Այսօր Ուսանողների միջազգային օրն է

Նոյեմբերի 17-ին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Ուսանողների միջազգային օրը (International Students’ Day), որը սահմանվել է 1946թ.՝ Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ:
Իհարկե, տոնը մտազուգորդվում է երիտասարդության, ռոմանտիզմի և ուրախության հետ, սակայն դրա արմատները գալիս են Երկրորդ աշխարհամարտի տարիներից ու կապված են ողբերգական իրադարձությունների հետ:

Ինչպես նշում է calend.ru-ն, 1939թ. հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից շրջափակված Չեխոսլովակիայում չեխ ուսանողներն ու նրանց դասախոսները փողոցային երթ են կազմակերպել Չեխոսլովակիա պետության ստեղծման տարեդարձը նշելու համար: Սակայն ֆաշիստական ստորաբաժանումները ցրել են ակցիայի մասնակիցներին՝ գնդակահարելով նրանցից մեկին՝ բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալին:
Նրա հուղարկավորության արարողությունը (1939թ. նոյեմբերի 15) վերածվել է բողոքի ակցիայի, ինչից հետո տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել:
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջափակել են ուսանողական  հանրակացարանները. 1.200-ից ավելի ուսանող ձերբակալվել և ուղարկվել է համակենտրոնացման ճամբարներ: Ուսանողներից և ակտիվիստներից 9-ին մահապատժի են ենթարկել՝ առանց համապատասխան դատավճռի:
Հիտլերի հրամանով՝ չեխական բոլոր կրթական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի ավարտը:
Աղբյուրը նկատում է, որ հենց այս ողբերգական դեպքերի հիշատակին Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ որոշում է կայացվել Ուսանողների միջազգային օր սահմանել:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այսօր Ուսանողների միջազգային օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*