Կյանքը de factoՀասարակություն

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենն ազատման դիմում ներկայացրեց՝ չդիմանալով մշտական ճնշումներին և հետապնդումներին

7.2kviews

Այն, որ ՀՊՏՀ քոլեջի  տնօրենի և ղեկավարության միջև լուրջ հակասություններ կային, վերջին շրջանում գրեթե բոլորին էր հայտնի։ Վերջերս՝ «ՀՊՏՀ քոլեջի տնօրենը՝ հետապնդումների կիզակետում» վերնագրով հոդվածում անդրադարձել էինք  քոլեջի տնօրեն Գոհար Բուլանիկյանի և ղեկավարության միջև առկա՝ ընդհուպ մինչև հետապնդումների վերաճած   հակասություններին, ինչպես նաև՝ դրա հետևանքով  տրված գրավոր խիստ նկատողության իրավական հիմքեր չունենալուն, զրուցել վերջիններիս փաստաբան Մարատ Ատովմյանի հետ։ 

Հիշեցնենք, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն՝ իր նշանակվելուց անմիջապես հետո, անհասկանալի պատճառներով փորձել է պաշտոնից ազատել մի քանի ամիս տնօրեն աշխատող Գոհար Բուլանիկյանին։ Ազատման դիմում գրելու իր առաջարկին ի պատասխան մերժում ստանալուց և քոլեջի կոլեկտիվի կտրուկ դիմադրությանն արժանանալուց հետո միայն, հրաժարվել է այդ մտքից, ինչին  հաջորդել է հետապնդումների շղթան և գրավոր տրված անհիմն նկատողությունը։

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, տիկին Բուլանիկյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն էլ անմիջապես մակագրվել է։ Մեր թղթակցի  հետ զրույցում,  տիկին Բուլանիկյանի ամուսինը՝ Հակոբ Բուլանիկյանն ընդգծեց, որ ՀՊՏՀ ղեկավարությունը ոչ մի կերպ չկարողացավ մարսել այն, որ իր կինը դատարան էր դիմել՝ պահանջելով անօրինական տված խիստ նկատողությունը չեղյալ համարել։ Եվ այո, ղեկավարությունն իսկույն հասկացավ, որ այն տալու ոչ մի իրավական հիմք չուներ և հետ վերցրեց այն։ Սակայն սրանով ոչինչ չավարտվեց․ ավելին՝ վերջիններս ամեն պահի ցույց էին տալիս իրենց անհարգալից վերաբերմունքը՝  պարբերաբար ճնշումներ գործադրելով , ինչի արդյունքում էլ իր կինն ազատման դիմում ներկայացրեց։

Հ․Բուլանիկյանի խոսքով, երեկ քոլեջի մի շարք աշխատակիցներ  տիկին Բուլանիկյանի աշխատասենյակ էին գնացել, բողոքելով, որ քոլեջում տիրում է ծայրաստիճան լարված մթնոլորտ, ինչի պատճառով էլ աշխատելը դարձել է անհնարին։ Տիկին Բուլանիկյանը, չցանկանալով ցավեցնել իր աշխատակիցներին ու մտածելով բոլորի մասին, ազատման դիմում է ներկայացնում, որն էլ նույն պահին մակագրվում է։

Տիկին Բուլանիկյանի հետ չհաջողվեց զրուցել, քանի որ վերջինս իրեն ծայրաստիճան վատ էր զգում և բժիշկների հսկողության տակ էր, բայց մեր թղթակցին տրամադրեց  «Մայլբրի» համակարգում տեղադրված դիմումի և հրամանի կրկնօրինակը, որը ներկայացնում ենք ստորև․․․

Հավելենք, որ, ըստ մեր հարցումների և ունեցած հավաստի տեղեկատվության, վաստակաշատ մանկավարժ Գոհար Բուլանիկյանին քոլեջում բոլորն էին սիրում։ Նա այս 3 տարիների ընթացքում հասցրել էր արժանանալ աշխատակազմի և ուսանողության հարգանքին։ Նրա ղեկավարման օրոք ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը մի շարք ձեռքբերումներ ու նվաճումներ էր գրանցել՝  իրավամբ դառնալով տարածաշրջանի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Իր գործունեության ընթացքում՝ մշտապես ազնիվ ու արդարամիտ տնօրենը (ինչպես վերջինիս որակում են հարցվածների գրեթե մեծամասնությունը), դեմ գնալով ղեկավարությանը, ովքեր պատեհ- անպատեհ պահանջում էին իրենց քիմքին ոչ հաճելի աշխատակիցներին ազատել աշխատանքից, տիկին Բուլանիկյանը երբե՛ք մասնակից չդարձավ նման անօրինական գործելաոճին, ինչի պատճառով էլ ճնշումների ու հետապնդումների շղթան սկսեց պտտվել իր անձի շուրջ։ Այս ամենը վերաճեց ու դարձավ ամենօրյա հետապնդումների ու ակնհայտ նվաստացումների ալիք, որին դիմադրելը՝ ուղղակի անհնարին դարձավ։

 

Հ․Գ․ Պատրաստ ենք լսել նաև հակառակ կողմի կարծիքը։

Добавить комментарий для Аноним Отменить ответ