Դեսպանի սպանությունը ռուս-թուրքական հարաբերություններին վնասելու նպատակով պատվիրված լինելու վարկածը շատ պարզունակ է. թուրք սյունակագիր

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի սյունակագիրներից Ունալ Չևիկյոզն իր նոր հոդվածում անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը:

Չևիկյոզը նշում է, որ մարդասպանի՝ ոստիկանության համակարգի աշխատակից լինելը խոսում է Թուրքիայի իշխանությունների բազմաթիվ բացերի և հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո տասնյակ հազարավոր ձերբակալությունների անարդյունավետ լինելու մասին:

Սյունակագիրն ընդգծում է, որ այս դեպքն ահռելի մեծ բիծ է Թուրքիայի արտաքին իմիջի վրա, որն առանց այդ էլ անթերի համարել չէր կարելի:

«Թուրքիան այլևս անվտանգ չէ օտարազգի դիվանագետների համար: Դե, իր սեփական քաղաքացիների համար անվտանգ չէր շատ վաղուց: Օտարազգի զբոսաշրջիկների համար՝ նույնպես: Բայց երբ ահաբեկչությունը սկսում է թիրախավորել արտասահմանցի դիվանագետներին, ավելի է բարդանում Թուրքիայի լուսավոր ապագայի հնարավորությունը»,- գրում է նա:
Թուրքիան այլևս պարտավոր է վերանայել հակաահաբեկչական պայքարում իր մոտեցումները։

«Մարդասպանի ոստիկան լինելը, ընդամենը 22 տարեկան լինելը, բարձրաստիճան պատվիրակությունների անվտանգությունն ապահովող թիմում ընգրկված լինելու փաստը և հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո այդքան ձերբակալությունների կողքին դեռևս ազատության մեջ գտնվելը վախեցնող է»,- նշում է սյունակագիրը:

Ըստ Չևիկյոզի՝ չափից դուրս պարզունակ է այն վարկածը, թե սպանությունը պատվիրվել է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները նորից սրելու համար:

«Այս հարձակման՝ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը խափանելու համար պատվիրված լինելու մասին պնդումները շատ պարզունակ են երևում: Սիրիայի պատերազմում հակառակորդ հանդիսացող երկու ուժերի հարաբերությունները փչացնելու համար մարդասպան վարձելու անհրաժեշտությանը հավատալը նշանակում է լուրջ նշանակություն տալ այն ամենին, ինչը ոչ ավելին է, քան սովորական ֆանտազիա»,- գրում է Չևիկյոզը:

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը: Հարձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, 40 րոպե անց բժիշկները հայտնել են նրա մահվան մասին:
Դեսպանին սպանած 22-ամյա ոստիկանը նախ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դեսպանի սպանությունը ռուս-թուրքական հարաբերություններին վնասելու նպատակով պատվիրված լինելու վարկածը շատ պարզունակ է. թուրք սյունակագիր"

Leave a comment

Your email address will not be published.


*