Մարզպետի սպանված խորհրդականի կնոջ նկատմամբ դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: «Փաստինֆո»ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

Մասնավորապես՝ որոշում է կայացվել նշանակել ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն՝ պարզելու համար, թե Սիմոնյանի սպանության մեղադրանքով կալանքի տակ գտնվող նրա կինը հանցագործությունը կատարելու պահին և դրանից հետո ի՞նչ հոգեկան վիճակում է գտնվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը, իսկ որդուն արգելանքից ազատելու մասին որոշում է կայացվել:

Նշենք նաև, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, սպանվածի կնոջ հարազատները հայտնել են, որ կինն ամուսնու կողմից պարբերաբար ծեծի և նվաստացումների է ենթարկվել, առողջական խնդիրներից զատ նույնիսկ պարիկ է կրել, քանի որ մազերը թափված են եղել՝ քաշել պոկելու հետևանքով:

Դեպքի օրը ևս ամուսինները վիճաբանել են, և կնոջ նկատմամբ ամուսնու կողմից բռնություն է կիրառվել, որից հետո էլ, ըստ տեղեկությունների, կինը քնած ամուսնուն կացնահարել է:

Ինչ վերաբերում է նրանց որդուն, ով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելանքից ազատվել է, դեպքից հետո մոր կանչով տուն է եկել և օգնել է հոր դին տանից տեղափոխել ավտոմեքենայով և թաքցրել այն վայրում, որտեղ օրեր անց հայտնաբերվել է դիակը:

Բացի այս տեղեկությունների, լուր են շրջանառվում, որ մարզպետի խորհրդականը տեղյակ է եղել, որ իրեն ցանկանում են սպանել: Այս վարկածն էլ շրջանառության մեջ է դրվել սպանվածի եղբոր կողմից, ով հայտնել է, որ հեռախոսային խոսակցություններ կան, և անհրաժեշտության դեպքում կբացահայտի դրանց բովանդակությունը:

Նա նաև նշել է, որ եղբոր սպանությունը կանխամտածված խմբակային սպանություն է եղել, որի համար դրդապատճառներ կան:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մարզպետի սպանված խորհրդականի կնոջ նկատմամբ դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել"

Leave a comment

Your email address will not be published.


*