ՌԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի, ինչը թույլ կտա նաև կարգավորել ՌԴ-ում այդ երկրների ներկայացուցիչների միջև առաջացած հուզական ֆոնը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դուք գիտեք, որ Մոսկվայում և առհասարակ Ռուսաստանում ապրում են շատ հայեր և ադրբեջանցիներ, և նրանք բոլորն էլ ՌԴ կարգապահ քաղաքացիներ են, ես, բացի ներգաղթյալներից, նկատի ունեմ նրանց, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացի: Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեր այդ քաղաքացիներին չի կարող անտարբեր թողնել, և իհարկե, էմոցիոնալ կերպով նրանք արձագանքում են»,-ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Կրեմլում ուշադրություն դարձրել են Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև առաջացած խնդիրներին, այդ թվում` առևտրի ոլորտում:

Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ-ն երկու կողմերին էլ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանն ու բռնության ցանկացած ձևի դադարեցմանը:

«Այդ իսկ պատճառով մենք հուսով ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի, և դրա հետ մեկտեղ՝ էմոցիոնալ ֆոնն էլ նորմալ մակարդակի կվերադառնա»,-ասել է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է «Ֆուդ Սիթի» շուկայում ստեղծված իրավիճակը՝ կապված հայկական ապրանքների արգելքի հետ:  

Հուլիսի 16-ի գիշերը Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից, հանել էին հայկական ապրանքներով բեռնված մեքենաները: Շուկան պատկանում է «Կիևսկայա պլոշչադ» ընկերությանը, որը ղեկավարում է Մոսկվայում խոշորագույն կոմերցիոն անշարժ գույքի գործակալություններից մեկի սեփականատերերի՝ Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի ակտիվները:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՌԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի. Պեսկով"

Leave a comment

Your email address will not be published.


*