Արագածոտնում կանցկացվի «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի 4-րդ փառատոնը

Ս. թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում տեղի կունենա «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնը: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Մարզի այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ՝ նպատակ ունենալով նպաստել համայնքում և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը, ավանդական մշակույթի պահպանմանն ու տարածմանը:

«Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Եղեռնից փրկվածների ժառանգները երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստների պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ:

Փառատոնի ընթացքում մարզի 12 համայնքներ կներկայացնեն առօրյա, տոնական և սիրված սննդատեսակներ, նաև որոշ տեսակների պատրաստման արարողակարգը, որը կուղեկցվի հայկական ազգային ավանդական ուտեստների ցուցադրությամբ և հյուրասիրությամբ:

Մրցանակներ կշնորհվեն տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին, ընտանիքներին: Տոնական միջոցառման ընթացքում տեղի կունենա հայկական ազգային տիկնիկների և կենցաղային իրերի ցուցադրություն, կներկայացվեն ազգային ավանդական երգեր, պարեր և խաղեր, հանդես կգան անհատ կատարողներ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արագածոտնում կանցկացվի «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի 4-րդ փառատոնը"

Leave a comment

Your email address will not be published.


*