Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Գոհար Բուլանիկյանի և ղեկավարության միջև առկա են լուրջ հակասություններ, որոնք վերաճել են հետապնդումների։ Տեղեկատվությունն առավել մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզեցինք, որ դրա վերաբերյալ նույնիսկ իրավական գործընթաց էր սկսվել։ Ըստ «Խիստ նկատողություն հայտարարելու մասին ռեկտորի 07.07.2022թ. թիվ ՄՌԿ/617-Ա հրամանը անվավեր ճանաչելու պահանջի մասին» հայցադիմումի՝ հայցվոր Գ․Բուլանիկյանի համոզմամբ՝ իր նկատմամբ սուբյեկտիվ և կանխակալ մոտեցում ձևավորվել է դեռևս իր նշանակման առաջին ամիսներին, երբ ռեկտոր Դ.Գալոյանը` իր նշանակվելուց անմիջապես հետո, անհասկանալի պատճառներով փորձել է պաշտոնից ազատել մի քանի ամիս տնօրեն աշխատող Գ․ Բուլանիկյանին: Ազատման դիմում գրելու իր առաջարկին ի պատասխան մերժում ստանալուց և քոլեջի կոլեկտիվի կտրուկ դիմադրությանն արժանանալուց հետո միայն հրաժարվել է այդ մտքից:
Դրանից հետո ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ այս հակասությունը բուհի ղեկավարության կողմից սահուն կերպով անցում է կատարել դեպի հետապնդումների փուլ, հիմնականում՝ պրոռեկտոր Ա.Գրիգորյանի կողմից, ինչն արտահայտվում էր Գ.Բուլանիկյանի նկատմամբ համընդհանուր տեսանելի արհամարհական վերաբերմունքի, աշխատանքների մասով շատ ժամանակ կանխամտածված խոչընդոտումների, անհիմն մեղադրանքների, մասնագիտական, կրթական և որակական ունակությունների մասով բազում վիրավորական արտահայտությունների տեսքով, ընդհուպ՝ Ա.Գրիգորյանի՝ «դիմում գրի դուրս արի, դու երկու ամսից էլ չես աշխատելու, դե կտեսնես, քո պահակը քեզանից լավ ա աշխատում»՝ աննախադեպ վիրավորական խոսքերով: Ասել է թե՝ անձի բացահայտ հետապնդում և հալածանք, ինչի ականատեսն են եղել շատերը, ներառյալ՝ ՀՊՏՀ քոլեջի աշխատակիցները և ուսանողությունը: Ոչ հարգալից վերաբերմունքի են արժանացել տարբեր ժամանակներում նաև ՀՊՏՀ-ի ղեկավարության քիմքին ոչ հաճելի քոլեջի դասախոսներ, աշխատակիցներ և ուսանողներ: Վերջիններիս ՀՊՏՀ ղեկավարությունը պահանջել է ոչ ավել ոչ պակաս՝ առանց որևէ հիմնավորվածության անմիջապես ազատել աշխատանքից, ինչին Գ.Բուլանիկյանը պարզապես չի ենթարկվել, ինչն էլ իր հերթին անպայմանորեն ծառայել է նրա հանդեպ հետապնդումների առավել մեծ թափով լծմանը, որոնք ստացել են իրավական բնույթ:
Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 17-ին ռեկտորը Հայցվորին հայտարարել է առաջին՝ բանավոր նկատողությունը` մինչև սեպտեմբերի 15-ը «զեղչերի» հաշվետվությունը ՀՊՏՀ ուղարկելու փոխարեն նոյեմբերին տալու համար։
gmpress.am-ի լրագրողի հետ զրույցում հայցվորի փաստաբան Մարատ Ատովմյանն, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ գործն, ըստ էության, դատական պրոցեսին չի հասել․ «Հայցը ներկայացնելուց հետո ռեկտորը չեղյալ է համարել այդ հրամանը, քանզի, ինչպես նշել ենք հայցադիմումում, նա հաշվի չի առել այն հանգամանքը, որ ուշացումը տեղի է ունեցել կոնկրետ հաշվետվությունը ներկայացնող աշխատողի կողմից կորոնավիրուսով հիվանդ լինելու, այնուհետ ընտանիքի անդամների հիվանդության պատճառով, որի արդյունքում համապատասխան աշխատակիցը գտնվել է մեկուսացման մեջ և բացակայել է աշխատանքից:
Պատասխանողն առաջին հերթին խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն. «Կարգապահական տույժը կարող է կիրառվել խախտումը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չհաշված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները»:
Փաստորեն՝ ՀՊՏՀ-ն արդեն սեպտեմբերի 16-ին պետք է բացահայտած լիներ, որ տեղի է ունեցել կարգի խախտում, որ քոլեջը մինչև սեպտեմբերի 15-ը իրենց չի ներկայացրել հաշվետվություն և կարող էր սեպտեմբերի 16-ից սկսած առավելագույնը մեկ ամսվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 16-ը տույժ կիրառել, իսկ Հայցվորին բանավոր տույժը տրվել է 2022թ. հունվարի 17-ին՝ խախտումը հայտնաբերելուց չորս ամիս անց, երբ պրոռեկտորը պահանջել է Գ.Բուլանիկյանին համացանցով միանալ ռեկտորատի նիստին (կան փաստական տվյալները), որի ժամանակ էլ հայտնել է իր բանավոր նկատողությունը:
Քանի որ այդ նկատողությունը հայտարարվել է բանավոր, առանց գրավոր ձևակերպման, այն չի կարող իրավական ուժ ունենալ:
Երկրորդը՝ Պատասխանողը նաև խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի. ՛՛2. Աշխատանքային կարգապահության խախտում չեն համարվում`
1) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված` աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը.
2) ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը»,- ասաց փաստաբանը:
Նշենք նաև, որ առաջին անհիմն բանավոր նկատողությանը հետևել է երկրորդ՝ առավել զավեշտալի՝ գրավոր խիստ նկատողությունը, որի մասով էլ Գ.Բուլանիկյանը հայցով դիմել է դատարան, ինչը ԱՕ բազում խախտումների պատճառով հենց ՀՊՏՀ ղեկավարության կողմից մինչ դատարան մտնելը չեղյալ է համարվել, քանզի, ըստ հայցադիմումի, Գ.Բուլանիկյանին գրավոր խիստ նկատողություն հայտարարելուց առաջ Պատասխանողը վերջինիս չի ներկայացրել գրավոր բացատրություն ներկայացնելու պահանջ, և, բնականաբար, չի էլ ստացել գրավոր բացատրություն:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ»․ 2022 թվականի հուլիսի 7-ի հրամանը գրավոր կերպով Գ.Բուլանիկյանին հանձնվել է միայն հաջորդ օրը՝ հուլիսի 8-ին, ուրբաթ օրը, աշխատանքային օրվա ավարտին՝ մինչև արձակուրդ վերջին աշխատանքային օրը: Երկուշաբթի օրվանից Գ.Բուլանիկյանն ուղարկվել է արձակուրդ: Նույն օրը Հայցվորը ՀՊՏՀ շենքում մասնակցել է քոլեջի ավարտական դիպլոմներ հանձնելու արարողակարգին և չի հասցրել ղեկավարությանը հայտնել իր անհամաձայնությունը նշվածի վերաբերյալ․․․․․
Խիստ նկատողություն հայտարարելու մասին ռեկտորի հրամանի վերաբերյալ դեռ շատ հակափաստարկներ կարող ենք նշել, քանզի հայցադիմումում բավականին ծավալուն ամեն ինչ ներկայացված է, բավական է միայն այն, որ դա չեղյալ է համարվել։
Հավելենք, որ Գ․Բուլանիկյանի հանդեպ հետապնդումներն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, այժմ էլ շարունակվում են, սակայն առավել հստակ և մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք նոր մանրամասներին ամբողջովին տիրապետելուց հետո:
Հ․Գ․ Պատրաստ ենք լսել նաև հակառակ կողմի տեսակետը։