«Սանիթեքն» ակնկալում է Երևանի բնակիչների համագործակցային վերաբերմունքը ձնամաքրման աշխատանքների մասով

Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության, սանիտարական և ձնամաքրման պատասխանատու «Սանիթեք» ընկերությունից հայտնում են, որ եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերի համար մտահոգիչ են. անընդմեջ տեղումները հնարավոր է շարունակվեն ևս մի քանի օր, ինչպես նաև սպասվում է ջերմաստիճանի կտրուկ իջեցում, ընդհուպ մինչև -16 աստիճան, իսկ բարձրադիր վայրերում հնարավոր է քամի ու ձնաբուք:

Քանի որ նման եղանակային պայմաններում մերկասառույցի գոյացումն ու ձնամաքրման աշխատանքների կատարման ընթացքում բարդությունների առաջացումն անխուսափելի է, ընկերությունն ակնկալում է Երևանի բնակիչների համագործակցային վերաբերմունքը ձնամաքրման աշխատանքների մասով՝ հիշեցնելով, որ ձնամաքրման աշխատանքների արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է մարդկանց, այլ ոչ թե մեքենաների աշխատանքով:

Ընկերությունից նշում են, որ իրենց 640 աշխատակիցները ամենայն պատասխանատվությամբ և հոգատարությամբ շարունակում են աշխատանքները օր ու գիշեր, ուստի բնակիչների բարեկամական վերաբերմունքը ոգևորիչ կլինի հենց այժմ էլ Երևանի փողոցները ձյունից մաքրող աշխատակիցների համար:

Ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին ձնամաքրման, աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Նշվում է, որ  ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով և թեժ գծի (80-90 հեռախոսահամար) և պաշտոնական էջի միջոցով շարունակում է ստանալ բնակիչների ահազանգերը դժվարանցանելի կամ սառցակալած բակային տարածքների մասին.  այս պահի դրությամբ 83 դիմումների օպերատիվ կերպով ընթացք է տրվել: Դիմումները հիմնականում վերաբերում են Երևանի բարձրադիր վարչական շրջանների սառցակալած բակային տարածքներին և երկրորդային փողոցներին:

Միաժամանակ ընկերությունը տեղեկացնում է, որ անկախ եղանակային պայմաններից, մայրաքաղաքում որևէ գլխավոր ճանապարհ փակ չի լինի, և ընկերության աշխատակիցները կշարունակեն 24 ժամյա արտակարգ ռեժիմով աշխատանքները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Սանիթեքն» ակնկալում է Երևանի բնակիչների համագործակցային վերաբերմունքը ձնամաքրման աշխատանքների մասով"

Leave a comment

Your email address will not be published.


*