Երիտասարդների օրհնության կարգ, աղաբլիթներ, տոնական համերգներ. հայտնի է Սբ. Սարգսի տոնական ծրագիրը

Փետրվարի 11-ին` Սուրբ Սարգսի տոնին, Արարատյան թեմի կողմից կազմակերպված միջոցառումները կանցկացվեն Մշակույթի նախարարության հետ համատեղ:

Հրավիրված ասուլիսին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկայացրեց նախատեսված եկեղեցական միջոցառումները, որոնք կսկսվեն Վեհափառ հայրապետի տնօրինությամբ երիտասարդների օրհնությամբ: Քահանան նշեց, որ բոլոր եկեղեցիներում այդ օրը երիտասարդների օրհնության կարգ է լինելու:

Այնուհետև առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցուց Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի սրբի մասունքակիր աջը և Մատենադարանից Սուրբ Սարգսիս եկեղում արտագրված 17-րդ դարի Ավետարանը, որոնք մինչև երեկոյան ժամերգությունը կլինեն Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ էլ երիտասարդները կարող են գալ և հաղորդակից լինեն:

Քահանան ասաց, որ վերջին երկու տարիներին որոշ փոփոխություններ են արվել ծրագրի մեջ: «Քանի որ Սուրբ զինվորական է եղել, զորավար, Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ երկրորդ տարին է զինվորների պարգևատրում ենք անում թեմում: Պարգևատրմանը կմասնակցեն նաև ՀՀ Նախագահը, պաշտպանության նախարարը, և 20 զինվորներ, որոնք այսօր էլ ծառայության մեջ են և առաջնագծում աչքի են ընկել սխրանքներով, պարտաճանաչ ծառայությամբ, սրբազանի կողմից պարգևատրում կլինի, որոշ անակնկալներ կլինեն նաև նախարարության կողմից»,-ասաց նա:
Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը հիշեցեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեծ Խաչերթ կլինի, որը կսկսվի ժամը 14:30-ին առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց և Խաչի թափորը կշարժվի Մաշտոցի պողոտա, Բաղրամյան պողոտայով դեպի սիրահարների այգի:

Խաչերթին կմասնակցեն Սբ Սարգսին մարմնավորող ձիավորը, թմբկահարները, զինվորականներ, ոստիկաններ, Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ակադեմիայի սաներ, սկաուտներ, թեմի երիտասարդները, համայնքի հավատացյալները, որոնց առաջնորդելու է Նավասարդ սրբազանը:

Իսկ մինչ այդ ըստ նրա, տոնը կսկսեն մեկ օր առաջ, Կարապի լճում փետրվարի 10-ին ժամը 18:00-ին մեծ տոնական համերգ կլինի, թեմի երիտասարդները մասնակիցներին նվերներ կբաժանեն, իսկ Սբ Սարգսին մարմնավորող սպիտակ ձիավորը երիտասարդներին կբաժանի նաև աղի բլիթներ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանն իր հերթին ներկայացրեց նախարարության միջոցառումների ծրագիրը: «Սա լավագույն օրինակն է պետական և եկեղեցական համագործակցության համար, քանի որ Սբ Սարգիսը ոչ միայն եկեղեցական տոն է, այլ նաև ժողովրդական և խնդիր կա, որ հնարավորինս լայն զանգվածներ մասնակցեն»,-ասաց նա:

Գագիկ Մանասյանը նշեց, որ կազմակերպում են մշակութային բազմաթիվ միջոցառումներ՝ թատրոն, գեղանկարչություն, երաժշտություն, ազգային և ժողովրդական համերգներ և այլն, ոչ միայն  Երևանի տարբեր հարթակներում, այլ նաև Վանաձորում և Գյումրիում:

Սբ Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը և ՀՀ Մշակույթի նախարարության կողմից Սբ Սարգսի տոնի առթիվ իրականացվող միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երիտասարդների օրհնության կարգ, աղաբլիթներ, տոնական համերգներ. հայտնի է Սբ. Սարգսի տոնական ծրագիրը"

Leave a comment

Your email address will not be published.


*