Նովրուզին ընդառաջ միայն մեկ օրում Թեհրան-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի

Նովրուզ Բայրամին դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք է ակնկալվում: Մարտի 15-ին Թեհրան-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի, որից Mahan Air ավիաընկերության ինքնաթիռով 168, իսկ Iran Aseman Airlines-ով` 124 հոգի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Այսօր ևս այդ նույն երթուղով թռիչք կիրականացվի: Նախատեսվում է ևս 270 ուղևորի ժամանում Երևան»,-ասաց նա:

Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը:

Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստան: Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի: Սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:

Իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան խթանում է նաև այն հանգամանքը, որ Երևանում բացվել է «Հալալի» սերտիֆիկացման գրասենյակ: Նախատեսվում է նմանատիպ գրասենյակներ բացել նաև մարզերում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նովրուզին ընդառաջ միայն մեկ օրում Թեհրան-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի"

Leave a comment

Your email address will not be published.


*