Հնարավոր է՝ 1-3 շաբաթվա ընթացքում օրական թեստավորումների քանակը հասնի 4000-ի՝ պետական ու մասնավոր լաբորատորիաներում արված թեստերը միասին

Օրական թեստերի քանակը կավելանա, և կանխատեսում ենք՝ 1-3 շաբաթվա ընթացքում, հզորությունների մեծացմանը զուգընթաց, միայն մեր լաբորատորիաներում՝ պետական պատվերի շրջանակներում իրականացվող թեստավորումների քանակը կհասցնենք մոտավարապես 3000-ի, իսկ մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է՝ օրական ունենանք մոտ 4000 թեստավորում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ մահճակալային ֆոնդը մեծամասամբ զբաղված է, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք արագորեն զբաղեցվում են, սակայն մահճակալային ֆոնդի ծավալման աշխատանքները շարունակվում են:

Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, Թորոսյանը նշեց, թե աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն՝ դառնալու վերջնական պրոդուկտ: «Մրցավազքի նման բան կա, երբ բոլորը փորձում են դեռ չարտադրված և դեռ չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակներ գնել: Մենք որոշել ենք սկսել խոսակցություններ թե՛ ուղիղ արտադրողների, թե՛ հավաքական գնորդների հետ, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել մեծ խմբաքանակ և տարբեր երկրների հավասարաչափ բաշխել»,-ասաց նա:

Անդրադառնալով խոսակցություններին, թե հավանական պատվաստանյութերից «Մոդեռնան» վտանգներ է պարունակում, Թորոսյանը նշեց, որ դա միակ հավանական պատավաստանյութը չէ, իսկ ինչ վերաբերում է որոշ շրջանակների երկարատև կասկածներին, Թորոսյանն ասաց. «Նրանց անմեղսունակությունը ժամանակն է ապացուցել, և շարունակում են դրա վրա կառուցել իրենց մարտավարությունը՝ փորձելով մարդկանց հույզերի վրա խաղալով՝ հակապատվաստումային մեծ արշավ առաջացնել, ինչն անխուսափելիորեն ռիսկ է պարունակում մեր քաղաքացիների կյանքի և առողջության համար»:

Նա նշեց, թե եղել են օրեր, երբ թեստավորման փայտիկների դեֆիցիտ է եղել, քանի որ աշխարհում մեծ սպառում է եղել, և արտադրողները դրանք վաճառել են քվոտավորված քանակներով: «Այդ հարցը լուծել ենք՝ Չինաստանից 160 հազար փայտիկ գնելով»,-ասաց նա՝ նշելով, թե բուն թեստի պակասի խնդիր չի եղել:

Ինչ վերաբերում է արտակարգ դրության երկարացմանը, Թորոսյանն ասաց, թե ինքն անձամբ տեսնում է դրա անհրաժեշտությունը: «Սակայն մենք նաև մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքերին, նախարարն ասաց, թե Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր չեն արձանագրվել, սակայն կրկնակի վարակում հնարավո՞ր է, թե՞ ոչ, աշխարհին դեռ հստակ հայտնի չէ: «Եթե մարդը մեկ անգամ վարակվել և լավացել է, դեռ 100­տոկոսանոց երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չի վարակվի»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե թեև Թորոսյանը կոչ է անում սրճարաններ չայցելել, սակայն սոցցանցերում պարբերաբար տարածվում են իշխանական պատգամավորների՝ սրճարաններում արված լուսանկարներ, Թորոսյանն արձագանքեց. «Մենք կարող ենք վարվել այնպես, ինչպես ուզում ենք՝ սահմանված կանոնների շրջանակներում, բայց նաև պետք է գիտակցենք այդ վարքագծի ռիսկայնության աստիճանը»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հնարավոր է՝ 1-3 շաբաթվա ընթացքում օրական թեստավորումների քանակը հասնի 4000-ի՝ պետական ու մասնավոր լաբորատորիաներում արված թեստերը միասին"

Leave a comment

Your email address will not be published.


*