Կյանքը de factoՀասարակություն

Հերոսների աջակիցը

627views
Պատերազմյան, հետպատերազմյան, բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ապրող հայ ժողովուրդն այսօր դժվարին կացության մեջ է հայտնվել և հիմա , միասնականություն դրսևորելը, միմյանց ձեռք մեկնելը, օգնելն ու սատար կանգնելը՝ կյանքը բնականոն հունին վերադարձնելու գլխավոր նախապայմանն է։
Այս դժվարին ժամանակներում կարիքի ու դժվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնած մարդիկ, հիրավի, իրենք էլ հերոս են, իսկական հայրենասերներ, ում համար հայրենիքի ու հայի ապագան վեր է ամեն ինչից։
 Գրիշա Սերգեյի Տոնոյանն այն մարդն է, ով հերոսներին, նրանց ընտանիքի անդամներին աջակցելու, օգնելու համար ոչինչ չի խնայում,ով, գտնվելով հայրենիքից դուրս, ամեն ինչ անում է հայրենիքի համար, ամեն օր ապրում է նրա հոգսերով ու խնդիրներով՝ որդեգրելով մի սուրբ գաղափար, որ պետք է թիկունք լինել հայրենիքի զինվորին, մշտապես օգնել ու աջակցել կարիքի մեջ գտնվող մարդկանց։
Թե՛ քառօրյա, և թե՛ 44 օրյա պատերազմների ժամանակ Գրիշա Տոնոյանն անգնահատելի օգնություն է ցուցաբերել՝ մեծ քանակությամբ սնունդ, դեղորայք, զրահաբաճկոն, առաջնային անհրաժեշտության իրեր բերելով Հայաստան։ Նա, համագործակցելով մի շարք բժշկական կենտրոնների հետ, իր ուսերին է վերցրել հաշմանդամ դարձած մեր քաջերի պրոթեզավորման ու բուժման ծախսերը։ Տեղահանված ու բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին, մշտապես օգնություն տրամադրելով , փորձել է ինչ-որ կերպ թեթևացնել դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների հոգսերը։
Նրա շնորհիվ այսօր մեր հերոսներից շատերը քայլում են, լսում և ուսում ստանում։
Մեր հայրենասեր բարերարը, մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը՝ կարևորելով կրթված մարդու, մասնագետի տեղն ու դերը երկրի զարգացման, հզորացման գործում։ Կրթության հանդեպ եզակի վերաբերմունքն էլ, թերևս, պայմանավորված է այն հանգամաքով, որ մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ մեծ ուշադրություն են դարձրել կրթությանը, և ծանր պայմաններում անգամ ընտանիքի հայրը հոգացել է, որ իր բոլոր երեխաները կրթված լինեն՝ ամեն կերպ օգնելով ու աջակցելով նրանց։ Արդյունքում՝ Գրիշան գերազանցությամբ ավարտել է Երևանի Բժշկական ու Պոլիտեխնիկական համալսարանները։
Հայրենիքի, ծնողների, ծննդավայրի, ուսման ու մարդկանց հանդեպ այդ եզակի սերն էլ հենց պայմանավորում են մեր արժանի հայորդու մարդասիրական ու բարեգործական մղումները։ Նրա շնորհիվ ծանր իրադրության մեջ հայտնված ընտանիքի երեխաների ուսման վարձերի փոխհատուցում է կատարվում, կրթաթոշակներ սահմանվում։«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի հետ համատեղ բարեգործական նախաձեռնության շրջանակներում պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած, եռամսյա դասընթացներն անցած մեր հերոս տղաներին ամեն ամիս կրթաթոշակ է տրամադրվել, որն այս դժվարին պայմաններում մեծ օգնություն է, հույսի մի շող։
Գրիշա Տոնոյանի նման մարդկանց վաստակն  անգնահատելի է, քանզի մարդասիրական մոտեցումները միայն հայացքների ու գաղափարների ամբողջությունը չեն, դրանք գործողություններ են, արարքներ, արձագանք օգնության կանչին, իսկ օգնության ձեռքը՝ զորեղ է, ուժ է ու հավատ:

Leave a Response