ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ-ը միակն է ՀՀ-ում, որ զբաղվում է լեռնային ապարների և բազմամետաղային հանածոների համալիր վերամշակմամբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի հոկտեմբերի 17-ին մեկնարկեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որի շրջանակներում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների նվաճումները, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքները և ՀՀ ԳԱԱ-ի ինովացիոն պոտենցիալը արտացոլող գիտատեխնիկական նախանմուշները:
Մեր խոստմանը հավատարիմ՝ այն է՝ վերոնշյալի շրջանակներում ներկայացված աշխատանքներին առանձին-առանձին անդրադառնալը՝ ստորև ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվ. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի ներկայումս իրականացվող կարևորագույն ուղղությունների, գիտաարտադրական մասի և ցուցահանդեսին ներակայացված աշխատանքների, գիտական նմուշների ու արդյունքների մասին:
Մինչ բուն թեմային անդրադառնալը՝ հիշեցնենք, որ ինստիտուտը հիմնադրվել է 1957թ. ակադեմիկոս` Մ.Գ. Մանվելյանի կողմից: Այն միակն է Հայաստանում, որը զբաղվում է լեռնային ապարների և բազմամետաղային հանածոների համալիր վերամշակմամբ: Ինստիտուտի գիտնականները մեծ ներդրում ունեն հանրապետության քիմիական արդյունաբերության ստեղծման և զարգացման գործում: Հարկ է նշել, որ Հայաստանում անօրգանական քիմիան և անօրգանական նյութերի տեխնոլոգիան իրենց զարգացման բարձր մակարդակին են հասել հենց ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում (տնօրեն` տ.գ.դ Ն. Կնյազյան ):
ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ-ի գիտական հիմնական ուղղություններն են` բազմամետաղային հանածոների դժվարահալ և ոչ մետաղական հանքանյութերի, արտադրական թափոնների համալիր վերամշակումը, բազմաբյուրեղային, կերամիկական, գերկարծր, ապակեկերպ և ապակեբյուրեղային, կենսաբանորեն ակտիվ կոմպլեքսային միացությունների, հատուկ մաքրության, նանոչափ և նանոկոմպոզիտային, ֆիլտրող, ադսորբող և իոնափոխանակիչ հատկություններով նյութերի սինթեզն ու տեխնոլոգիայի մշակումը:
Ցուցահանդեսի շրջանակներում, ԸԱՔԻ-ին հատկացված մասում տեղադրված ցուցատախտակի վրա, վերոնշյալ ուղղություններով ներկայացված էր ինստիտուտի և դրա գիտաարտադրական մասի, ինչպես նաև՝ ներկայացված ապրանքատեսակների և նմուշների մասին համառոտ տեղեկատվություն: Ստորև ներկայացնում ենք ցուցադրված նմուշները.
Սիլիցիումաշատ ապարների (պեռլիտ, նեֆելինային սիենիտ, տուֆ, պղինձ-մոլիբդենային արտադրության թափոններ) հիմնաթթվային եղանակով համալիր վերամշակմամբ ստացված SiO2-ի և Al2O3-ի նմուշներ ( կորզման աստիճանը 95%): Մշակված տեխնոլոգիան տնտեսապես շահավետ է, էկոլոգիապես մաքուր ու անթափոն, իսկ ստացված օքսիդները կիրառելի են ալյումաօքսիդային կերամիկայի և օպտիկական ապակիների սինթեզի համար:

 

 

 

 

 

 

 

 

 

• Սերպենտինացված ուլտրահիմնային ապարների քիմիական համալիր մշակման տեխնոլոգիա՝ բիշոֆիտ, սիլիկագելի, սիլիկահողի ստացում. սրանք ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում մոնտաժված փորձաարտադրական սարքավորումների շղթայով ստացված նմուշներ են և կարող են կիրառվել մետաղական մագնեզիումի, սիլիկատների, լյումինաֆորների և տեխնիկական կերամիկայի համար:
• Ջերմակարգավորիչ ծածկույթների ստացման նոր տեխնոլոգիա՝ տիեզերական ապարատների համար:
Մշակվել է հիդրոթերմալ-միկրոալիքային տեխնոլոգիայով՝ ջերմակարգավորիչ ծածկույթներ ստանալու համար՝ տեղական սիլիկահող պարունակող լեռնային ապարներից, որը հնարավորություն է տալիս ստանալ բարելավված հատկություններով ճառագայթակայուն պիգմենտներ: Պետք է նշել, որ որպես հումք օգտագործվել են Հայաստանի լեռնային ապարները՝ պեռլիտ, դիատոմիտ, քվարցիտ, իսկ ստացված նմուշները փորձարկվել են Ալիխանյանի անվան Ազգային լաբորատորիայում՝ տիեզերական միջավայրը մոդելավորող պայմաններում խոշոր լաբորատոր սարքավորումների վրա:
• Կավիտացիոն սինթեզի միջոցով գրաֆիտից ստացված նանոչափի ալմաստներ և դրանց հիմքով ստացված բազմաբյուրեղ, ռադիացիոն կայուն, բարձրջերմաստիճանային ալմաստե տվիչներ՝ ատոմակայանների համար:
Նմուշներ՝ ալմաստի փոշի, բազմաբյուրեղ ալմաստ, ռադիացիոն կայուն տվիչ:

• Ապակեկերպ ջերմակայուն ապակեբյուրեղային նյութեր՝ նախատեսված էլեկտրոնային տեխնիկայի համար, սինթեզված, ուղղորդված բյուրեղացման տեխնոլոգիայով և զոլ — գել եղանակով ստացված ջերմակայուն ու բարձր էլեկտրամեկուսիչ հատկություններով կերամիկա: Այս նյութերը կարող են լայնորեն կիրառվել ռադիոէլեկտրոնիկայում:

Ինստիտուտի հետագա գործունեության և արդյունքների մասին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ-ը միակն է ՀՀ-ում, որ զբաղվում է լեռնային ապարների և բազմամետաղային հանածոների համալիր վերամշակմամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*