Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Business FM-ին

Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը և Եվրասիական տնտեսական միության հետ հակասող կետ չի պարունակում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Business FM-ին տված հարցազրույցում:

«Այդ համաձայնագիրը վերջին ամսվա ընթացքում բոլորովին օբյեկտիվ կերպով մեկնաբանվում է ռուսական մամուլում: Այնտեղ ամեն ինչ շատ մանրամասն նկարագրվում է: Ըստ էության՝ դա ԵՄ-ի հետ համագործակցության խորացում է: Առաջին հերթին՝ մեր հասարակության արդիականացում: Այնտեղ կա արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքներին վերաբերող դրույթներ, տնտեսությանը գրեթե չի անդրադառնում: Ես ասում եմ «գրեթե», որովհետև այնտեղ իրականում կա կետ, որի համաձայն այդ համաձայնագրի պարտավորությունները ոչ մի կերպ չեն կարող հակասել Հայաստանի կողմից ավելի վաղ ստանձնած պարտավորություններին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ այդ համաձայնագրով պարտավորությունները չեն կարող հակասել այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում ստանձնած պարտավորություններին:

«Այսինքն՝ այնտեղ հակասություններ չեն կարող լինել: Մեր երկրում կգործեն այն օրենքները, այն համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, քանի որ առանձնապես տարբերություն չկա: Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ ԱՀԿ անդամ, Ղազախստանը, Ղրղզստանը՝ նույնպես: Ի վերջո, ես կարծում եմ, ԵԱՏՄ-ն կգա նրան, որ կգործի Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, այն կանոններով, որոնցով այժմ աշխատում են եվրոպացիները: Այնտեղ, իհարկե, կան նաև այլ պահեր՝ տեխնիկական կանոններ, շատ այլ բաներ… Բայց ԵԱՏՄ-ին հակասող ոչինչ չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով ԵԱՏՄ ընդհանուր մաքսային քաղաքականության մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր երկրներ են՝ տարբեր հնարավորություններով և հետևաբար հնարավոր է, որ առաջանան ընդհանուր քաղաքականության հետ կապված հակասություններ:

«Մյուս կողմից, եթե դու ցանկանում ես օգտվել մեծ շուկայի առավելություններից, դու պետք է ինչ-որ տեղ գնաս զիջումների, բայց այդ ամենը ժամանակավոր երևույթներ են: Ես կարծում եմ, որ ի վերջո մենք կհասնենք սակագների այն մակարդակին, որոնք ունենք ԱՀԿ-ի հետ: Ես կրկնում եմ՝ Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ նույնպես: Այո, մեր երկրներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում տարբեր սակագներ է ստացել, բայց միևնույն է՝ դա խոչընդոտ չի լինի տնտեսության զարգացման համար: Այսինքն՝ այդ ամբողջ համալիրից օգուտն ավելի շատ է, քան առանձին հարցերից կրած վնասը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ատոմակայանի փակմանը վերաբերող Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի կետը, նշել էր, որ Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և իրականության հետ ոչ մի կապ չունեն:

«Այդ քննարկումները (ատոմակայանը փակելու մասին) նախաձեռնվում են արհեստականորեն և իրականության հետ ոչ մի կապ չունեն: ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծում այդ կետը ձևակերպված է՝ հաշվի առնելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք նոյեմբերին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր է խոսք գնա դրա փակման մասին, Հայաստանի նախագահը պատասխանել էր՝ «Ոչ, ոչ: Համաձայնագրում նման կետ չկա»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Business FM-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*