ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համապատասխանաբար ՀՀ Աժ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոնի կողմից:

Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցն ու Ֆրենկ Փըլոնը կարեւորել են ստորագրումից հետո համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հաստատել են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:

Փոխըմբռնման հուշագիրը վերահաստատումն էր հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցության երկարարամյա պատմության եւ նախանշումը նոր գործընկերային հարաբերությունների:

Covid-19-ով պայմանավորված ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար՝ տեսազանգի միջոցով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը:

Միջոցառմանը բացման խոսքով եւ ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այն նախաստորագրվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրի եւ Ադամ Շիֆի կողմից:

Կողմերը պայմանավորվել են հետագայում փոխանակվել ստորագրված փոխըմբռնման հուշագրերով մյուս կողմերի ստորագրման համար:

Ստորեւ ներկայացված է նաեւ փոխըմբռնման հուշագրի տեքստը՝ հայերեն թարգմանությամբ:

Փոխըմբռնման Հուշագիր

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ

* Նշանավորելով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պաշտոնական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, ամերիկյան եւ հայ ժողովուրդների հարատեւ բարեկամությունը, երկու երկրների կառավարությունների միջեւ ամուր կապերը, ինչպես նաեւ հայկական ծագում ունեցող ամերիկացիների շարունակական ներդրումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում`

* Ընդգծելով, որ մեր երկու ժողովրդավարական պետությունների միջեւ այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների ու շահերի վրա, եւ ընդգծելով մեր փոխադարձ ցանկությունը` ամրապնդելու մեր հարաբերությունները տնտեսության, էներգետիկայի, ժողովրդավարության, նորարարության եւ նորագույն տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի եւ անվտանգության ոլորտներում` * Հաշվի առնելով այն փաստը, որ 1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դոլլարի աջակցություն է տրամադրել՝ բարելավելու Հայաստանում եւ Արցախում ապրող հայերի կյանքը, աջակցելու ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական կառավարման ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերին`

* Երկուստեք կարեւորելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ու հիշատակման վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված H.Res.296 եւ 2019թ. դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված S.Res.150 երկու բանաձեւերի ընդունումը`

* Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների կառավարությունը 2019թ. ավելացրել է Հայաստանին տրամադրվող աջակցությունը` հասցնելով այն ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլլարի, ինչը 40 տոկոսով ավելի է 2018թ.–ի ապրիլ–մայիս ամիսների ,Թավշյա հեղափոխությանե արդյունքում տեղի ունեցած խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով իշխանության անցումից եւ 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ եւ արդար ճանաչված ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններից հետո`

* Երկուստեք ընդունելով, որ Հայաստանի համար աջակցությունից առեւտրային գործընկերություն փոխշահավետ համագործակցության անցումը պահանջում է ԱՄՆ–ի կողմից առեւտրի եւ ներդրումների շարունակական խթանում, առավել ընդարձակ ներգրավում միջկառավարական հանձնաժողովի եւ Առեւտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության փոխշահավետ համաձայնագրերի կնքման ուսումնասիրութուն՝

* Միացյալ Նահանգների Կոնգրեսը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում են ԱՄՆ–Հայաստան գործընկերության ամրապնդման կարեւորությունը 2019թ. սկզբին մեկնարկած Ռազմավարական երկխոսության շրջանակներում, որը երկկողմ համագործակցության նոր որակի վկայությունն է:

— Երկու կողմերը գիտակցում են, որ երկու օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ոլորտում առկա են չօգտագործված հնարավորություններ, որոնց իրացումը կօգնի կառավարություններին նոր որակի բարձրացնել հայ–ամերիկյան երկկողմ գործընկերությունը:

— Կողմերը փոխադարձ համոզմունք են հայտնում առ այն, որ կա անհրաժեշտություն զորակցելու հայ ժողովրդին եւ ամրագրելու նրա առաջընթացը՝ ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ երկկողմ այցերի, խորհրդակցությունների, ընդլայնված համագործակցության, առեւտրի եւ ներդրումների թիրախային խթանման եւ կուսակցական համակարգի զարգացման միջոցով, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ թափանցիկությանն ու ճկունությանը, օրենքի գերակայությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ մամուլի ազատությանն աջակցելով:

— Երկու կողմերը կիսում են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:

Փոխըմբռնման այս հուշագիրը ստորագրվում է Երեւանում եւ Վաշինգտոնում 2020թ.-ի հուլիսի 31-ին՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով, երկու տեքստերն էլ հավասարազոր են: ՀՀ Ազգային ժողովի կողմից՝

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

ԱՄՆ Ներկայացուցիչների

պալատի Հայկական հարցերի հանձնախմբի կողմից՝

Համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոն կրտսեր

Համանախագահ Ջեքի Սփիր

Փոխնախագահ Ադամ Բ.Շիֆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր"

Leave a comment

Your email address will not be published.


*