ԱրժեքներԳլխավորՀասարակություն

Նորություն ԱԻ ոլորտում՝ R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն

17.4kviews

Վերջին շրջանում մեր երկրին պատուհասած աղետալի երևույթներն ու իրավիճակները մարդկանց մեջ ավելացրեցին խուճապային տրամադրություններն ու տագնապային զգացողությունները, և այս իրավիճակում վերջերս ստեղծված R5 կենտրոնը, որի նպատակն է՝ ԱԻ ոլորտում գիտելիքների փոխանցումը և անվտանգության ապահովման ծառայությունների մատուցումը, կարևորագույն քայլ է և, բնականաբար, արտակարգ իրավիճակների ոլորտում` իրազեկվածության ու անհրաժեշտ քայլեր կատարելու առումով ՝ առաջընթաց:
Կրեատիվ, կարևոր և խոստումնալից այս կենտրոնը՝ R5 անվանումն իր մեջ իմաստ է պարունակում՝ անվան մեջ 5 R–երը նշանակություն ունեն, մասնավորապես՝ Risk — ռիսկերի բացահայտում (կազմակերպության, համայնքի և այլ համակարգերին բնորոշ ռիսկերի բացահայտում), Reduction — ռիսկերի նվազեցում (բացահայտված ռիսկերի նվազեցման նպատակն արտակարգ իրավիճակից խուսափելն է), Response – արձագանքում (արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքում), Recovery – վերականգնում (իրավիճակի հաղթահարումից հետո արագ վերականգնում ), Restart – ռեստարտ (անվտանգ գործունեության վերսկսում):
Եվ այդ 5-ին հավատարիմ էլ կա կենտրոնը հիմնելու 5 նախադրյալներ՝ միջավայրի աղետավտանգավորությունը, աղետների ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը, արտակարգ իրավիճակներում գործելու մարդկանց կարողությունների բարձրացման անհրաժեշտությունը, 2020թ․-ի համաճարակից և 44 օրյա պատերազմից քաղած դասերը, քաղաքացիական պաշտպանության ոլորտում գիտելիքների, կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։ Հինգ նպատակներն են՝ նպաստել բնակչության պաշտպանությանը, ուսուցանել անվտանգ կենսակերպ, ստեղծել անվտանգ միջավայր, նպաստել աղետների ռիսկերի նվազեցմանը, տարածել անվտանգության մշակույթը։Возможно, это изображение (текст)
R5 կենտրոնի գործունեության ուղղությունները ևս հինգն են՝
• Կրթություն (հատուկ դասընթացներ առաջին օգնության, անվտանգության վերաբերյալ)
• Խորհրդատվություն (արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության ոլորտներում)
• Աղետների ռիսկերի գնահատում (ներառյալ քարտեզագրում, մոդելավորում)
• Ծառայություններ (ԱԻ և ՔՊ ոլորտում անվտանգության ապահովման տարաբնույթ ծառայություններ)
• Նախագծերի մշակում (անվտանգության տարբեր նախագծերի մշակում և ներդրում)
Վերջինը՝ ընդհուպ մինչև շինարարություն, այսինքն՝ հատուկ կառույցների շինարարությունը և ճիշտ շահագործումը. պատերազմի ժամանակ մենք ունեցանք դեպքեր, երբ մարդիկ իրենց հարամարեցված թաքստոցները փորձեցին բերել պատշաճ որակի, որ եթե հանկարծ զարգացումները լինեն այնպիսին, որ մարդիկ ստիպված լինեն պատսպարվել՝ ունենան անվտանգության ապահովման բոլոր միջոցները:›
gmpress.am-ի հետ զրույցում R5  Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի հիմնադիր տնօրեն, ճգնաժամային կառավարման մասնագետ Անի Տերտերյանը նշեց, որ այս նախաձեռնությունն իր ու մի շարք մասնագետների որոշումն էր՝ պայմանավորված վերջին զարգացումներով, հատկապես՝ համաճարակը, ապա հետո նաև պատերազմը ցույց տվեցին, որ իրականում, անկախ նրանից, թե որքան շատ մեթոդներ կան այս ոլորտում՝ սկսած պետական կառույցների կատարած աշխատանքից մինչև ինֆորմացիա տրամադրելը, տարբեր ուսուցման ծրագրեր իրականացնելը, բայց, այդուհանդերձ, բնակչությունն ունի նաև լրացուցիչ գիտելիքների, կոնկրետ հմտությունների, ուսուցման և հատուկ ռեսուրսների կարիք. ‹‹Արդյունքում, շատ են դեպքեր, երբ մեզ դիմում էին որպես մասնագետների հանդես գալ տարբեր զեկույցներով, տարբեր դասընթացներին և այդպիսով միտք առաջացավ ՝ ստեղծել մի մարմին, կենտրոն՝ հատուկ ծառայություններով ու ռեսուրսներով, որոնք էլ կօգնեն մարդկանց՝ գոյատևել տարբեր արտակարգ իրավիճակներում և նաև կզինի անհրաժեշտ գիտելիքներով՝ կանխելու արտակարգ իրավիճակներ առաջացնող վտանգները և, բնականաբար, այս ամենին ներգրավված են ոլորտի լավագույն մասնագետները: Պետք է նշեմ, որ բացի վերոնշյալ ուղղություններից, ուղղություններից և ոլորտում կիրառվող մեթոդներից, այժմ մի հետաքրքիր մեթոդ ենք մշակում՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց հոգեբանական առաձնահատկությունները բացահայտող, որը, մեր մասնագետների պնդմամբ, լինելու է HR խմբերի լավագույն գործիքներից մեկը, այսինքն ՝ մշակում ենք հատուկ կուրս, որը ենթադրում է թեստային և գործիքային հետազոտություն՝ պարզելու մարդկանց սթրեսակայունության աստիճանն ու հնարավոր վարքագծի դրսևորումներն արտակարգ իրավիճակներում և կարո՞ղ է արդյոք տվյալ անձը մոբիլիզացնել գործընթացները, ապահովել իր կամ աշխատակիցների անվտանգությունը (սա՝ կազմակերպության ղեկավարի օրինակով): Կարծում ենք, որ այս պրոդուկտը շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ բոլոր տիպի կազմակերպությունների, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար››,- նշեց ճգնաժամային կառավարման մասնագետը:
Մեր այն հարցին, թե երբ կլինի կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, տիկին Տերտերյանը նշեց, որ իրավական տեսանկյունից կենտրոնն արդեն գործում է, ավելին՝ արդեն պատվերներ ունեն, փակագծերը չբացելով միայն ասաց, որ հայաստանյան խոշոր կազմակերպություններից մեկի ամբողջ տարհանման պլանների մշակումն իրենք արդեն պետք է իրականացնեն, ունեն ‹‹առաջին օգնության›› դասընթացների, ‹‹առաջին օգնության արկղիկների›› պատվերներ, ինչպես նաև՝ համագործակցության առաջարկներ, այսինքն՝ կենտրոնն իր գործունեությունն արդեն իսկ ծավալում է, սակայն, մեր երկրի իրադարձություններով պայմանավորված, պաշտոնական բացման արարողությունը կլինի մոտավորապես մեկ ամսից:
Մեր խնդրանքով ճգնաժամային կառավարման մասնագետը հատուկ gmpress.am-ի ընթերցողների համար առաջին դասը տվեց՝ կապված վերջերս տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես՝ երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապով պայմանավորված գործողությունների ու տագնապային զգացողությունները հաղթահարելու մասին. ‹‹Թերևս, առաջինը դա ավելորդ խուճապի չմատնվելն է, չնայած ես այդ բառը չեմ սիրում, որովհետև բառն ինքն արդեն ծնում է համանուն զգացողություններ, պարզապես պետք է հասկանալ, որ կան վտանգներ, որոնք, ուզես թե չուզես՝ լինելու է ու դա հենց կոնկրետ երկրաշարժին էլ է վերաբերում, և մեզ մնում է զինվել գիտելիքներով, չվախենալ երկրաշարժից, պարզապես գտնել մեխանիզմներ՝ ինչպես կարելի է, ճանաչելով վտանգը, հաշտ ապրել դրա հետ ՝ մտածելով պաշտպանության մեխանիզմների, խոցելիության նվազեցման մասին: Պետք է ընդունել, որ կա սեյսմիկ վտանգ և, առհասարակ, բոլոր վտանգների մասով մեզ անհրաժեշտ են գիտելիքներ ու հստակ հմտություններ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր իրավիճակում շատ արագ կողմորոշվել››,- նշեց R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի հիմնադիր տնօրեն, ճգնաժամային կառավարման մասնագետ Անի Տերտերյանը :
Հավելենք, որ ընկերության գործունեությանն ու նորություններին կարող եք հետևել նաև վերջիններիս ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերով:
Նշենք նաև, որ սույն թվականի մարտի 5-ին, երեկոյան ժամը 20:00-ին,  տեղի կունենա օնլայն, մեկնարկային դասընթաց՝ ‹‹Ինչպես պաշտպանել երեխաներին վիրտուալ և իրական կյանքում տարբեր տեսակի արտակարգ իրավիճակներից››՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ, որի ընթացքում խոսվելու է նաև անչափահասների ինքնասպանության ու դրա հնարավոր պատճառների, ծնողների իրազեկվածության ու գործողությունների մասին՝ կապված նաև վերջերս մեծ աղմուկ հանած դեռահասի ինքասպանության դեպքի հետ: Դասընթացին մասնակցությունն ազատ է, և ցանկացողները կարող են իրենց հուզող հարցերն ուղղել մասնագետներին:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response