Սկանդինավիայից ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում

Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում ձմեռային եղանակն իրեն զգացնել կտա իր ամբողջ խստությամբ: Ցերեկային ժամերին նույնիսկ Հայաստանի ցածրադիր հատվածներում սպասվում են բացասական ջերմաստիճաններ, որոնք կլիմայական նորմայից ցածր կլինեն մոտ 5-7 աստիճանով:

Դա պայմանավորված կլինի այն հանգամանքով, որ առաջիկա օրերի մեծ եղանակակլիմայական պայմանները ձեւավորելու են օդերեւութաբանական երկու երեւույթ. նախ Միջերկրական ծովի շրջաններում ձեւավորվելու է ցիկլոն, այնուհետեւ Սկանդինավիայի շրջաններից դեպի այդ ցիկլոնի տիրույթ են ներթափանցելու արկտիկական ցուրտ օդային հոսանքներ:

«Հիդրոմետ» ծառայության վերը նշված կանխատեսումները մեր զրույցում ներկայացնելով՝ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասաց.

«Վաղը մենք գտնվելու ենք Միջերկրական ծովի շրջաններում ձեւավորվող ցիկլոնի ծայրամասերում, որն ընդգրկելու է Շիրակը, Կոտայքը, Արագածոտնը, Արարատը, Արմավիրը եւ Վայոց ձորի մարզը: Այս մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Լեռնային բնակավայրերում ձյուն կտեղա, իսկ Արարատի, Արմավիրի մարզերում, Երեւանում եւ Վայոց ձորի նախալեռներում՝ թաց ձյուն, ձնախառն անձրեւ: Եվ դեռեւս մենք կգտնվենք տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում գործող ջերմային ֆոնը կպահպանվի, այսինքն՝ ցերեկային ժամերին մայրաքաղաքում ջերմաստիճանը դրական կլինի»:

Դեկտեմբերի 14-ին Սկանդինավիայի շրջաններից դեպի Միջերկրական ծովի շրջաններում ձեւավորվող ցիկլոնի տիրույթ են ներթափանցելու արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցիկլոնի ուժը եռակի, քառակի կմեծանա: Գագիկ Սուրենյանն ասում է, որ դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն այդ ցիկլոնը ներթափանցելու է դեպի Կովկաս, այդ թվում նաեւ ՀՀ տարածք:

«Այդ ուժեղ ցիկլոնի հետ կապված տեղումները կսկսվեն դեկտեմբերի 14-ի լուսադեմին: Այդ օրը մենք գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում. գրեթե բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մասնավորապես, շատ առատ ձյան տեղումներ կարձանագրվեն Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզերում: Այդ մարզերի առանձին հատվածներում ամսի 14-ին ձյան շերտը կավելանա 25-35 սանտիմետրով»,- տեղեկացրեց օդերեւութաբանը:

Ինչ վերաբերում է Հանրապետության ցածրադիր հատվածներին, ըստ նրա՝ դեկտեմբերի 14-ի առավոտյան մայրաքաղաքում, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորի նախալեռներում չեն բացառվում թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով տեղումները, որոնք այնուհետեւ մինչեւ կեսօր, արկտիկական ցուրտ օդի ներհոսքով պայմանավորված, կվերափոխվեն ձյան:

Դեկտեմբերի 15-17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում ամպամածությունը կպահպանվի, ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, բայց դրանց ինտենսիվությունն ու քանակը մոտ եռակի, քառակի անգամ կկրճատվի: Այսինքն՝ սպասվող ձյան տեղումները 15-17-ն ընկած ժամանակահատվածում շատ թույլ կլինեն:

«Ինչ վերաբերում է ջերմային ֆոնին՝ այսօր եւ վաղն այն էապես չի փոխվի. Երեւանում այսօր գիշերը սպասվում է 0-ին մոտ ջերմաստիճան, ցերեկը՝ +3…+5: Արդեն ամսի 14-ի ցերեկվանից սկսած մինչեւ ամսի 17-ը, քանի որ մեր երկիրը շարունակաբար գտնվելու է Սկանդինավիայից ներթափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, ե՛ւ գիշերը ե՛ւ ցերեկը ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով եւ արդեն դեկտեմբերի 17-ին, 18-ին մայրաքաղաքում գիշերը կանխատեսվում է -7…-9, ցերեկը՝ -2…-4 աստիճան ցուրտ»,- մանրամասնեց «Հիդրոմետ»-ի օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Հարցին՝ Ամանորին ձյուն կլինի՞ Երեւանում, Սուրենյանը այսպես պատասխանեց. «Ես նման կանխատեսում չեմ կարող հրապարակել, քանի որ մինչ Ամանոր դեռ բավականին ժամանակ կա: Ես ասել եմ, որ ընթացիկ ձմեռը շատ վայրիվերումներով է լինելու, ուստի չենք կարող իմանալ, թե ինչ է սպասվում ամսվա վերջին: Միգուցե դեկտեմբերի 25-ին տաք օդային հոսանքներ ենք ունենում եւ ձնածածկույթը հալվում է: Պետք է հաշվի առնել, որ ընդամենը երկու օր առաջ Երեւանում ջերմաստիճանը -12 էր, այսօր գիշերը 0 է»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սկանդինավիայից ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում"

Leave a comment

Your email address will not be published.


*