Մայրաքաղաքի տոնական լույսերը կմիացվեն այսօր՝ ժամը 19:00-ին

Մայրաքաղաքի Ամանորի տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքներն ավարտված են: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Զեկուցվել է նաև, որ բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի այսօր երեկոյան` ժամը 19:00-ին, Հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ:

Այսօր կմեկնարկի նաև Երևանում առաջին անգամ անցկացվող «Սառցե քաղաք» Ամանորի հեքիաթային ծրագիրն Ազատության հրապարակում:

Զեկուցվել է, որ արդեն իսկ հանրությանն է ներկայացվել «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը, տպագրվել է բրոշուր-ուղեցույց, որում ներառված են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը, օգտակար տեղեկատվություն զբոսաշրջիկների համար: «Նոր Տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի հանրության համար մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում:

Ծրագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի կլինի նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ www.yerevan.am:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մայրաքաղաքի տոնական լույսերը կմիացվեն այսօր՝ ժամը 19:00-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*