2017թ. հունվարի 1-ից ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից. ՊԵԿ

2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից։
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանն ասել է, որ ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ, վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն,  մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայությունների՝ հագուստի արտադրության և վերանորոգման, փայտյա իրերի պատրաստման, կահույքի և տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման և այլն:

«Ինքնազբաղվածներն այդ գործունեության տեսակների մասով ազատվում են ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ նրանց կողմից ապրանքների ներմուծման դեպքերում վճարվելիք հարկերը: Հարկային արտոնություն ստանալու համար առավելագույն պարզեցված ընթացակարգ է նախատեսված. ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում, որտեղ պետք է նշվեն գործունեության համապատասխան տեսակը և այն ժամանակահատվածը, որով ուզում են զբաղվել, իսկ հաջորդ աշխատանքային օրը ստանում  են հարկերից ազատման արտոնագիր՝ անվճար: Արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում»,-ընդգծել է Հրաչյա Մուրադյանը:

2016 թվականի տվյալներով շուրջ 2000 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ: Հրաչյա Մուրադյանի տեղեկացմամբ՝ 2017 թվականի հունվարին արդեն իսկ 813 ինքնազբաղված դիմել է հարկային արտոնությունից օգտվելու համար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "2017թ. հունվարի 1-ից ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից. ՊԵԿ"

Leave a comment

Your email address will not be published.


*