Երևանի նոր տրանսպորտային ցանցով նախատեսվում է շուրջ 3 անգամ կրճատել երթուղիները՝ 115-ից դարձնելով 42, և տրանսպորտի միավորների քանակը՝ 939 նախկին 2039-ի փոխարեն

Նոր տրանսպորտային ցանցի ներկայացված նախագիծը բացառում է կրկնվող երթուղիները և շուրջ երեք անգամ կրճատում է հասարակական տրանսպորտի միավորների քանակը: Այս մասին այսօր Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 4-րդ նիստին ասաց փոխքաղաքապետ, նիստը նախագահող Վահե Նիկոյանը:

«Սա թույլ է տալու զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի ճանապարհափողոցային ցանցի ծանրաբեռնվածությունը, միևնույն ժամանակ ապահովելով մայրաքաղաքի տրանսպորտի ցանցի ամբողջական ծածկույթ: Հասարակական տրանսպորտը հավասարապես հասանելի է լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ապահովելով արագ, անվտանգ, հուսալի պայմաններ ուղևորների համար»,- ասաց փոխքաղաքապետը:

Նրա խոսքով՝ 2017 թ. Երևանի տրանսպորտի բարեփոխումների առումով հագեցած և արդյունավետ տարի էր: Տարվա ընթացքում բրիտանական խորհրդատու կազմակերպությունը հաշվետվություններ էր ներկայացրել, իսկ անցած տարեվերջին խորհրդատու կազմակերպությունը կողմից ներկայացվել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի նախագծի առաջարկն է:

Երթուղիների թիվը ևս կրճատվել է շուրջ երեք անգամ՝ 115-ից դառնալով 42: Լինելու է 11 հիմնական, 30 սնուցող և 1 օդանավակայան տանող արագընթաց երթուղի:

Ներկայիս 115-ից երթուղիները սպասարկվում են 2039 տրանսպորտային միավորներով, որի փոխարեն նոր ցանցում շահագործվելու է 939 տրանսպորտային միավոր:

Ընդ որում, ներկայիս 2039 տրանսպորտային միավորների մեջ մտնում են և՛ ավտոբուսները, և՛ միկրոավտոբուսները, իսկ նոր երթուղային ցանցը ենթադրում է միջին և մեծ տարողության ավտոբուսներ:

Նոր ցանցը նախատեսվում է, որ պետք է շահագործվի առավոտյան 6:45-ից մինչև կեսգիշեր՝ 24:00:

«Այսօրվա նիստի օրակարգում այդ նախագծի ներկայացումն է, քննարկումերի արդյունքում այն կբերվի վերջնական արդյունքի, որից հետո կանցնենք հանրային քննարկման փուլ: Ապա կկարողանանք մտնել ցանցի հաստատման, ծառայությունների չափորոշիչների և սկզբունքների սահմանման, կառավարման և գնման հայեցակարգերի մշակման փուլ»,- հայտնեց Վահե Նիկոյանը:

Ըստ նրա՝ նոր առաջարկի հիմնական սկզբունքների մեջ հաշվի են առնվել քաղաքապետարանի կողմից խորհրդատուին ներկայացված մի քանի կարևոր պահանջներ և սկզբունքներ: Առաջինը՝ տնտեսական արդյունավետ մոդելի ներդնումն է. «Դրա համաձայն բարեփոխման հիմքը պետք է լինի ամբողջությամբ նոր երթուղային ցանցը՝ կենտրոնացված կառավարման և ֆինանսական հոսքերի հստակ և թափանցիկ մոդելով: Այն որևէ կերպ չի հենվելու ներկայումս գործող մոդելի և ցանցի վրա»,- նկատեց նա:

Մյուս կարևոր սկզբունքը, Նիկոյանի խոսքով՝ միկրոավտոբուսների շահագործումը բացառելն է, որը ամրագրվել է հասարակական պահանջը հաշվի առնելով:

«Հաշվի է առնվել նաև կանգառների թողունակությունը և ավտոբուսների համար առանձին երթևեկելի շարքեր որոշ հատվածներում ունենալու հնարավորությունը: Նոր ցանցն ամբողջապես նախագծված է ուղևորի հարմարավետության համար: Հաշվի է առնվում հիմնականում հետևյալ չափանիշները՝ սպասարկման արագությունը, շատ կարևոր է հաճախակի ժամանումները, և ամենակարևորը՝ սակագնի մատչելիությունը»,- նշեց Վահե Նիկոյանը:





Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանի նոր տրանսպորտային ցանցով նախատեսվում է շուրջ 3 անգամ կրճատել երթուղիները՝ 115-ից դարձնելով 42, և տրանսպորտի միավորների քանակը՝ 939 նախկին 2039-ի փոխարեն"

Leave a comment

Your email address will not be published.


*