ԱՄՆ-ի հետ շփումները դեռ սպասվում են. ՌԴ ԱԳՆ խոսնակը ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին

Ռուսաստանը բարձր է գնահատում ժողովրդական դիվանագիտության դերը հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում: Ամենակարևոր առաքելությունը, սակայն, հակամարտող կողմերի հասարակական շրջանակներում խաղաղ կարգավորման, փոխադարձ ընդունելի փոխզիջումների որոնման այլընտրանք չլինելու գիտակցման ամրապնդումն է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի և ԱՄՆ-ի փոխգործակցությանը՝ մասնավորապես Ռեքս Թիլերսոնի պաշտոնավարման ժամանակ (ԱՄՆ պետքարտուղար), ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դեռ հարկավոր է սպասել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև շփումներին:

«Ինչ վերաբերում է ամերիկացիների հետ շփումներին, դրանք դեռ սպասվում են, և այժմ մեկնաբանելու իմաստ չկա: Եկեք սպասենք մինչև այդ շփումները կայանան և կողմերն անդրադառնան մի շարք հարցերի և դրանից հետո արդեն դա կլինի մեկնաբանության համար թեմա»,- ասել է նա:

Անդրադառնալով ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնում է ԱՄՆ-ի անվտանգության շահերին՝ Մարիա Զախարովան պատասխանել է, որ հարկավոր է ելնել նրանից, որ հակամարտությունը նախևառաջ սպառնալիք է Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության և զարգացման համար:

«Դա նրա գնահատականն է որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Չմեկնաբանելով ԱՄՆ-ի դիրքորոշումը, որն իրավունք ունի ինքնուրույն գնահատել սեփական անվտանգության սպառնալիքները, կուզեի ասել, որ հակամարտությունն անմիջական սպառնալիք է գլխավորապես Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և ապագա զարգացմանը: Այսինքն՝ պետք է ելնենք դրանից»,- ասել է նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՄՆ-ի հետ շփումները դեռ սպասվում են. ՌԴ ԱԳՆ խոսնակը ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*