Ադրբեջանում «Երկաթե գմբեթի» գնման լուրերն «Իսկանդերի» ցուցադրությունից հոգեբանական շոկի արդյունք են. քաղաքագետ

Ադրբեջանի կողմից իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի ձեռքբերման հնարավորությունը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական բնույթի մեծ կասկածներ են առաջացնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իբր Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել:

«Առաջին հերթին իրենք դա չեն գնել: Ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը պատրաստվում է նման համակարգ ձեռք բերել կամ նրան կմատակարար են նման համակարգ: Այդ համակարգը ոչ միայն իսրայելցի, այնպես էլ ամերիկացի մասնագետների և արտադրողների մշակածն է»,- նշել է Մինասյանը:

Քաղաքագետը ասել է, որ դժվար է պատկերացնել, որ աշխարհում նմանատիպ համակարգերից ամենաառաջատարն ունեցող երկիրը՝ Իսրայելը, այն կմատակարարի մի երկրի, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Իրանի հետ: Նման քայլը, ըստ մասնագետի, կարող է վտանգի ենթարկել այդ զինատեսակների տեխնիկական հագեցվածությունը:

«Վստահ չեմ, որ առհասարակ թույլտվություն կա վաճառելու այդ համակարգի որոշ բաղադրիչներ հենց հիմնական մատակարարների՝ ամերիկյան ընկերությունների կողմից»,- նշեց Մինասյանը:

Երկրորդ հերթին, ըստ քաղաքագետի, ֆինանսական բաղկացուցիչն այնպիսին է, որ Ադրբեջանը ստիպված կլինի գրպանները դատարկել:

«Մի երկրի համար, որը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունի, դա բավականին լուրջ ծախս կլինի: Իսկ եթե Ադրբեջանն ամեն դեպքում գնա նման քայլի, ապա «արժեք-արդյունավետություն» հարաբերակցության տեսանկյունից կարող ենք ասել, որ Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների գնումը դրա համարժեքն է, քանի որ այն ծախսերը, որոնք Ադրբեջանը ստիպված կլինի անել «Իսկանդեր»-ին հակազդելու համար, շատ կգերազանցեն ոչ թե ռազմաքաղաքական, այլ ֆինանսական առումով»,- շեշտեց Սերգեյ Մինասյանը:

Երրորդ հանգամանքն էլ, ըստ Մինասյանի, այն է, որ ռազմաքաղաքական տեսանկյունից փաստ չէ, որ «Երկաթե գմբեթ» համակարգը կարող է գործել ոչ միայն «Իսկանդեր»- ների, այլև օպերատիվ-մարտավարական բնույթի այլ հրթիռների դեմ, ինչպես օրինակ «Տոչկան» կամ նույնիսկ հայկական «Սկադ»-ները:

«Այդ համակարգը նախ և առաջ նախատեսված և մշակված է փոքր ու միջին տրամաչափի հրթիռային համակարգերի դեմ, ինչպես «Գրադ»-ը, «Սմերչ»-ը և այլ նման համակարգեր: «Իսկանդեր» համակարգն ունի հրթիռի թռիչքի կվազիբալիստիկ հետագիծ և այլ որակներ, որոնց դեմ, ինչպես նշում են նաև ամերիկացի և իսրայելցի մասնագետները, հակաօդային պաշտպանության որևէ արդյունավետ հակազդեցության միջոցներ չկան»,- ընդգծել է փորձագետը:

Անդրադառնալով նշված լուրերի տարածման տեղեկատվական ասպեկտներին՝ Մինասյանը շեշտել է, որ այս տեղեկատվությունը մամուլում հայտնվեց հենց նույն պատճառով, որով Ադրբեջանը հայտարարում է, որ կգնի պրակտիկայում գոյություն չունեցող ուկրաինական օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր և այլն:

«Դա «Իսկանդերի» հրապարակային ցուցադրությունից առաջացած հոգեբանական շոկի արդյունք է»,- կարծում է փորձագետը: Նրա խոսքով՝ հայկական մամուլի արձագանքը «Իսկանդեր»-ների ցուցադրությանը և այս նշված տեղեկատվությանը, հիմնականում պայմանավորված է նրանով, որ հայկական լրատվական դաշտում արտացոլվում է Ռուսաստանի և Արևմուտքի հակադրությունը:

«Հայկական մամուլում շատ հաճախ հաճույքով վերատպում են ադրբեջանական տեղեկատվությունը: Իսկ այն հայտարարությունները, թե «Իսկանդեր»-ները մերը չեն», «Իսկանդեր»-ները ռուսական բազայինն են» և այլն, դրսևորվում են պրոպագանդիստական պայքարի համատեքստում»,-շեշտել է Սերգեյ Մինասյանը:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են ՀՀ ԶՈւ նոր զինատեսակները: ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ:

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադրբեջանում «Երկաթե գմբեթի» գնման լուրերն «Իսկանդերի» ցուցադրությունից հոգեբանական շոկի արդյունք են. քաղաքագետ"

Leave a comment

Your email address will not be published.


*