Բժիշկ-թերապևտը հորդորում է ինքնուրույն շնչառական վարժություններ կատարել՝թագավարակի դեմ պայքարում

Ամբողջ աշխարհին պատուհասած վիրուսից անմասն չմնաց նաև Հայաստանը, որի արդյունքում արդեն մի քանի ամիս է, ինչ փորձում ենք դիմակայել համավարակի մարտահրավերներին, դրանով պայմանավորված փոփոխություններին, ինչը բավականին բարդ գործընթաց է: Կյանքի և ապրելու նոր ոճը, շոգ եղանակին  դիմակների պարտադիր կրումը, հիվանդությունից հետո վերականգնման փուլը և, առհասարակ, դիմակային կյանքն իր հետ բերում է որոշակի առողջական, գլխավորապես շնչառական  խնդիրներ : Իսկ ի՞նչ կարող ենք անել՝ այդ խնդիրներից հնարավորինս խուսափելու կամ գոնե կանխարգելելու համար… Այս մեր հարցմանն ի պատասխան, բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը բավականին ծավալուն և կարևոր ինֆորմացիա տվեց այն մասին, թե շնչառական ինչպիսի վարժություններ կարող ենք ինքներս կատարել, նույնիսկ տնային պայմաններում, որպեսզի կանխարգելենք հետագա բարդությունները. «Covid19 համաճարակը փոխեց բոլորիս կյանքի բնականոն ընթացքը, մտցրեց ապրելու և աշխատելու նոր չափորոշիչներ , ինչու չէ նաև ստիպեց վերագնահատել ամենակարևոր արժեքները` ընդունել կյանքը որպես Աստծո պարգև և պահպանել առողջությունը, գթասիրտություն և հոգատարություն ցուցաբերել մերձավորի ու շրջապատի հանդեպ, կամքով ուժեղ և լավատես լինել հանուն ապագայի։ Իմ ժողովուրդը արդեն համարյա վեց ամիս է, ինչ ապրում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում։
Հարգելի հայրենակիցներ, կարծում եմ, մենք լիովին չհաղթահարեցինք համաճարակը, հատկապես, որ աշնանը սպասվում է երկրորդ ալիքը, բայց սովորեցինք հետը ապրել, առանց ավելորդ տագնապի և խուճապի, պայքարելով համակեպվեցինք։
Ինչպես արդեն գիտենք, COVID-19- ը լինում է տարբեր աստիճանի ծանրության: Այն վարակակիրների մոտ, որոնք տարել են թեթև կամ ասիմպտոմատիկ ձևերը, առավել հաճախ հետևանքներ չեն մնում: Այն ​​հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19-ով պայմանավորված երկկողմանի թոքաբորբ՝ թոքերի ավելի քան 25% -ի ախտահարմամբ, ֆիբրոզի առաջացման վտանգ մեծ է: Ֆիբրոզը թոքերի նորմալ հյուսվածքի փոխարինումն է շարակցական հյուսվածքով, արդյունքում՝ առաջանում են սպիական փոփոխություններ և կպումներ, որի հետևանքով նվազում է թոքերի առաձգականությունն ու շնչառական մակերեսը: Եթե ​​2-3 նման ֆիբրոզ օջախներ են ձևավորվում, հիվանդը կարող է դա չզգալ և չունենալ շնչառական գանգատներ։ Բայց եթե ֆիբրոզը մեծ է, սկսվում են շնչառության հետ կապված խնդիրներ: Ամենատարածված շնչառական ախտանիշը՝ դա հևոցն է, որը սկզբից արտահայտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, իսկ հետո կարող է ի հայտ գալ նաև հանգիստ վիճակում։ Ծանր դեպքերում դա հանգեցնում է շնչառական անբավարարության: Բոլոր դեպքերում, մարդն իրեն լիարժեք առողջ չի զգում, իջնում է աշխատունակությունը և տրամադրությունը, այսինքն՝ տուժում է կյանքի որակը։ Հնարավոր է և անհրաժեշտ թագավարակի բուժման հետ համատեղ, մեկ շաբաթ անց, պայքարել թոքերի վերականգնման համար: Դժբախտաբար, մենք չունենք հատուկ դեղամիջոցներ, որևէ հատուկ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են թոքերը աշխատել այնպես, ինչպես հիվանդությունից առաջ: Թոքերի հյուսվածքը պետք է
վերականգնվի ինքնուրույն, և մեր խնդիրն է օգնել այդ ընթացքը ավելի արագ և լիարժեք անցնելու : Հիմնականում մարդը կարող է տանը ինքնուրույն կատարել շնչառական վարժություններ:
Շնչառական վարժությունները ուղղված են թոքի ալվեոլներից և բրոնխիոլներից լորձի և խորխի արտահոսքի բարելավմանը, որպեսզի չկուտակվի ստորին հատվածներում և չդժվարացնի շնչառությունը :
Շնչառական վարժությունները պայքարում են թոքերի կանգային երևույթների դեմ, բարելավում են արտաքին շնչառությունը, շտկում են շնչառական մեխանիզմը, արագացնում բորբոքման ներծծումը և նվազեցնում ֆիբրոզի ու կպումների առաջացումը:
Շնչառական վարժությունները ուժեղացնում են շնչառական մկանները, բարելավում են թոքերի և բրոնխիալ ծառի օդափոխությունը։
Ի՞նչ վարժություններ թոքերի համար կարող ենք անել տանը, ինքնուրույն: Դրանք պետք է կատարել դանդաղ՝ կրկնելով յուրաքանչյուրը 4-6 անգամ: Լավագույն արդյունքի համար արժե օրական երկու անգամ, 10-15 րոպե շնչառական վարժություններին նվիրել:
Դուք պետք է շնչեք քթի, արտաշնչեք բերանի միջոցով: Արտաշնչումը պետք է լինի մեկուկես/երկու անգամ ավելի երկար, քան ներշնչումը: Դուք կարող եք դա վերահսկել ՝ հաշվելով ինքներդ ձեզ.շնչեք 1-2-3-ին, արտաշնչեք 1-2-3-4-5-ին:
Յուրաքանչյուր վարժության ավարտին հարկավոր է թուլացնել ուսագոտու մկանները: Խնդրում եմ նկատի ունեցեք, որ շնչառական վարժությունները չպետք է առաջացնեն անհանգստություն (դիսկոմֆորտ), առավել ևս՝ ցավ։
Արգելվում է զբաղվել շնչառական վարժություններով` առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու սրտանոթային հիվանդություններով, թրոմբոֆլեբիտով տառապող մարդկանց, գլխուղեղի կամ սրտի կաթվածից, վիրահատություններից հետո, քրոնիկ հիվանդությունների սրացման ժամանակ:

Нет описания фото.


Ձեզ եմ ներկայացնում հետևյալ շնչառական վարժությունները.
•Քթի միջոցով խոր շունչ քաշեք ՝ պահելով շունչը: Այնուհետև դադար տվեք, որքան հնարավոր է (մինչև մոտ 10 վայրկյան) և դանդաղ արտաշնչեք բերանով: Արտաշնչման ժամանակ արտասանում ենք «ՊՖ»: Կրկնել վարժությունը 4-6 անգամ:
•Մեկնարկային դիրքը.կանգնած, ոտքերը ուսի լայնության բացեք, ձեռքերը տարածեք 2 ուղղությամբ, ափերը դեպի վեր — ներշնչում և արտաշնչում ենք, արագ խաչելով ձեռքերը կրծքավանդակին, որպեսզի ափերը հարվածեն թիակներին։
• Կանգնում ենք թաթերի վրա, ձեռքերը իրար պինդ բռնած բարձրացնում ենք դեպի վեր — ներշնչում, արտաշնչում — կտրուկ կռանում ենք, կարծես փայտ ենք կտրում և ասում «Ու Հ», այնուհետև վերադառնում ենք մեկնարկային դիրքի: Կրկնել 4-6 անգամ:
• Վերցրեք մի բաժակ ջուր, դրա մեջ մի խողովակ դրեք, կանոնավոր շունչ քաշեք և դանդաղ արտաշնչեք օդը խողովակի միջոցով: Անհրաժեշտ է դա անել ոչ ավելի, քան օրվա ընթացքում հինգ անգամ, 10-15 րոպե:

Нет описания фото.

Պառկած վիճակում իրականացվող վարժություններ.
•Ներշնչել-  քթի միջոցով, արտաշնչել- երկարացված, բերանի միջոցով, շրթունքներով կազմել խողովակ: Կարող եք նաև փակ ատամներով արտաշնչելիս հնչյունները արտասանել «ժժժ», «սսս», «շշշ»:
•Հենվելով ձեր արմունկներին, բարձրացրեք ձեր կրծքավանդակը – շնչե՛ք, հանգստացե՛ք – արտաշնչե՛ք:
•Ոտքերը ծալեք ծնկներում, ձեռքերը ձգեք մարմնի երկայնքով: Միևնույն ժամանակ, բարձրացրեք ձեր ձեռքերը և ոտքերը դեպի վեր – շնչե՛ք, ձեռքերը ցած, ոտքերը իջեցրեք հատակին — արտաշնչեք:
•Ձեռքերը դրեք ուսերին, արմունկները տարածեք կողմ — շնչեք, արմունկները իջեցրեք և սեղմեք կրծքավանդակին — արտաշնչեք:
•Բարձրացրեք երկու ձեռքերը վերև — ներշնչեք, դանդաղորեն ցածրացրեք- արտաշնչեք։
•Ձեր ձեռքերը դեպի կողմերը տարածեք — ներշնչեք, գրկեք ուսերին, ձեռքերը ամուր սեղմելով կրծքավանդակին — արտաշնչեք:
•Ծալել ծնկները մեջքի պարկած ։ Բարձրացրեք հետույքը ներշնչելիս, արտաշնչելիս իջեցրեք այն:
•Դիաֆրագմալ մկանները ամրապնդելու և մարզելու համար ներշնչման ժամանակ փորը պետք է արտափքել, իսկ արտաշնչելիս, ընդհակառակը, ներքաշել։
Շնչառության վարժությունները պետք է կատարել լավ օդափոխվող տարածքում կամ, եթե եղանակը թույլ է տալիս, բաց պատուհանի մոտ: Հագուստը պետք է լինի հարմարավետ և ազատ: Վարժությունների ընթացքում փորձեք չշեղվել և կենտրոնանալ շնչառության վրա: Վարժությունները կատարեք ամեն օր և, դրանով իսկ, դուք կամրապնդեք ձեր առողջությունը և կբարձրացնեք դիմադրողականությունը , և այդ ժամանակ ձեր իսկ առողջությունը չի դավաճանի ձեզ և կօգնի հաղթահարել թշնամուն, նույնիսկ ավելի ուժեղ, քան COVID-19- ը:
Եղեք առողջ, իրազեկված և պաշտպանված»,- ասաց տիկին Մանուկյանը։

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բժիշկ-թերապևտը հորդորում է ինքնուրույն շնչառական վարժություններ կատարել՝թագավարակի դեմ պայքարում"

Leave a comment

Your email address will not be published.


*