Հայաստանում սեպտեմբերի 1-ին ընդառաջ ծաղկի որոշ տեսակների գները թանկացել են

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ծաղկի շուկայում արձանագրվել է որոշ տեսակի ծաղիկների գնաճ: Ծաղկի սրահից փաստում են՝ գերբերա ծաղկի գինը շուկայում մոտ եռակի ավելացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ դեկավար Բաբկեն Պիպոյանը փաստեց, որ արդեն տարիներ շարունակ տոնական օրերին ծաղիկների շուկայում գնի փոփոխություն է նկատվում:

«Տոնական օրերին գյուղատնտեսական մթերքների շուկայում, ինչպես նաև ծաղիկների շուկայում մենք պարբերաբար արձանագրում ենք գների փոփոխություն: Ծաղիկների շուկայում գների փոփոխությունը նկատվում է ինչպես սեպտեմբերի 1-ին, այնպես էլ մյուս տոներին ընդառաջ: Ավելի քան մեկ տարի ծաղիկների շուկայում տոն օրերից առաջ մոնիտորինգ չենք իրականացնում, քանի որ պատկերը միշտ նույնն է: Սակայն թանկացման օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստանում սպառողներից, որով էլ փաստում ենք թանկացումներ»,-ասաց Պիպոյանը:

Նրա խոսքով՝ օգոստոս 31-ին ահազանգ են ստացել ծաղկի գնի մոտ 100-120 տոկոս աճի համար: Քաղաքացին նույն ծաղկեփունջը 3 օր առաջ ձեռք էր բերել 3000 դրամով, իսկ երեկ՝ 6000 դրամով:Առանձին դեպքերում թանկացումները միջին էժանության ծաղկեփնջերի դեպքում հասնում են մինչ 300 տոկոսի:

«Արմենպրես»-ը զրուցել է ծաղկի սրահներից մեկի հետ, որտեղ գործակալությանը հայտնել են, որ օգոստոսի 28-ից սկսած թանկացումները կապված են ծաղկի շուկայում գնի թանկացման հետ: Գերբերա տեսակի ծաղկի գինը եռակի թանկացել է շուկայում, այդ պատճառով ծաղկի սրահը կտրականապես հրաժարվել է այն գնել: Իսկ վարդերի գնի թանկացումներն այնքան էլ շատ չեն եղել՝ մոտ 50 դրամով:

«Բացի տեղական վարդերից, վարդի որոշ տեսակներ սկսում են թանկանալ սեպտեմբերից առաջ: Գնի գլոբալ փոփոխությունը սովորաբար պայմանավորված է լինում տոներով, սակայն կարող են լինել նաև գնային բնական փոփոխություններ՝ կապված որևէ ծաղկի առատ սեզոնի հետ»,-ասաց Պիպոյանն ու հավելեց, որ կա մշակված ագրոպարենային քաղաքականության կարիք:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում սեպտեմբերի 1-ին ընդառաջ ծաղկի որոշ տեսակների գները թանկացել են"

Leave a comment

Your email address will not be published.


*