնել ուժերը, սակայն պատասխան դեռևս չի ստացել և, թերևս, չի էլ ստանա, քանզի, վերջինիս խոսքերով, շատ մարդիկ դա անում են զուտ շոու սարքելու, ինչ-որ բան ապացուցելու և որ ամենավատն է՝ սեփական PR-ի համար, իսկ ովքեր կցանկանան և ցանկությունն էլ բարի կլինի, կարող են  միանալ իրենց: Մեր դիտարկմանը, թե մարդիկ ինչով համոզված լինեն, որ ինքն  էլ  PR չի անում, հեղինակը պատասխանեց. ‹‹ Ես միշտ, ամեն հարցազրույցի ժամանակ թեման ավելի շատ կենտրոնացնում եմ երեխաների վրա, քան իմ. այն տարիքում չեմ, որ ինքնահաստատվելու խնդիր ունենամ: Ասեմ, որ նույն ճակատագիրն էլ ես ունեմ. ինքս վերջերս իմացա, որ որդեգրված եմ: Գուցե  այդ հանգամանքն էլ նպաստեց այս նախաձեռնությանն ընթացք տալու, արագացնելու, չնայած որ, էլի եմ ասում՝ ցանկությունը դեռ մանկուց է եղել: Հիմա երեխայի պես ուրախանում եմ, որ իրենց տեսնում եմ, ոնց որ գտած լինեմ իմ ընտանիքը, թեպետ, բարի մարդկանց շնորհիվ ես չեմ հայտնվել մանկատանը, փառք Աստծո, ծնողներս ինձ հարազատի պես են վերբերվել, ես ամեն ինչ ունեցել եմ իմ կյանքում, իրենց շնորհիվ եմ այսօր հասել այն ամենին, ինչ ունեմ, որպես քաղաքացի առողջ եմ ՝ թե′ գաղափարապես, թե′ ֆիզիկապես: Ես ամեն հանդիպմանն ասում եմ, որ դուք մենակ չեք, մենք ձեր ընկերներ ենք ու դա պետք է շարունակական լինի՝ մինչև անգամ կապ ենք պահում իրար հետ՝ թե′ սոցցանցերով, թե′ հեռախոսով››:

‹‹Մեզանից  հետո›› գրքի շնորհանդեսը լինելու է Գրողների միության շենքում, ‹‹Բոհեմ›› թատրոնում՝ հոկտեմբերի 16-ին : Հատկանշական է, որ բեմում հեղինակի գրվածքները կընթերցեն հենց մանկատան սաները, իսկ  երաժշտական խումբն էլ անմիջական կապ կստեղծի պոեզիայի և երաժշտության հետ: Շնորհանդեսին ներկա են լինելու հյուրեր տարբեր բնագավառներից: Տեղում կլինի նաև վաճառք, որով յուրաքանչյուրս մեր փոքրիկ լուման կարող ենք ներդնել այս մեծ գործում. ‹‹Տա Աստված, որ այս ամենը հաջողությամբ պսակվի, եթե կարողանանք գիրքը բավականաչափ սպառել՝ դա էլ մեծ օգնություն կլինի: Կուզենայի, որ մեր հյուրերն այդ օրը քաջալերեն երեխաներին՝ իրենց ծափերով ու ժպիտով, որ նրանց դրական տրամադրություններ փոխանցվի: Շատ կարևոր պահ է լինելու նրանց համար. գուցե շատ բեմեր են բարձրացել, բայց նման բան դեռևս չի եղել: Ի դեպ, երեխաների համար նաև նվերներ ենք նախատեսել››:

Նշենք, որ այս ամբողջ ժամանակ նախաձեռնությանն իր աջակցությունն է ցույց տալիս նաև Անահիտը, ում անունը Պետրոսն առաջինը նշեց որպես լավ ընկեր, ով, ամեն ինչից զատ, իր սեփական միջոցներով նաև ֆինանսավորելով, հովանավորելով օգնում է իրեն՝ ‹‹փորձելով սկիզբ տալ՝ չմտածելով վերջի մասին››:

Անահիտը, ով ներկա էր մեր զրույցի ողջ ընթացքում, ցանկություն հայտնեց ևս իր խոսքն ասելու. ‹‹Առաջնահերթ կուզեի նշել, որ Պետրոսը բավականին յուրօրինակ ոճ ունի, որը բնորոշ է միայն իրեն՝ վերհանել կյանքի կոշտ, կոպիտ, կնճռոտ կողմերը՝ ներկայացնելով դրանք զգացմունքային ֆոնի ներքո: Վերադառնալով թեմային ասեմ, որ մեր ընթացիկ զրույցների ժամանակ հայտնի դարձավ, որ Պետրոսն այդպիսի գաղափար ունի, միահամուռ աշխատելու, միմյանց աջակցելու ցանկություն առաջացավ մոտս: Երկու անգամ արդեն այցելել ենք մանկատներ, արդեն իսկ առաջին անգամից երեխաների հետ բավականին մտերմիկ փոխհարաբերություններ ստեղծվեցին, այժմ նրանք մեզ հետ մշտական կապի մեջ են, նամակներ են գրում, իրենք իսկ պատրաստակամ եղան, որ Պետրոսի ստեղծագործությունները հենց բեմից ընթերցեն: Շատ կցանկանայի, որ մեր նախաձեռնությանը շատերը միանան՝ մտածելով այն մարդկանց մասին, ովքեր այսօր կարիք ունեն աջակցության: Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, թե արդյոք պատրաստ եմ մինչև վերջ գնալուն, պատասխանեմ, որ եթե ես մի բան սկսում եմ, տանում եմ մինչև վերջ››:

‹‹Ինձ համար շատ կարևոր է ցանկացած ծնողազուրկ երեխայի հոգեբանական վիճակը, դա առաջնային է, նյութականն այս դեպքում երկրորդական պլան է մղվում: Շատ կարևոր է, որ երեխան ինքն իր մեջ չամփոփվի, ավելորդ սթրեսներ չունենա: Նրանք պետք է հասկանան, որ մենակ չեն: Ինձ համար ամենուժեղն այս կյանքում հենց երեխաներն են համարվում, որովհետև կռիվ են տալիս կյանքի դեմ ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության, ինչքան էլ մենք փորձում ենք օգնել, բայց, միևնույնն է, մենակ են իրենց մտքերի ու պայքարի հետ: Միշտ ասել եմ ու էլի կասեմ՝ երեխան միակ էակն է այս աշխարհում, ով չունի անցյալ, ունի ներկա ու ապագա: Կուզենամ, որ  ցանկացած երեխայի կյանքում այդ ապագան լինի փայլուն, ունենա այն, ինչին ձգտում է, ինչ ինքն է ուզում››,- այս խոսքերով եզրափակեց մեզ հետ զրույցը գրող Պետրոս Հոկտանյանը:

Շնորհանդեսի հրավերն այստեղ՝

https://www.facebook.com/events/509085546096783/?acontext=%7B%22action_history%22%3A%22[%7B%5C%22surface%5C%22%3A%5C%22messaging%5C%22%2C%5C%22mechanism%5C%22%3A%5C%22attachment%5C%22%2C%5C%22extra_data%5C%22%3A%7B%7D%7D]%22%7D

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երեխան միակ էակն է, ով չունի անցյալ, ունի ներկա ու ապագա. Պետրոս Հոկտանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*