Ճակատագիրը գրվեց ճակատագրական օրերին…

Գործեր կան, որ ընթերցվում-գնում են՝ այդպես էլ հետհամ չթողնելով ընթերցողի մոտ, մտորելու, ծանրութեթև անելու տեղիք չտալով: Ստեղծագործություններ էլ կան, սակայն, որ դիպչում են հոգուդ, ստիպում հետադարձ հայացք նետել անցյալիդ վրա՝ վերարժևորելով արդեն տարիների խորքից քեզ նայող իրողությունները, առավել սթափ վերաբերմունք ձևավորելով այն ամենի հանդեպ, ինչ պատահել է քեզ ու քո սերնդակիցներին: Վ. Մադոյանի «Մեր սերնդի ճակատագիրը» վեպ-ժամանակգրությունը պատկանում է հենց այն տեսակին, որ հուշերի հեռավոր հորձանուտից վեր է հանում, ամբողջացնում անցած-գնացածը՝ ևս մեկ անգամ վերապրելու, մամլիչի միջով անցկացնելու և սեփական տևմանը հավատալու նոր մղումով: Այն ինքնատիպ ամփոփումն է բոլորիս ծանոթ մի ժամանակահատվածի, որն անմիջապես հաջորդեց Հայաստանի անկախացմանը՝ իր ծանր, անցումային վայրիվերումներով, և որը չէր կարող չազդել հասարակության մի ստվար հատվածի ճակատագրերի ձևավորման վրա՝ խոր, անջնջելի հետք թողնելով նրանց թե՛ վարքագծի և թե՛ հոգեբանության վրա: Ապրումների ու չիրականացված հույսերի մի շարահար շղթա, որ ի զորու է շեղել բախտի անիվը, ստիպել քայլել այլ հարթությունում և այլ հաճախականության մեջ գոյատևել: Վեպում նկարագրված ժամանակը ոչ վաղ անցյալն է, իսկ ավելի ճիշտ՝ այն նախորդ դարի վաղ 90-ականնների քրոնիկոնն է, երբ նորանկախ Հայաստանը փորձում է նախանշել իր տեսլականը, և որում ոգևորությանը հաջորդած հիասթափությունն այլևս չափ ու սահման չի ճանաչում: Անցումային տարիներ, երբ հիմք դրվեց համատարած հայաթափությանը, երբ հայը, չդիմանալով ցրտին, մթին, սովին և արժանապատվության ոտնահարումին բռնեց օտարության անդառնալի ուղին՝ կենցաղային պահանջները բավարարելու և զավակների համար փոքրիշատե բարեկեցիկ կյանք ապահովելու չնչին հույսով: «Հայաստանում մնում էին միայն գլխից ձեռք քաշածները»,- փաստում է հեղինակը: Հինը մերժված է, անդարձ կորած, իսկ նորը աղոտ է և մեղմ ասած՝ չհուսադրող: Թվում է՝ աշխարհը դուրս է եկել իր բնականոն ուղուց, շեղվել ընթացքից և շուռ եկել գլխիվայր՝ հատակի մարդկանց՝ իրենցից ոչինչ չներկայացնողներին, «թագադրելով» և հասարակ ժողովրդի գլխին տեր ու տիրական կարգելով: Համատարած խառնաշփոթում, պատերազմի թոհուբոհում նրանք շատ լավ են կերպարանափոխվել, հարմարվել, նոր աստառ կարել իրենց համար և տաքուկ տեղավորվել մեր ցուրտ ու մութ հայրենիքի անկյուններում՝ իրենց անգույն կյանքը լուսավորելով ուրիշներից գողացված լույսով, և հացի հերթերում կյանք մաշողների ու սահմանին զոհվածների արյան գնով հասել հաջողությունների: Նույնիսկ եղանակն է դուրս եկել սովոր հունից՝ ցուրտ ձմեռ սփռելով նաև մարդկային հոգիներում. «Այդ տարի ձյունը եկավ ուղիղ նոյեմբերի մեկին և այլևս չհալվեց՝ խախտելով հայկական լեռնաշխարհի դարավոր ավանդույթները»,- նկատում է հեղինակը: Վեպի պարագծում ընդգրված բոլոր դեպքերն ու իրադարձությունները ոչ վաղ անցյալի բեկումնային պահերն են հատկանշում՝ գեղարվեստորեն վերարտադրելով անլույս իրականությունը: Այստեղ առանձնակի կարևորությամբ ներկայացված են ժամանակի քաղաքական անցուդարձը, ներքաղաքական խառնաշփոթն ու տիրող կուսակցությունների անհեռատես քայլերը, և որպես թվարկավածի տրամաբանական արդյունք՝ ժողովրդի ծանր ու անմխիթար վիճակը: Հեղինակի սրատես աչքից չի վրիպում որևէ մանրուք. կենցաղային աշխույժ դրվագներով, զանգվածային խոսակցություններով նրան հաջողվում է տալ ժամանակի ճիշտ բնորոշումը, քննադատորեն բացահայտել հասարակական կյանքի բոլոր ենթաշերտերը և ներկայացնել մտավորականի ներշխարհի խառնաշփոթն այդ աններդաշնակ իրականությունում: Պատկերավոր է և ընդգրկուն մադոյանական հետևյալ ձևակերպումը. «Հայաստանը սև գլխաշոր կապեց և սովից, ցավից ու ցրտից տնքաց…»: Վեպն ընթերցելիս ակամա բոլոր ջղերով վերապրում ես Հայաստանի պատմության այդ շրջափուլը, որը հատկորոշվում է պատերազմի դաշտից ստացված սարսռազդու, մահասփյուռ լուրերով և անլույս, անհույս, անժպիտ մարդկանց ճակատագրերով: Միաժամանակ զարմանալիորեն անկեղծ ու համարձակ է հեղինակը. Նա բոլոր դեպքերն ու դեմքերը կոչում է իրենց անուններով: Ընթերցողն այլևս կարիք չունի զանազան ընդհանրացումների և նույնականացման, քանի որ վեպի հերոսները իրական պատմական դեմքեր են՝ ներկայացած առանց ավելորդ ակնարկի: Այլևս հարկ չկա կերպարները տիպականացնելու և կռահելու, թե ում մասին է խոսքը և ուր է ուղղված հեղինակի քննադատության սլաքը: Վանո Սիրադեղյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու այլք չեն խուսափում սուր քննադատություններից՝ քաղաքական կարճատեսության համար արժանանալով կշտամբանքի. «Քանաքեռի ՊԱՏ-ի պետ թագադրվել էր թիզուկես բոյ ունեցող մի երիասարդ, որ առաջինն էր գոռացել. «Կեցցե՜ ազատ Հայաստանը»: Անճանաչելի արժեհամակարգ, և դրանից բխող տրամաբանությունից զուրկ իրականություն… Թեև մռայլ ու դժգույն է մթնոլորտը, այդուհանդերձ հեղինակին հաջողվել է շեղել ընթերցողին աշխույժ ու կենդանի կերպարներով՝ տիպական խոսքի միջոցով կյանք ներարկելով դիպաշարին, ընդգծել հայի չհանձնվող տեսակն ու հումորով դժվարություններին դիմակայելու առանձնահատկությունը: Ժողովրդախոսակցական բառուբանով, կենդանի խոսքով համեմված վեպը մեծ հափշտակությամբ է կարդացվում, իսկ ընտանեկան կյանքի, աշխատանքային, բարեկամական հանդիպումների զանազան դրվագները ներկայացված են նուրբ հումորով և վարպետորեն են լրացնում իրադարձությունների շղթան, շեղում մռայլ ընդհանրացումերից ու տխուր խոհերից: Մադոյանին հաջողվել է ևս մեկ անգամ ընդգծել հանրահայտ ճշմարտությունը, թե ծիծաղն ու լացը, բարին ու չարը, ուրախությունն ու տխուրությունը, լույսն ու ստվերը՝ առաջին հայացքից անհամադրելի այս կատեգորիաներն, իրականում կյանքի անբաժանելի շարունակականությունն են և ապրում են կողք կողքի: Սակայն մադոյանական հումորը վերաճում է իսկական ծաղրի, երբ հերթը հասնում է քաղաքական գործիչների, տիրող ուժերի քննադատությանը: Ահա հեղինակի դիպուկ ընդհանրացումներից մեկը. «…փողոցում շուն էլ չէր մնացել. բոլորը բարձր պաշտոնների էին»: «Մեր սերնդի ճակատագիրը» վեպի հենքանկարին հանդիպադրվում են մեծ դիտողականություն ունեցող հեղինակի ստեղծած հավաքական կերպաները՝ հոգեբուժարանի բժիշկ Կայծակ Հովհաննիսյանը, նրա կինը՝ Համեստը, որն իրականում կռվարար ու դժգոհ կին է, հոգեբուժարանի նոր տնօրենը՝ կասկածելի անցյալով Մարոն, հոգեբուժարանի հիվանդները, հարևաններն ու բարեկանմները: Բոլորն էլ ժամանակի դրոշմն իրենց հոգիներում կրող և այս կամ այն կերպով իրավիճակին հարմարվել փորձող մարդիկ, իսկ չհարմարվելու դեպքում՝ պարզապես շեղվածներ՝ հոգեբուժարանի հիվանդներ: Եվ բոլորովին պատահական չէ, որ վեպի գործողությունների զգալի մասը, անգամ հնչող կարևոր մտքերը, դեպքերի փոքր-ինչ շեղված, բայց ճշմարտանման մեկնաբանությունները, որոշ կարևոր իրադարձություններ տեղի են ունենում հենց հոգեբուժարանում: Թվում է՝ ստեղծված իրավիճակում հաղինակն ավելի հարմար հարթակ չի գտել ասելիքն ամբողջացնելու համար: Չէ՞ որ աշխարհը շուռ է եկել գլխի վրա, և հոգեբուժարանի հիվանդներն էլ ոչ այնքան խենթեր են, որքան մարդիկ, ովքեր պարզապես անզոր են գտնվել տիրող իրավիճակում, կորցրել են երևույթների նկատմամբ ունեցած սթափ վերաբերմունքն ու շարքից դուրս գալով հայտնվել հոգեբուժարանում: Անկախ հանգամանքներից՝ նրանք վայելում են ընթերցողի համակրանքը, իրենց մտածողության շեղված հունով հանդերձ համարձակ մտքեր հնչեցնում, որոնք միայն խենթերին են ներվում: Իր գլխավոր հերոսին՝ Կայծակին, հեղինակն անցկացնում է ժամանակաշրջանին հատուկ բոլոր կիզակետերով, շրջապատի և նրան պատահած դեպքերի միջոցով քայլ առ քայլ, դրվագ առ դրագ բացահայտում ոչ վաղ անցյալի «կնճռոտ» կողմերը՝ այսպիսով ընթերցողի առջև բացելով ժամանակի լայն ու գունեղ համայնապատկերը: Անկախացումից հետո տեղի ունեցած փոփոխությունները տարերային բնույթ ունեցան. մի կողմից հիմնահատակ փոխված հասարակարգ ու արժեքներ, ներքին բախումներ, մյուս կողմից, ինչպես միշտ, արտաքին վտանգը՝ Արցախյան գոյամարտը: Մարդիկ կորցրել են երևույթների տրամաբանական ընթացքի թելը, վերարժևորել իրենց անցյալն ու ներկան՝ որևէ պատկերացում չունենալով աղոտ ապագայի մասին: Եթե Մարոն բժիշկ Կայծակի համար ոչ մի արժեք չունեցող, մարդկային նկարագրից զուրկ մի անբարո կերպար է, ապա իշխող ուժերի, ղեկավար մարմինների համար՝ «կուսակցական մարմնավորման խմբապետ»: Նա հայտնվել է ճիշտ պահին ճիշտ վայրում և իսկական պատուհաս դարձել մյուսների համար: Ահա նման անտրամաբանական դեպքերի բերումով է, որ վեպի մտավորական հերոսը՝ բժիշկ Կայծակը, կնոջ հետ ամենօրյա բախումներից խուսափելու և ընտանիքի կարիքները հոգալու նպատակով դառնում է եկեղեցիներից մեկի արտաքնոց մաքրող, անցնում անպատվաբեր գործի: Նա զարմանքով է գիտակցում, որ «անգրագետ մարդկանց համար նախատեսված այս աշխատանքն արժեր ավելին, քան իր բժշկությունը: Սարսափելի էր…Միակ ճանապարհը Ամերիկա փախչելն է…Ասենք այնտեղ ու՞մ ես պետք»: Այս ամենն «աբսուրդի թատրոն» կոչելը քիչ կլիներ, քանի որ հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում էլ նույն անտրամաբանական ու անտեր դրությունն է. դատարան թե խորհրդարան, կենցաղ թե աշխատանք, ամենուր նույն անպատասխանատու վիճակն է: Այս ամենից բացի՝ օդում հասունացել է պատերազմի տագնապը, որ դամոկլյան սրի պես կախվել է հասարակ մարդկանց գլխավերևում, սպառնում է հայրենիքին մահաբեր շնչով և համալրում առանց այդ էլ մռայլ պատկերը: Պատերազմի մասին տարբեր վայրերում հնչող կենցաղային և գործնական զրույցներից հեղինակն ընթերցողին տեղափոխում է ուղիղ պատերազմի դաշտ և իր գլխավոր հերոսին այդ ամենի ականատեսը դարձնելով՝ փոխանցում սահմանին տիրող տրամադրությունը, արձանագրում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները: Առօրյա կյանքի հեղձուցիչ հորձանուտում ոչ մի լուսավոր կետ չգտնլելով, թվում է, Կայծակն այլ ելք չի տեսնում, քան մարտի դաշտ մեկնելը և իր մասնագիտական հմտություններն այնտեղ ի նպաստ հայրենիքի գործադրելը: Սա յուրօրինակ փախուստ է սրտմաշուկ ընտանեկան վեճերից, գաղջ միջավայրից և միակ տրամաբանական ելքն է ստեղծված իրավիճակում: Լավատեսական է ,սակայն, Մադոյանի արձակը: Անցումային այս փուլի մռայլ, իրատեսական պատկերները բոլոր խնդիրներով ու ցավերով հանդերձ անկարող են ընկճել ապագայի հանդեպ հեղինակի ունեցած հավատն ու կյանքի շարունակական լինելու գաղափարը: Շատ փորձություններ է տեսել հայը, հազար ու մի ցավի միջով է անցել, ոգևորվել ու հիասթափվել, բայց գոյատևել է, չէ՞, հաղթահարել դրանք, ուրեմն՝ սա էլ է հաղթահարելի, այս բեկումնային ժամանակաշրջանը չի հավերժելու, մութն ու ցուրտն անպայման տեղի են տալու, պարզապես շունչը պահել և դիմանալ է պետք: Մարմրացող կանթեղի լույս են հիշեցնում վեպի վերջում ամփոփված գլխավոր հերոսի խոհերը. «Հեռվում՝ մթնող պատուհանի ապակիներից շատ հեռու, երկնքի արևելյան ծայրին, մեծ ու փոքր աստղերի ծովում, արագ ու սուր վառվեց մի կապույտ աստղիկ, որը, հաղթահարելով եթերը, սկսեց եռանդուն մոտենալ Երկրին՝ Հայաստանին, փայլել ու լույս տալ: Արագ ու պայծառ վառվեց: Անսպասելի: Ի՞նչ իմանաս՝ ինչ աստղ է. աշխարհի հոգին խորն է. ծովեր է պարտակել: Կայծակն ուշադիր նայեց երկնքին. -Աշխարհի վաղվա օրը գաղտնիք է, մեր ճակատագիրը նույնպես….»:

Տ․Աշչյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ճակատագիրը գրվեց ճակատագրական օրերին…"

Leave a comment

Your email address will not be published.


*