Հիգիենայի պահանջների կոպիտ խախտումների համար ՍԱՊԾ-ը գազավորված ըմպելիքների 4 արտադրողի գործունեություն է կասեցրել (լուսանկարներ)

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարեսկզբից սկսած պետական վերահսկողության միջոցառումները զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ:

Ինչպես տեղեկացնում են ծառայությունից, հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը, մասնավորապես, վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ Մուրադ Հովսեփյան, Ա/Ձ Արգամ Ասլանյան:

Պետական վերահսկողության շրջանակներում վերը նշված բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ՝ մակնշմանը և համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ:

Քանի որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, արտադրամասերում առկա բոլոր խմբաքանակների իրացումը կասեցվել է, միաժամանակ՝ տրվել են իրացման ցանցերում գտնվող ամբողջ արտադրանքի և արտադրատեսակների հետ կանչի կարգադրագրեր. չորս տնտեսվարողի արտադրական գործընթացն էլ կասեցվել է:

Կասեցված ապրանքանիշներն ու արտադրամասերում առկա քանակներն են. «Գետափ»՝ 1 լ տարողությամբ 47 շիշ (արտադրող Ա/Ձ Արտակ Գևորգյան), «Սառնաղբյուր»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 86 շիշ (արտադրող Ա/Ձ Խաժակ Ենոքյան), «Եղեգիս»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 200 շիշ (արտադրող Ա/Ձ Մուրադ Հովսեփյան), «Ձորն Անուշ»՝ 0.5 լ տարողությամբ 115 շիշ (արտադրող Ա/Ձ Արգամ Ասլանյան):

Դրանցից իրականացվել են նմուշառումներ և տրվել լաբորատոր փորձաքննության, արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը՝ ՍԱՊԾ-ը սպառողներին զգուշացնում է՝ չգնել վերը նշված արտադրողների արտադրանքը մինչև տնտեսվարող սուբյեկտները չվերացնեն խախտումները. այդ մասին կհայտարարվի լրացուցիչ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հիգիենայի պահանջների կոպիտ խախտումների համար ՍԱՊԾ-ը գազավորված ըմպելիքների 4 արտադրողի գործունեություն է կասեցրել (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*